Հայ-ադրբեջանական հարաբերությունների Ադրբեջանի նոր օրակարգը

2021թ. բավական նոր էլէմենտներ բերեց հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում։ Ինչպես և կարելի էր ակնկալել, ոգևորվելով 2020թ. 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից, թուրք-ադրբեջանական դաշինքը փորձեց օգտվել հարմար պահից և հնարավորինս ամրապնդել իր դիրքերը թե՛ դիվանագիտական և թե՛ ռազմաքաղաքական ոլորտներում։ Աչք փակելով Նոյեմբերի 9-ի, ինչպես նաև Հունվարի 11-ի հայտնի եռակողմ հայտարարություններում ամրագրված իր պարտավորությունների վրա՝ ադրբեջանական կողմը ձեռնամուխ եղավ վերոնշյալ խնդիրների լուծման իր համար խիստ անհրաժեշտ գործին։ Պաշտոնական Բաքուն ժամանակ չէր կորցնում։ Նախ, զորքեր մտցնելով Նոյեմբերի 9-ի պայմանավորվածությամբ իրեն հանձնված Արցախի Հանրապետության շրջանները, ադրբեջանական կողմը որոշեց էլ ավելի հեռուն գնալ և մարտական հենակետեր տեղադրել նաև ՀՀ այն հատվածներում, որոնք հետագայում հնարավորություն կտային Ադրբեջանին փաստացի վերահսկողություն սահմանել ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի ռազմավարական նշանակություն ունեցող հատվածների վրա։

Թշնամու գործողությունների տրամաբանությունը շատ պարզ էր։ Նախ այդկերպ նրանք փորձում էին ապահովագրվել ապագայում հայկական կողմի հնարավոր ռևանշիստական տրամադրություններից բխող սպառնալիքներից՝ տոտալ վերահսկողություն սահմանելով ոչ միայն սահմանամերձ բարձունքների, այլև մեր զորքերի տեղաշարժման բոլոր պոտենցիալ ճանապարհների և ուղիների վրա։ Այս խնդիրն Ադրբեջանի համար մեծ կարևորություն ունի հատկապես այն պատճառով, որ 44-օրյա պատերազմի արդյունքով Արցախի՝ իրենց վերահսկողության տակ անցած Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների հետ կապը խիստ թույլ և խոցելի է։ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը գիտակցում է, որ հնարավոր նոր պատերազմի պարագայում երկու այդ շրջանները պաշտպանելու տեսանկյունից իրենք կարող են լուրջ խնդիրներ ունենալ, հետևաբար ամեն ինչ անում է, որպեսզի օգտվի ստեղծված իրավիճակից և առավելագույնս ամրապնդի այդ տարածքները հայկական հնարավոր վտանգի առջև։

Բայց սա Ադրբեջանի ծրագրիր մինիմումն է։ Թշնամու՝ առավել հեռու գնացող նպատակը նվաճողական բնույթ ունի։ Բաքվում հաշվարկել են, որ այս շրջանի իրենց ագրեսիվ քաղաքականությունը կարող է իսպառ ոչնչացնել Հայաստանի՝ իրավիճակը շտկելու վերջին բոլոր հնարավորությունները։ Խոսքը, իհարկե, ՀՀ Սյունիքի մարզն այնպիսի իրավիճակում դնելն է, որից հետո Հայաստանի հարավային շրջաններին սպառնացող թուրք-ադրբեջանական վտանգը կգերազանցի Քարվաճառի և Քաշաթաղի հետ կապված Ադրբեջանի բոլոր մտահոգությունները։

Բացի այդ, ամրապնդվելով ՀՀ արևելյան սահմաններին, թուրք-ադրբեջանական դաշինքը փորձում է վերջապես հասնել երկար տարիներ իրենց հետապնդած նպատակին՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ցամաքային կապ ստեղծելուն։ Եվ սա երկրորդ, բայց ամենակարևոր էլեմենտն է, որ ի հայտ է եկել հետպատերազմյան շրջանում։ Տեսնելով, որ ՀՀ իշխանություններն ընդունակ չեն պաշտպանել երկրի արևելյան սահմանները և որ նրանք թույլ են տվել ադրբեջանական զինված ուժերին փակել անգամ Հայաստանը Իրանին միացնող միջպետական ճանապարհը, Ալիևի վարչակազմը որոշում է նաև հաջորդ քայլն անել և զորք մտցնել Հայաստանի միջազգային ճանաչված տարածքներ։ Ավելին, թուրք-ադրբեջանական դաշինքը նույնիսկ ՀՀ Սյունիքի մարզն ամբողջությամբ նվաճելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, որի հետևանքով տարածաշրջանում շահ հետապնդող երկրները՝ հատկապես Իրանի Իսլամական Հանրապետությունը, սկսում են լայնամասշտաբ պատերազմի պատրաստվել ՀՀ տարածքում։ Իրավիճակը լարվածության գագաթնակետին է հասնում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Իրանը խոշոր զորավարժություններ է սկսում Հայաստանի և Ադրբեջանի սահմանում, Թեհրան է հրավիրում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ակտիվ բանակցություններ սկսում Մոսկվայի ու Անկարայի հետ։ Պաշտոնական Թեհրանը բոլոր հանդիպումներում հստակ հայտարարում է, որ չի հանդուրժի տարածաշրջանի պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն և իր այդ ակտիվ գործունեությամբ, կարծես, ստիպում Թուրքիային և Ադրբեջանին ետ կանգնել Սյունիքը նվաճելու արկածախնդրությունից։

Երրորդ կարևոր էլեմենտը, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջացել է անցնող տարում, բխում է վերոնշյալ զարգացումների հանգուցալուծումից։ Հասկանալով, որ Հայաստանի հարավային շրջանների նվաճումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում անլուծելի խնդիր է՝ թուրք-ադրբեջանական դաշինքն առաջ է բերել ՀՀ տարածքով անցնող այսպես կոչված միջանցքի խնդիրը։ Ընդ որում, խոսք է գնում հենց թյուրքական պետությունների վերահսկողության տակ գտնվող, այսպես կոչված սուվերեն ճանապարհի մասին, որն ադրբեջանական քարոզչությունն արդեն կոչել է «Զանգեզուրի միջանցք»։ Ընդ որում, պետք է գիտակցել, որ Նախիջևանի և Թուրքիայի հետ կապի ինչ հնարավորություն էլ Ադրբեջանը ստանա, միևնույն է Ալիևն ու Էրդողանը դա կոչելու են «Զանգեզուրի միջանցք»։ Նրանց խնդիրը շատ պարզ է՝ իրենց գիտակցում են, որ ՀՀ Սյունիքի մարզով անցնող ցանկացած ճանապարհ, որր կարող են օգտագործել թյուրքական երկու պետությունների կապն ապահովելու համար, հետագայում Թուրքիային և Ադրբեջանին հնարավորություն են տալու մշտական ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Ադրբեջանն այդ ճանապարհը ապագայում կկոչի «կյանքի ճանապարհ» կամ նման մի բան և ինքն իրեն իրավունք կվերապահի անհրաժեշտության դեպքում պաշտպանել այդ «կյանքի ճանապարհը»։ Կարևոր մյուս հանգամանքն այն է, որ այդպես կոչված միջանցքը թուրք-ադրբեջանական դաշինքի համար առավելապես ոչ թե տնտեսական, այլ հենց ազգային նշանակություն ունի։ Հակառակ պարագայում Բաքվի և Անկարայի համար ավելի շահեկան կլիներ օգտվել ՀՀ հյուսիս-արևելյան շրջաններում դեռևս խորհրդային տարիներից առկա երկաթուղուց և ավտոմոբլիային ճանապարհներից։ Բայց նրանք նախընտրում եմ հենց Սյունիքը, որովհետև բացի ՀՀ հարավը հետագայում թյուրքականացնելու նպատակից, նրանք լուծում են ևս մեկ խնդիր՝ Քաշաթաղի և Քարվաճառի յուրացումը։ Թշնամին լավ է հասկանում, որ ՀՀ Սյունիքի մարզից Քաշաթաղի շրջան մտնող ճանապարհը կնպաստի նաև Քաշաթաղի տնտեսական զարգացմանը։

Չորրորդը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առիթը բաց չի թողնում պնդելու, թե ղարաբաղյան հակամարտություն այլևս գոյություն չունի և որ իրենք այդ խնդիրն արդեն լուծել են։ Տարբեր երկրներ շարունակ շնորհավորում են Ադրբեջանին «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու առիթով, խոսում այն մասին, որ վերջապես տարածաշրջանը կթևակոխի խաղաղության դարաշրջան (ի դեպ, այս թեզի դրոշակակիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է) և այլն, և այլն։ Եվ այս ամենը ՀՀ իշխանությունների գրեթե բացարձակ լռության ներքո։ Նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ առավելապես ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հայտարարություններն այն մասին, որ Արցախի հակամարտությունը չի կարելի լուծված համարվել, որ հայկական երկրորդ պետության կարգավիճակը դեռևս որոշված չէ և որ անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները, ամբողջ տարվա ընթացքում պաշտոնական Երևանի կողմից գրեթե անարձագանք մնացին։ ՀՀ իշխանությունները դադարել են այցելել Արցախ և ընդհանրապես ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման խնդիրը դուրս է եկել տարածաշրջանի քաղաքական օրակարգից։ Նույնիսկ Սոչիի հիշատակված եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ Արցախի մասին ոչ մի բառ չի նշվում։

Փոխարենը Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը և տարածաշրջանում շահ հետապնդող այլ պետությունները ակտիվ քննարկում են Սյունիքի մարզում Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները և դրանց արդյունքում ստեղծված լարվածության հնարավոր հանգուցալուծումը։ Այսինքն, Արցախի խնդիրը փոխարինվել է Սյունիքի խնդրով և դա դարձել է մեր տարածաշրջանի հիմնական աշխարհաքաղաքական խնդիրը։

Իրականությունն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները, մշտական լարվածություն ապահովելով Սյունիքում, փորձում են ստիպել պաշտոնական Երևանին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այլևս չվիճարկել Արցախի պատկանելիության հարցը։ Ահա այս խնդիրը լուծելու ճանապարհին թուրք-ադրբեջանական դաշինքը հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջ է բերել ևս մեկ էլեմենտ՝ հինգերորդը, որն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման և սահմանազատման անհրաժեշտությունը։ Ըստ ամենայնի, ս.թ. նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում այս խնդիրն արդեն ստացել է իր լուծումը։ Համենայն դեպս, ՌԴ նախագահն իր ամփոփիչ խոսքում հայտարարել է, որ երեք երկրների փոխվարչապետերը մինչ այս տարվա վերջ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ իրականացնելու մեխանիզմներ կմշակեն։ Վ. Պուտինը նաև հայտարարել է, որ այդ գործի համար որևէ խոչընդոտ չի տեսնում։

Հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած բոլոր նշված էլեմենտները կարելի է դասավորել ըստ ընթերցողի հարմարության։ Հասկանալի է, որ այս հարցում Հայաստանի համար առաջնային և երկրորդական խնդիրներ չկան։ Բոլորն էլ վերաբերվում են մեր անվտանգությանը, կենսական շահերին և, ըստ այդմ, շատ կարևոր են։ Իսկ ամենատհաճն այն է, որ նշված էլեմենտներից և ոչ մեկը որևէ կերպ չի համապատասխանում հայկական երկու պետությունների շահերին։ Այսինքն, ընթացող բոլոր քննարկումները, բանակցությունները և հատկապես «գետնի վրա» տեղի ունեցող զարգացումները միայն ու միայն վնասում են Հայաստանի և Արցախի պետականությանը։ Սա շարունակական պարտության մի ընթացք է, որը կասեցնելու ոչ մի հնարավորություն անցնող տարին հայկական կողմին չի բերել։ Իհարկե, դա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ պատերազմում ջախջախիչ պարտություն կրելուց հետո էլ հայ ժողովուրդը երկրի կառավարման ղեկը կրկին վստահեց Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին։

2021թ. հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն իսկական աղետ դարձան հայկական պետությունների համար։ Այդ օրը, ըստ էության, ոչնչացան Հայաստանի պարտության ընթացքը կասեցնելու վերջին հույսերը, որից հետո հայկական պետությունը, ցավոք նաև ժողովուրդը, վերջնականապես կորցրեց սեփական ճակատագիրը տնօրինելու և իրավիճակը փրկելու վերջին հնարավորությունները։ Միջազգային հանրությունն արձանագրեց, որ հայ ժողովուրդը համաձայն է դեպքերի նման զարգացման տրամաբանության հետ և շարունակեց առաջ ընթանալ հենց այդ ուղով։ Արդյունքում Հայաստանի և Արցախի համար դրական և բացասական բոլոր զարգացումներն այսուհետև պայմանավորված են բացառապես արտաքին խաղացողների գործողություններով։ Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հայ էլիտաներն ու ժողովուրդը չեն որոշի փոխել դավաճան իշխանություններին և վերջապես տեր կանգնել սեփական պետությանը։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Կապված նյութեր