Հայաստանը բացահայտում է Ադրբեջանին ուղղված, այսպես կոչված 6 կետերը։ Ինչպե՞ս է Երևանը փորձում հավասարակշռել թշնամու կողմից մշակված բանակցային 5 սկզբունքներին։ Անբովանդակ արտաքին քաղաքականություն։ Դուշանբեում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Ի վերջո, ի՞նչ պայմանագիր է պատրաստվում ստորագրել Հայաստանը Ադրբեջանի հետ։
Հայ-ադրբեջանական հակամարտություն
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տեղեկագիրը։
* * *
Հայ-ադրբեջանական հարաբերութունները կարգավորելուն ուղղված պաշտոնական Բաքվի մշակած 5 կետերի հայկական կողմի պատասխանը, որն իբր 6 կետ էր պարունակում, մեղմ ասած, հիասթափեցնող է։ Արդեն քանի օր է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են «5+6 կետերի հիման վրա» Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու հնարավորության մասին՝ նույնիսկ նշելով, որ դրանց վերաբերյալ կողմերի միջև կա փոխըմբռնում։ Սակայն, դատելով ադրբեջանական կողմից ստացված արձագանքներից, այնտեղ որևէ «փոխըմբռնում» գոյություն չունի։ Ավելին, Բաքուն նույնիսկ չի հասկացել, թե վերջիվերջո ինչ նկատի ունի պաշտոնական Երևանը՝ խոսելով 6 կետերի մասին։ Այսպես, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 10-ին հայտարարել է, որ «այդ փաստաթղթերին մանրամասն ծանոթանալուց հետո գալիս ես այն եզրահանգման, որ դրանք չի կարելի առաջարկություններ կոչել»։ Վերջինս նաև մանրամասնել է՝ հայկական կողմի 6 կետերից մեկում նշված է, որ Ադրբեջանի 5 կետերը պաշտոնական Երևանը ստացել է մարտի սկզբներին, մինչդեռ դրանք թվագրված են փետրվարի 21-ով։
Ադրբեջանի արտգործնախարարի այսպիսի մեկնաբանությունն իսկապես շատ տարօրինակ էր ու թերևս այդ էր պատճառը, որ Հայաստանի իշխանությունները որոշեցին հրապարակայնացնել Ադրբեջանին ուղղված մեր երկրի՝ 6 կետերից բաղկացած առաջարկը։ Մայիսի 13-ին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հյուրընկալել է Հանրային հեռուստաընկերությանը և տեղեկացրել, որ պաշտոնական Երևանի առաջարկների առաջին կետում գրված է, որ հայկական կողմը պատասխանում է ադրբեջանական կողմի՝ փետրվարի 21-ով թվագրված նամակին, որը հայկական կողմին է փոխանցվել մարտի 11-ին։
Երկրորդ կետով հայկական կողմը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
Երրորդ կետում հայկական կողմը նշում է, որ իր համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։
Չորրորդ կետում հայկական կողմը կարևոր է համարում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։
Հինգերորդ կետում նշվում է, որ հայկական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։
Վեցերորդ կետով հայկական կողմը հայտնել է, որ համապատասխան բանակցությունների համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Նշենք, որ Էդմոն Մարուքյանն այս կետերը ներկայացնում էր առանց ուղիղ մեջբերումների և տարատեսակ մեկնաբանություններով, ինչը տպավորություն էր ստեղծում, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը հանրային կարծիքն ուղղորդելու և Հայաստանի քաղաքական ղեկավարության համար հարմար ընկալումներ ձևավորելու խնդիր էր հետապնդում։ Սակայն, չնայած Էդմոն Մարուքյանի բոլոր ջանքերին, պարզ դարձավ, որ Հայաստանի պատասխանը իրականում բանակցային ոչ մի դիրքորոշում, առավել ևս սկզբունք իր մեջ չի պարունակում։ Ադրբեջանին հղված պաշտոնական Երևանի պատասխանն իսկապես ոչ թե 6 կետերից բաղկացած առաջարկ էր, այլ արձագանք հակառակորդի մշակած սկզբունքներին։ Ի դեպ, ճիշտ այնպես, ինչպես դա ներկայացնում էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Հետևաբար պետք է արձանագրել, որ Հայաստանը ոչ թե 6 կետ է առաջարկել բանակցությունների համար, այլ զուտ 6 նախադասությունից բաղկացած տեքստ, որը ոչ մի կերպ չի հակակշռում Ադրբեջանի հայտնի 5 կետերից բաղկացած նախապայմաններին։ Համաձայնեք, ներկայացված «կետերից» հատկապես առաջինը ոչ մի կերպ չի կարելի բանակցությունների քննարկման առաջարկ համարել։ Երկրորդ «կետով» Հայաստանն ընդունում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։ Երրորդ կետով նշում է, որ իր համար հիմնարար է Արցախի վերջնական կարգավիճակի հարցը, բայց որևէ ակնարկ չի անում այն մասին, որ հայկական երկրորդ պետությունը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Չորրորդ և հինգերորդ «կետերը» կրկին հղում են արդեն իսկ գոյություն ունեցող, մասամբ նաև կյանքի կոչված փաստաթղթերին։ Իսկ վեցերորդ «կետը» պարզապես տեղեկացում է այն մասին, որ Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խնդրելով միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի հետ բանակցություններում։ Վերջ։
Մինչդեռ Հայաստանի ղեկավարները՝ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քանի օր շարունակ խոսում էին այն մասին, որ հայ-ադրբեջանական բանակցություններ սկսելու համար Բաքվի մշակած հինգ սկզբունք-առաջարկները լրացվել են հայկական կողմից 6 նոր առաջարկներով, որոնք իբր հավասարակշռում են Ադրբեջանի մոտեցումները։ ՀՀ իշխանությունները հանրությանը վստահեցնում էին, որ պատրաստվում են առաջ շարժվել «5+6» բանակցային բանաձևով։ Արդյունքում պարզվեց, որ բանակցությունները, եթե իհարկե դրանք մեկնարկեն, ընթանալու են հենց ադրբեջանական օրակարգով։ Հայաստանը հակառակորդի մոտեցումներին ու մշակած սկզբունքներին հակադրվելու փորձ անգամ չի կատարել և սա այլևս փաստ է։
Նշենք նաև, որ մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։
Հիշատակված հանդիպիման ընթացքում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը փորձել է ևս մեկ նոր շեշտադրում անել և մինչ օրս «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր» հասկացությունը փոխարինել «Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագիր» հասկացությամբ։ Ճիշտ է, Արարատ Միրզոյանը դա տեխնիկական հարց է կոչել, բայց իրականում խաղաղության պայմանագիրն ու հարաբերությունների կարգավորումն իսկապես տարբեր բովանդակություն ունեցող հասկացություններ են։ Մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ արցախյան հակամարտությունում Հայաստանը մշտապես հանդես է եկել ոչ թե որպես հակամարտության կողմ, այլ՝ Արցախի անվտանգության երաշխավոր։ Մինչդեռ Ադրբեջանը հենց Հայաստանի Հանրապետությունն է դիտարկում որպես պատերազմի երկրորդ կողմ և ամեն ինչ անում, որպեսզի Արցախը քաղաքական ու դիվանագիտական սուբյեկտություն չունենա։ Այդ իմաստով «խաղաղության պայմանագիր» արտահայտությունը հենց այն է, ինչ պետք է Ադրբեջանին և շատ տարակուսելի է, որ ՀՀ իշխանություններն օգտագործում էին հենց այդ ձևակերպումը։ Կկարողանա՞ հայկական դիվանագիտությունը փոխել այս իրողությունը, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում պետք է կրկին փաստել, որ դա տեխնիկական հարց չէ, ինչպես պնդում է Արարատ Միրզոյանը, այլ շատ հստակ քաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպում, որը կարող է վճռական ազդեցություն ունենալ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում։