Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային դիրքորոշումները

2020թ. 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Հայաստանն ու Ադրբեջանը վերսկսել են բանակցային գործընթացը, որը փոփոխական ակտիվությամբ շարունակվում է մինչ օրս։ Ժամանակ առ ժամանակ հակամարտող կողմերի ղեկավարները կամ միջնորդի դերակատարում ստանձնած երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հանրությանը տեղեկացնում են, որ այս կամ այն հարցի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Եղել են նաև համատեղ հայտարարություններ, որոշ պայմանավորվածությունների իրականացում և այլն։ Այսինքն, ամեն ինչ խոսում է այն մասին, որ բանակցային գործընթացն իրական է, ինտենսիվ, իսկ հաճախ նաև՝ արդյունավետ։ Համենայն դեպս, ադրբեջանական կողմի համար…

Այս լույսի ներքո արդիական է այն հարցը, թե բանակցային ի՞նչ օրակարգեր ունեն հակամարտող կողմերը և որքանո՞վ են Հայաստանի ու Ադրբեջանի կողմից հռչակված ծրագրերը տարբերվում նրանց իրական նպատակադրումներից։

Սկսենք, թերևս, ամենասկզբից։ Ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվել են բանակցային երկու հարթակներ՝ մոսկովյան և բրյուսելյան։ Երկու հարթակներում էլ բանակցող կողմերի հիմնական օրակարգը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմազատման աշխատանքների իրականացմանը։ Երկու գլխավոր այս խնդիրներին զուգընթաց քննարկվում են սրանց ստորադասված այլ հարցեր, որոնք հիմնականում ունեն հումանիտար բնույթ՝ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձ, ականապատված տարածքների ականազերծում, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանություն, անվտանգային խնդիրներ և այլն։

Թե՛ Մոսկվայում և թե՛ Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը ժամանակ առ ժամանակ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերում, որոնք հաճախ նաև կյանքի են կոչվում։ Սա նշանակում է, որ երկու այս ֆորմատները՝ իրենց ընդհանրություններով և տարաձայնություններով հանդերձ, ամեն դեպքում աշխատող են։ Սակայն կա մեկ կարևոր խնդիր՝ երկու պարագայում էլ օրակարգ թելադրողը ոչ թե հակամարտող կողմերն են, այլ միջնորդները։ Այսինքն, Ռուսաստանն ու Արևմուտքը, որոնք, ի դեպ, պատմական այս ժամանակաշրջանում բավական լուրջ տարաձայնություններ ունեն միմյանց հետ։

Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված են շատ հարցերում տեղի տալ Մոսկվայի և Բրյուսելի պահանջներին՝ իհարկը, հընթացս փորձելով նաև ա) խուսանավել աշխարհաքաղաքական երկու կենտրոնների միջև և բ) ամեն դեպքում փորձել որոշակի դիվիդենտներ քաղել իրենց պարտադրված բանակցային օրակարգից։ Բայց դրան զուգահեռ թե՛ Երևանը և թե՛ Բաքուն սեփական ծրագրերն ու երազանքները ունենք, որոնք, կարծես, քննարկվում են բացառապես երկկողմ շփումների ընթացքում։ Այսիքն՝ առանց միջնորդների։ Իսկ սա նշանակում է, որ փաստացի կայանում է նաև հայ-ադրբեջանական բանակցությունների երրորդ՝ ուղիղ շփումների ֆորմատը։ Թե որքանով են ազդում աշխարհաքաղաքական կենտրոնները Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների վրա այդ ֆորմատում, հիմա դժվար է հստակ ասել։ Բայց, որ նման ազդեցություն կա, ակնհայտ է։

Ինչպես հայտնի է, 2022-ի մարտին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանրայնացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր հինգ սկզբունքները, որոնք են.

– ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,

– պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,

– զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից,

– սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

– տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Ուշադիր ընթերցողը, իհարկե, հեշտ կարող է նկատել, որ ադրբեջանական կողմի ներկայացրած 5 առաջարկներն իրականում Ադրբեջանի համար երկու կարևոր խնդիրների՝ մասնավորապես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության (ներառյալ Արցախը)  ճանաչման ու ՀՀ ինքնիշխան տարածքներին անխոչընդոտ հասանելիություն ստանալու բացվածքն են։ Այս կետերը որոշակի առնչություն ունեն Մոսկվայում և Բրյուսելում քննարկվող բանակցային օրակարգերի հետ, բայց հիմքում ադրբեջանական կողմը դնում է հենց վերոնշյալ երկու խնդիրները, որոնք ուղիղ հակասության մեջ են Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումների հետ։ Աշխարհաքաղաքական երկու կենտրոններն էլ մերժում են թե՛ Արցախի խնդրի վերջնական լուծման հնարավորությունը և թե՛ ՀՀ տաևածքով թուրք-ադրբեջանական՝ այլոց կողմից չվերահսկվող միջանցք ստեղծելու հնարավորությունը։ Չնայած դրան, սակայն, ադրբեջանական կողմը պայքարում է վերոնշյալ հինգ կետերի կյանքի կոչման համար, որոնք էլ պետք է համարել պաշտոնական Բաքվի բանակցային դիրքորոշում։

Իսկ ի՞նչ է հակադրում սրան հայկական կողմը։ Ցավոք, այս հարցի պատասխանը բավական մշուշոտ է։ Ադրբեջանի ԱԳՆ կողմից իրենց բանակցային դիրքորոշման հրապարակումից անմիջապես հետո ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ.

