Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստվում են հերթական հանդիպմանը։ Քաղաքական ի՞նչ պաշարով են կողմերը մեկնում Բրյուսել և ինչ սպասել Ալիև-Փաշինյան-Միշել եռակողմ հանդիպումից։ Կկարողանա՞ արդյոք Ալիևը կրկին իր խաբել Փաշինյանին և Քարագլխից զորքերը դուրս բերելու փոխարեն նոր զիջումներ կորզել նրանից։
Հայ-ադրբեջանական հակամարտություն
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի շաբաթական տեղեկագիրը։
* * *
Անցնող շաբաթ հաստատվեց մամուլում նախապես տարածված այն լուրը, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ու Եվրոպական Խորհրդի ղեկավարների համատեղ հանդիպումը։ Լուրը հրապարակվել է ԵԽ կայքում, այնուհետև հաստատվել պաշտոնական Երևանի և Բաքվի կողմից։ Ընդ որում, չնայած նույն օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածության զգալի աճին, հիշատակված հանդիպմանն ընդառաջ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյանները հանդես են գալիս լավատեսական հայտարարություննեորվ։ Այսպես, հայկական կողմը նշում է, որ Երևանի համար մեծ հաշվով ընդունելի են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու Բաքվի առաջարկած հինգ հայտնի կետերը։ Ավելին, վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը շահագրգռված է այդ բանակցությունների շուտափույտ մեկնարկով։ Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանի իշխանություններին, որոնք հայտարարում են, թե հայկական կողմից դրական ազդակներ են ստանում, բայց նաև նշում, որ ամեն ինչ վերջնական պարզ կդառնա բրյուսելյան հանդիպումից հետո։
Նկարագրված այս իրավիճակը, սակայն, ամբողջությամբ չի արտահայտում հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս փուլւ ողջ տրամաբանությունը։ Լավատեսական այս հայտարարությունների կողքին կա առնվազն ևս երեք գործընթաց.
– Ադրբեջանական զինուժի ներխուժում Արցախի տարածք՝ մասնավորապես ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի,
– Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից միմյանց ուղղված բազում մեղադրանքներ՝ այդ թվում նաև պատերազմի նախապատրաստվելու,
– Աշխարհաքաղաքական զարգացումներ՝ Ռուսաստանի, Արևմուտքի, Թուրքիայի և Իրանի ներգրավմամբ։
Չնայած այն հանգամանքին, որ բոլոր այս զարգացումները, կարծես, տարբեր հարթություններում են ընթանում, ներքին կապ դրանց միջև այնուամենայնիվ կա։ Իսկ տրամաբանությունն այն է, որ թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի ղեկավարները զուգահեռ մի քանի օրակարգեր են սպասարկում. չափազանց մեծ է արտաքին ուժերի ազդեցությունը նրանց որոշուների վրա։ Սրանով է բացատրվում, օրինակ, այն հանգամանքը, որ Փաշինյանի և Ալիևի բրյուսելյան հանդիպումից առաջ թե՛ վերջիններս և թե՛ նրանց արտգործնախարարներն այդքան ակտիվ շփումների մեջ են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների հետ։ Այսպես, միայն անցած շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը երկու հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որն էլ, իր հերթին, երկու այդ զանգերի միջև հասցրել է շփվել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Անցնող շաբաթ տարածաշրջանում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն, որը հանդւպել է և՛ Փաշինյանի, և՛ Ալիևի հետ։
Ակնհայտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ դիվանագիտական ակտիվ գործողություններ են իրականացվում։ Ընդ որում, դա արվում է շատ ավելի ազդեցիկ կողմերի ներգրավմամբ, քան Ալիևն ու Փաշինյանն են։ Ավելին՝ երկու այս գործիչները առավել շատ հանդես են գալիս, որպես Ռուսաստանի, Թուրքիայի կամ Արևմուտքի շահերի ներկայացուցիչ մեր տարածաշրջանում։
