Հարավային Կովկասը նոր զարգացումների նախաշեմին

Ուկրաինական ճգնաժամի արձագանքները Հարավային Կովկասում։ Ինչու՞ է ռուսական կողմին անհանգստացնում Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա։ Կլինի՞ արդյոք նոր պատերազմ մեր տարածաշրջանում։ Լարված իրավիճակ Արցախում։

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումները

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի շաբաթական նոր տեղեկագիրը։


*     *     *

Ս.թ. փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն սկսելու փաստը լուրջ ազդեցություն է ունեցել ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ, բնականաբար, Հարավային Կովկասի քաղաքական օրակարգերի վրա։ Առանց այն էլ կոնֆլիկտայնության բարձր ռիսկեր ունեցող մեր տարածաշրջանը, որի անվտանգության համակարգը ներկայումս մեծապես հենված է Ռուսաստանի ռազմական պոտենցիալի վրա, Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ձգձգման պարագայում հեշտ կարող է դառնալ այդ մրցակցության երկրորդ թեժ կետը։ Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով.

– Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը

Աշխարհաքաղաքականության տեսակետից Հարավային Կովկասը Արևելյան Եվրոպայի և Սև ծովի ավազանի շարունակությունն է, որը հարավ-արևմուտքում սահմանակցում է մեկ այլ թեժ օջախի՝ Մերձավոր Արևելքի հետ։ Հարևան տարածաշրջանների լարվածությունն ինքնին Հարավային Կովկասը վերածում է տարբեր հակամարտող կողմերի համար կարևոր հենակետի։ Պատերազմներն՝ առավել ևս։

– Ուկրաինական հակամարտության մեջ ներգրավված կողմերը

Ուկրաինայում ընթացող ռազմական գործողության հիմնական կողմը՝ Ռուսաստանը, Հարավային Կովկասում ամենաազդեցիկ դիրքեր ունեցող աշխրհաքաղաքական կենտրոնն է։ Մեր տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական մրցակիցները՝ Արևմուտքը, Թուրքիան, Իրանն ու Չինաստանը, այս կամ այն չափով ներգրավված են նաև ուկրաինական զարգացումներում։ Ընդ որում, Արևմուտքը՝ ԱՄՆ ղեկավարությամբ, վստահ կարելի է այդ հակամարտության հիմնական կողմ կոչել։ Եթե այս ուժերի մրցակցությունն իրենց համար կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջաններից մեկում բերել է պատերազմի, հետևաբար չի կարելի բացառել, որ նույնը կարող է տեղի ունենալ նաև մեկ այլ տարածաշրջանում։

– Հարավ-կովկասյան երկրների ներքին տարաձայնությունները

Մեր տարածաշրջանում գրեթե բոլոր երկրները միմյանց հետ չլուծված բազում խնդիրներ ունեն։ Ներքին այդ տարաձայնությունները ժամանակ առ ժամանակ ռազմական բախումների և նույնիսկ լայնածավալ պատերազմների առիթ են դառնում։ Ռուսաստանը, որպես կանոն, այդ մրցակցության մեջ արբիտրի դեր է տանում և բոլոր այն ժամանակաշրջաններում, երբ Մոսկվան թուլացած կամ այլ խնդիրներով տարված է լինում, Հարավային Կովկասում մեծանում են նոր պատերազմների ռիսկերը։

– Մրցակցություն Ռուսաստանի հետ

Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցները տասնամյակներ շարունակ ամեն ինչ արել են Հարավային Կովկասից ռուսներին հեռացնելու համար։ Նվազագույնը, փորձել են ապակայունացնել այս տարածաշրջանը՝ լավ հասկանալով, որ դրանից հետո ա) մեծանում է կոնֆլիկտայնությունը նաև Հյուսիսային Կովկասում (այսինքն բուն Ռուսաստանի տարածքում) և բ) Ռուսաստանը զրկվում է Իրանի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ բնականոն կապեր պահելու և այդպիսով արևելքում սեփական ներկայությունն ապահովելու հնարավորություններից։

Ելնելով այս ամենից՝ Հարավային Կովկասի երկրներն ու այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահ հետապնդող ուժերն ուշի ուշով հետևում են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության ընթացքին՝ փորձելով հասկանալ, թե իրականում ինչ պոտենցիալ ունեն Ուկրաինայի տարածքում միմյանց դեմ ելած հակամարտող կողմերը։ Երկրորդ հարցը, որ այս պահին զբաղեցնում է մեր տարածաշրջանում Ռուսաստանին մարտահրավեր նետող տարածաշրջանային և արտատարածաշրջան ուժերին այն է, թե արդյոք ի վիճակի՞ են ռուսական զինված ուժերը զուգահեռ երկու ճակատ սպասարկել։ Թուլություն զգալու պարագայում նրանք անպայման կփորձեն օգտվել հարմար առիթից և թեկուզ մի քիչ, բայց ամեն դեպքում ամրապնդել սեփական դիրքերը Հարավային Կովկասում։

Միևնույն ժամանակ Ռուսաստանն է ուշադիր հետևում հարավ-կովկասյան երկրների՝ այս օրերի վարքագծին։ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն սկսելուց առաջ ՌԴ նախագահ Վ. Պուտինը Մոսկվայում Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր ստորագրեց։ Ըստ մեր դիտարկումների, Ռուսաստանին այդ փաստաթուղթն անհրաժեշտ էր բացառապես մեկ խնդիր լուծելու համար՝ համոզվելու, որ ուկրաինական արշավի ընթացքում Ադրբեջանը Հարավային Կովկասում անակնկալներ չի պատրաստի Ռուսաստանի համար։ Մոսկվան փորձում է հնարավորինս ամուր թելերով կապել Ադրբեջանը՝ լավ հասկանալով, որ հակառակ պարագայում Թուրքիան կարող է օգտվել պարբերաբար ի հայտ եկող հարմար առիթներից և դուրս բերել Ադրբեջանը Ռուսաստանի ազդեցության գոտուց։

Գրեթե նույնկերպ Ռուսաստանն անհանգստանում է նաև Հայաստանի վարքագծի համար։ Այսպես, Մոսկվայում մեծ կասկածանքով են նայում այն փաստին, որ ուկրաինական ճգնաժամի ամենակարևոր օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելում է Ֆրանսիա և ամենաբարձր մակարդակով բանակցություններ վարում, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտության վերաբերյալ։ Ընդ որում, հատկանշական է, որ Փաշինյանի Փարիզ այյցելելուն զուգահեռ Հայաստանում նկատելիորեն ակտիվանում են Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատները։ Առաջինը հանդիպել է ՀՀ նախագահի պարտավորությունները կատարող Ալեն Սիմոնյանին, իսկ երկրորդը՝ ֆրանսիացի դիվանագետը, հարցազրույց տվել հայկական լրատվամիջոցներին ու հայտարարել, որ. «Փարիզը փորձում է հայ-ադրբեջանական երկխոսության ապահովման այլ ուղիներ գտնել, մասնավորապես՝ Եվրամիության գործողությունների միջոցով»։

Փաշինյանի Ֆրանսիա այցի, ինչպես նաև Անթալիայում մեկնարկող այսպես կոչված դիվանագիտական համաժողովից ստացված նորություններին կանդրադառնանք «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումները» մեր տեղեկագրի հաջորդ շաբաթվա թողարկամն մեջ։ Իսկ հիմա միայն կավելացնենք, որ ռուս-ուկրաինական ճակատում տեղի ունեցող զարգացումներն արդեն իսկ արձագանք են ստանում Արցախում, որտեղ վերջին մի քանի օրերին իրավիճակը կտրուկ լարվել է։ Բանը նրանում է, որ պատերազմի վերսկսման ռիսկերն Արցախում, դրսից համապատասխան աջակցություն ստանալու պարագայում, սպառնալիք են թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերի համար։ Եվ այս հանգամանքից օգտվում են մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահ հետապնդող շատ երկրներ։ Ուստի ամեն ինչ խոսում է այն մասին, որ Հարավային Կովկասը կանգնած է նոր զարգացումների նախաշեմին։ Եվ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում ճիշտ գնահատվի մեր շուրջը ստեղծվող իրավիճակը և դրան համապատասխան քայլեր ձեռնարկվեն։

Կապված նյութեր