ա) երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ… Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների:

բ) Մենք համարում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և մենք շարունակում ենք հետևողական լինել այս ուղղությամբ։

Այսպիսով, պաշտոնական Երևանի պատասխանի առաջին կետով փաստացի համաձայնություն է տրվել Ադրբեջանի օրակարգի զգալի մասին, իսկ երկրորդ կետով՝ փարձ արվել բանակցային գործընթացն ամեն դեպքում պահել Մոսկվայի ֆորմատում։ Հանրային ճնշումներից հետո հայկական կողմը հայտարարեց, որ ի պատասխան Ադրբեջանի հինգ կետերի Երևանում մշակվել են վեց կետեր, որոնց համադրմամբ ՀՀ իշխանությունները հույս ունեին որոշակի կոմպրոմիսներ գտնել Ադրեբջանի հետ։

2022թ. մայիսի 13-ին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հյուրընկալել է Հանրային հեռուստաընկերությանը և տեղեկացրել, որ պաշտոնական Երևանի առաջարկների առաջին կետում գրված է, որ  հայկական կողմը պատասխանում է ադրբեջանական կողմի՝ փետրվարի 21-ով թվագրված նամակին, որը հայկական կողմին է փոխանցվել մարտի 11-ին։

Երկրորդ կետով հայկական կողմը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։

Երրորդ կետում հայկական կողմը նշում  է, որ իր համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։

Չորրորդ կետում  հայկական կողմը կարևոր է համարում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի  նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի  հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի  26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։

Հինգերորդ կետում նշվում է, որ հայկական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։

Վեցերորդ կետով հայկական կողմը հայտնել է, որ համապատասխան բանակցությունների համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Այս ամենը պաշտոնական Երևանի կողմից մինչ օրս ներկայացվում է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում Հայաստանի բանակցային դիրքորոշում։ Համաձայնեք, ներկայացված «կետերից» հատկապես առաջինը ոչ մի կերպ չի կարելի բանակցությունների քննարկման առաջարկ համարել։ Երկրորդ «կետով» Հայաստանն ընդունում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։ Երրորդ կետով նշում է, որ իր համար հիմնարար է Արցախի վերջնական կարգավիճակի հարցը, բայց որևէ ակնարկ չի անում այն մասին, որ հայկական երկրորդ պետությունը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Չորրորդ և հինգերորդ «կետերը» կրկին հղում են արդեն իսկ գոյություն ունեցող, մասամբ նաև կյանքի կոչված փաստաթղթերին։ Իսկ վեցերորդ «կետը» պարզապես տեղեկացում է այն մասին, որ Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խնդրելով միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի հետ բանակցություններում։ Վերջ։

Թե ինչ խնդիր կարող է լուծել հայկական դիվանագիտությունն այսպիսի «բանակցային դիրքորոշմամբ», դժվար է ասել։ Նկատենք, որ կողմերը լուրջ հակասություններ ունեն նաև սեփական օրակարգով բանակցություններ վարելու հարթակի ընտրության հարցում։ Ինչպես տեսանք, հայկական կողմը ցանկանում է կրկին ասպարեզ բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ինստիտուտը։ Նույնն անում է հավաքական Արևմուտքը։ Ադրբեջանն ու Ռուսաստանը մերժում են եռանախագահության դերակատարումը, և այս պահին, կարծես, առավել հաջողակ են այս հարցում հենց վերջիններս։

Որպես քաղաքական վերջնանպատակ Հայաստանի իշխանությունները խոսում էին նաև այսպես կոչված խաղաղության դարաշրջանի բացման վերաբերյալ։ Սակայն այս հարցում էլ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, կարծես, հիասթափվել են։ Համենայն դեպս, ՀՀ գործող վարչապետն այլևս բաց հայտարարում է այն մասին, որ Ադրբեջանը նոր պատերազմ սկսելու հիմքեր է նախապատրաստում և որ Հայաստանի ու Արցախի գլխին կրկին ամպեր են կուտակվում։ Այս ամենը նշանակում է, որ պաշտոնական Երևանն ինքն էլ չի վստահում իր մարտավարությանն ու դրա արդյունքում ծնված բանակցային դիրքորոշմանը։ Սակայն բանակցություններն Ադրբեջանի հետ դրա արդյունքում չեն դադարում։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ բանակցային սեղանին Բաքվի մշակած օրակարգն է՝ հայկական կողմի համար դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ…

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կապված նյութեր