Բայց, ինչպես արդեն նշվեց, դիվանագիտական գործընթացներից և քաղաքական հայտարարություններից զատ այս ժամանակաշրջանն աչքի է ընկնում նաև մարտական կոնկրետ գործողություններով, որոնք ամեն պահ շատ ավելի մասշտաբային պատերազմի վերածվելու ռիսկեր են պարունակում իրենց մեջ։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, գրավել Փառուխը և դիրքավորվել հարակից բարձունքների վրա՝ այդ թվում փորձելով լիարժեք վերահսկողություն հաստատել տարածքում ստրատեգիական նշանակություն ունեցող Քարագլուխ լեռան վրա։ 2020թ. դեկտեմբերի 12-ին Խծաբերդի բռնազավթումից հետո սա 44-օրյա պատերազմից ի վեր ադրբեջանական կողմի երկրորդ նման մասշտաբի սադրանքն է, որը մինչ այս պահը հանգուցալուծված չէ։
Մարտի 26-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է այն մասին, որ հենց Ադրբեջանն է խախտել 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթի դրույթները՝ պահանջելով Ալիևի վարչակազմից զորքերը վերադարձնել ելման դիրքեր։ Սակայն ադրբեջանական կողմը մինչ օրս շարունակում է գտնվել Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի հանդիսացող տարածքներում՝ հընթացս էլ վիրավորական տարրերով լի կոպիտ հայտարարություններ հղելով Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությանը…
Հետևաբար, ի՞նչ սպասել ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք Ալիև-Փաշինյան-Միշել եռակողմ հանդիպումից։ Ամենայն հավանականությամբ, գլոբալ որևէ փոփոխություն ակնկալելու որևէ առիթ չկա։ Դեպքերի զարգացման տրամաբանությունը ցույց է տալիս, որ կողմերը շարունակում են դանդաղ ընթանալ դեպի խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկ։ Հարցը միայն նրանում է, թե ով ինչ պաշարով կհասնի այդ կետին։ Ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց այդ ճանաչման հիմքում Արցախի հետ կապված որևէ երկիմաստություններ չլինեն։ Այսինքն, հիմնական նպատակը ՀՀ կողմից Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչող փաստաթղթի ընդունումն է։ Երկրորդ խնդիրը, որ փորձում է լուծել Բաքուն, ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարման բացառումն ու ընդհանրապես արցախյան հիմնանխնդրի՝ միջազգային հանրության կողմից կարգավորված համարելն է։ Հայկական կողմն էլ, իր հերթին, փորձում է առանց Ադրբեջանի ցանկություններին ակնհայտ ընդդիմանալու, այնուամենայնիվ, դեմքը պահելու որոշ հնարավորություններ պահպանել։ Եվ ահա այս մոտեցումներով, ինչպես նաև արտաքին ուժերի ազդեցության պայմաններում, կողմերը մեկնում են Բրյուսել։
Սրա հետ միասին պետք է նաև նշել, որ բրյուսելյան հանդիպումից հետո չի բացառվում Փարուխից և Քարագլխի հատվածից ադրբեջանական զորքերի դուրսբերում։ Սա ռուսական կողմի պահանջն է, որը Ադրբեջանը չի կարող երկար ժամանակ արհամարհել։ Սակայն Ալիևի վարչակազմը ցանկանում է օգտագործել հարմար պահը և Փաշինյանից այդ զորքերը դուրս բերելու փոխարեն քաղաքական որոշակի նոր զիջումներ կորզի։ Ըստ այդմ, կա վտանգ, որ ՀՀ իշխանությունները կարող են հերթական անգամ սխալվել իրենց հաշվարկներում և/կամ փորձեն նոր դիվիդենտներ հավաքել հանրության աչքում (մանավանդ հիմա, երբ Երևանում նոր ցույցեր են մեկնարկում) ու նոր խոստումներ տան Ալիևին մի բանի դիմաց, որը կարելի է և պարտադրել ադրբեջանցիներին։ Ամեն դեպքում, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը շարունակում է ուշադիր հետևել հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգին և նորություն լինելուն պես, անպայման կտեղեկացնենք մեր ընթերցողներին։