Ադրբեջանի նախապայմաններն ու Հայաստանի 6 կետերը։ Ի՞նչ են քննարկում Ալիևն ու Փաշինյանը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տեղեկացնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների կազմը։ Ինչպե՞ս է արձագանքել Բաքուն Հայաստանի ներկայացրած 6 կետերին։ Կգործի՞ արդյոք «5+6» բանաձևը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում։ Նոր թակարդ Արցախի համար։

Հայ-ադրբեջանական հակամարտություն

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի շաբաթական տեղեկագիրը։

*     *     *

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ մի շարք հայտարարություններ է արել նախօրեին, որոնք որոշակի լույս են սփռում նշված հարցերի շուրջ դիվանագիտական դաշտում ընթացող զարգացումների վրա։ Այսպես, նա տեղեկացրել է, որ Երևանն ու Բաքուն արդեն համաձայնեցրել են երկու երկրների միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքների հանձնաժողովների կազմը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի առաջարկով այդ հանձնաժողովները Հայաստանում և Ադրբեջանում ղեկավարելու են փոխվարչապետերը։ Հիշեցնենք, որ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովներ ստեղծելու մասին պայմանավորվածություն ՀՀ և ԱՀ ղեկավարները ձեռք եբ բերել 2021թ. նոյեմբերի 26-ին՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ եռակողմ հանդիպման ընթացքում։ Այն ժամանակ նշվում էր, որ համապատասխան հանձնաժողովները պետք է ձևավորվեին մինչ 2021թ. ավարտը, սակայն նշված ժամկետում որևէ բան տեղի չունեցավ։

Երկրորդ անգամ նման հանձնաժողովներ ստեղծելու մասին Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են այս տարվա ապրիլի 5-ին՝ Բրյուսելում։ Ըստ այդ պայմանավորվածության, սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովներ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ձևավորեին մինչ ապրիլի վերջ։ Ադրբեջանն իր մասով գործն արդեն ավարտել է, իսկ ահա Հայաստանից հանձնաժողովի մասին դեռևս որևէ լուր չկա, բացառությամբ Ջեյհուն Բայրամովի՝ վերը նշված հայտարարության, որը պաշտոնական Երևանի կողմից դեռևս ոչ մերժվել, ոչ էլ հաստատվել է։ ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքում այս տողերը գրելու պահին տեղադրված վերջին լուրը վերաբերվում է մայիսի 6-ին Լիտվայի ԱԳՆ հետ տեղի ուենցած քաղաքական խորհրդակցություններին։

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը նախօրեին խոսել է նաև Հայաստանի կողմից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի միջոցով Ադրբեջանին փոխանցված 6 կետերի մասին, որոնք նույնպես մինչ այս պահը բացահայտված չեն հանրության համար։ Սա հետաքրքիր դրվագ է, որը նաև նախապատմություն ունի։

Մայիսի 2-ին Բրյուսելում հանդիպել են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Ինչպես նշվում է մամուլում, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելուն ուղղված բանակցային գործընթացի մեկնարկին վերաբերող հարցեր։ Այդ լույսի ներքո երկու երկրների պաշտոնյաները դիտարկել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ներկայացված 5 կետերը, որոնք պետք է ընկած լինեն բանակցային գործընթացի հիմքում և ի պատասխան այդ կետերի՝ ՀՀ մշակած 6 առաջարկները։ Հանդիպումից հետո Երևանում Արմեն Գրիգորյանը նշել է.

«Մեր քննարկումներում, որ այդ երկու փաթեթը պետք է միացնել և բանակցություններ սկսել, ըմբռնում կա: Այդ ըմբռնումը կա ադրբեջանական կողմում, այդ ըմբռնումը կա մնացած մեր բոլոր միջազգային գործընկերների մոտ: Այսինքն «5+6» կետերի շուրջ խաղաղության բանակցություններ սկսելը լեգիտիմ մոտեցում է, և մենք տեսել ենք փոխըմբռնում»։

Ա. Գրիգորյանի այս հայտարարությունից հետո ադրբեջանական պրոիշխանական մամուլը խիստ քննադատության ենթարկեց ՀՀ ԱԽ քարտուղարին՝ նշելով, որ Ադրբեջանում որևէ փոխըմբռնում, առավել ևս համաձայնություն նշված 6 կետերի վերաբերյալ գոյություն չունի։ Հղվելով դիվանագիտական աղբյուրներին, ինչպես նաև Ալիևի վարչակազմի որոշ պաշտոնյաների՝ ադրբեջանական մամուլում նշվում է, որ Հայաստանի ներկայացրած 6 կետերից երկուսը վերաբերվում են Արցախի կարգավիճակին ու անվտագության երաշխիքներին վերաբերող հարցերին, ինչպես նաև բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով անցկացնելու անհրաժեշտությանը։ Սակայն երկու այս դրույթն էլ ադրբեջանական մամուլը, ըստ ամենայնի, քաղել է ոչ թե բուն առաջարկների փաստաթղթից, այլ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ավելի վաղ արված հայտարարություններից։

Եվ ահա, Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկաավարը նախօրեին խոսել է ՀՀ կողմից ներկայացված 6 կետերի բովանդակության վերաբերյալ։ «Այդ փաստաթղթերին մանրամասն ծանոթանալուղ հետո գալիս ես այն եզրահանգման, որ դրանք չի կարելի առաջարկություններ կոչել։ Մեզ փոխանցելու պահին դրանք ոչ այլ ինչ էին, քան Ադրբեջանի առաջարկներին ուղղված հայկական կողմի արձագանք։ Ես կարող եմ թվարկել այդ 6 կետերից մի քանիսը և դուք ինքներդ էլ կարող եք դատել, թե որքանով են դրանք կարելի առաջարկ կոչել», – ասել է Բայրամովը և մանրամասնել՝ հայկական կողմի 6 կետերից մեկում նշված է, որ Ադրբեջանի հայտնի 5 կետերը պաշտոնական Երևանը ստացել է մարտի սկզբներին, մինչդեռ դրանք թվագրված են փետրվարի 21-ով։

Եվս մեկ կետով, ըստ Բայրամովի, հայկական կողմը նշել է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դեռևս 1992թ., երբ երկու պետությունները, լինելով ԱՊՀ անդամ, փոխադարձ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Կրկին հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարությունը, կամ որևէ այլ գերատեսչություն, մինչ այս պահը չի արձագանքել Ջեյհուն Բայրամովի այդ հայտարարություններին, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին նրա տրված գնահատականներին ու Տավուշի և Արարատի մարզում գտնվող որոշ բնակավայրերի հանդեպ ադրբեջանական պահանջներին։

Ամփոփելով իր խոսքը, Արդբեջանի արտգործնախարարը երեկ նշել է, որ իրենք խիստ պայմաններ չեն դրել «պատերազմում կապիտուլացված կողմին»։ «Ադրբեջանը 30 տարիների օկուպացիայի փոխհատուցում չի պահանջել, պատասխանատվության չի կանչել նրանց, ովքեր ռազմական հանցագործություններ են գործել։ Բայց եթե հայկական կողմը սկզբում ընդունում է մեր հիմնարար սկզբունքները, իսկ հետո ինչ-որ նախապայմաններ առաջարկում, օրինակ, փորձում է խաղաղ կարգավորումը պայմանավորել կարգավիճակի մասին քննարկումներով, դա բանակցային գործընթացում փակուղային իրավիճակի հիմքեր է ստեղծում»։

Ադրբեջանի դիրքորոշումն լիարժեք ներկայացնելու համար նշենք, որ այս պահին պաշտոնական Բաքուն պայքարում է երկու խնդիր լուծելու համար։ Նախ, որպեսզի Արցախի կարգավիճակի մասին որևէ քննարկումներ չլինեն և ապա, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարի գործել որպես միջնորդ ֆորմատ։ Ընդ որում, առաջին հարցով Ադրբեջանի դիրքորոշումն այնպիսինն է, որ Արցախը որևէ կարգավիճակ չի կարող ունենալ նաև Ադրբեջանի կազմում։ Այս տեսակետից, նրանք փաստացի այնպիսի դրության մեջ են դրել Հայաստանի իշխանություններին, որ Արցախի ինքնավարության նույնիսկ մենացածր մակարդակն Ադրբեջանի կազմում Երևանի կողմից որպես մեծ ձեռքբերում է ընկալվելու…

Կապված նյութեր