Տարածաշրջանային իրողություններն ու ներհայկական օրակարգը։ Կլինի՞ արդյոք հատման կետ

Ուկրաինայում, Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Միջին Ասիայում և Չինաստանի շուրջը տեղի ունեցող զարգացումները հուշում են այն մասին, որ աշխարհը կրկին թևակոխել է մեծ փոփոխությունների և վերափոխումների նոր՝ անորոշություններով լի ու վտանգավոր փուլ։ Աշխարհի առաջատար ուղեղային կենտրոնների շատ փորձագետներ զգուշավորությամբ խոսում են այն մասին, որ գերտերությունների միջև ընթացող գլոբալ մրցակցությունը, իրականում, շատ պարամետրերով կեղծ է և ընթանում է նույն այդ տերությունների միջև առկա պայմանավորվածությունների շրջանակում։ Ասել է թե՝ այդպես ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Չինաստանը պարզապես իրենց կենսական շահերի գոտիներն են հաստատում և փորձում նվաճել դրանք։ Բայց որպեսզի նախնական պայմանավորվածությամբ կյանքի կոչվող սցենարները կասկածներ չառաջացնեն տարածաշրջանային տերությունների շրջանում, համաշխարհային գերտերություններն այդ մրցակցությանը իրական տեսք են տալիս։ Արդյունքում, ըստ այդ ենթադրությունների, ԱՄՆ, Ռուսաստանի և Չինաստանի իրական մրցակցությունը հանգեցնելու է երեքի միջև նախապես պայմանավորված արդյունքների և աշխարհում հաստատվելու է ուժերի նոր՝ երեք այդ գերտերությունների շահերին համապատասխանող բալանս։

Իհարկե, բոլոր այս ենթադրությունները բավական կոնսպերատիվ և փաստագրական առումով գրեթե ոչնչով հիմնավորված չեն, բայց իրականում շատ բովանդակային ու հետաքրքիր են։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ Ռուսաստանի, ԱՄՆ և Չինաստանի մրցակցությունում մինչ այս պահը ավելի տուժում են ոչ թե բուն մրցակցող կողմերը, այլ այդ մրցակցության գոտում հայտնված երկրները։ Միևնույն ժամանակ պարզ է նաև, որ մի շարք տարածաշրջաններում իրոք տեղի են ունենում փոփոխություններ և ուժերի վերադասավորումներ։ Իսկ մեզ՝ հայերիս համար ամենացավալին այն է, որ գլոբալ այդ զարգացումների մեկնարկը տրվել է հենց մեր տարածաշրջանում՝ 2020թ. 44-օրյա պատերազմի տեսքով։

Այն, որ Արցախի մի շարք շրջանների՝ Ադրբեջանին հանձնելու սցենարն ընդունելի էր աշխարհի բոլոր ազդեցիկ երկրների համար, կարծում եմ, կասկածից դուրս է։ Մեր տարածաշրջանում խնդիրներ լուծելու ունակ մի շարք տերություններ, օրինակ, Ռուսաստանը, Իրանը, ԱՄՆ-ն և այլն, յուրաքանչյուրն առանձին վերցրած՝ կարող էր սեփական ուժերով կասեցնել այդ սցենարի իրագործումը։ Ինձ համար դա անքննելի փաստ է, որի հիմնավորումները բազում են։ Սակայն պատերազմի ընթացքում մենք տեսանք, որ նրանք սպասում են Ադրբեջանի համապատասխան հաջողություններին։ Իսկ որպեսզի դրանք երաշխավորված ապահովվեն, նույն այդ տերությունները թույլ են տվել, որպեսզի Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանին միանան նաև Թուրքիայի զինված ուժերը։ Ինչպես հայտնի է, պատերազմը կանգնեցվել է ճիշտ այն պահին, երբ ՀՀ իշխանությունները համաձայնել են Ադրբեջանին հանձնել նաև այն տարածքները, որոնք ըստ սցենարի պետք է անցնեին Ադրբեջանին, սակայն ադրբեջանական զինված ուժերը չեն կարողացել գրավել։

Իհարկե, որոշ շեղումներ այդ սցենարից եղել են։ Օրինակ, Ադրբեջանը գրավել է նաև Հադրութն ու Շուշին։ Հիշեցնեմ՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ Շուշիի հարցը մինչ այդ երբեք չի քննարկվել։ Սա լրացուցիչ ապացույց է այն փաստի, որ նախնական քննարկումներ, իսկ ավելի ճիշտ՝ մշակված պլան այնուամենայնիվ եղել է։ Բայց դա նաև նշանակում է, որ Արցախի մնացած տարածքների հայապատկան մնալը նույնպես եղել է այդ ծրագրի բաղկացուցիչ մաս։ Եվ սա, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի պահանջներից մեկն էր։

Հայկական Արցախը Ռուսաստանին անհրաժեշտ է նախ այդ տարածքում ռազմական կոնտինգենտ ունենալու, ապա նաև՝ Հայաստանում ռուսական զորքերի պահպանման, ինչպես նաև առկա պոտենցիալը մեծացնելու համար։ Սա թույլ է տալիս հուսալ, որ Արցախի ներկայիս տարածքը, համենայն դեպս կանխատեսելի ապագայում, ապահովագրված է թշնամու կողմից զավթվելու վտանգից։ Դրա մասին են խոսում նաև Արցախի օկուպացրած շրջաններում Ադրբեջանի կողմից իրականացվող աշխատանքներն ու կոմունիկացիաների ստեղծումը։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ ապագայում չի կարող իրավիճակ փոխվել։ Առավել ևս, դա չի նշանակում, որ Արցախն ապահովագրված է տարբեր ինտենսիվության և ծավալների ռազմական բախումներից։ Ճիշտ հակառակը՝ այդ բախումներն անհրաժեշտ են թե՛ Ռուսաստանին և թե՛ Ադրբեջանին։ Ավելին, դրանք կարող են օգտակար լինել նաև հայկական կողմի համար։ Իհարկե միայն այն դեպքում, եթե Հայաստանում և Արցախում հայկական շահը պաշտպանող իշխանություններ լինեն։ Փաշինյանի իշխանության դեպքում դա բացառված է։

Խոսքն իրականում վերաբերվում է բարդ սցենարի, որն իր մեջ ներառում է թե՛ տարածաշրջանի քաղաքական նոր քարտեզի, թե՛ ուժերի հավասարակշռության, թե՛ կոմունիկացիոն հնարավորությունների և թե՛ դրանում ներառված պետությունների ապագա ձգտումների բաղադրիչներ։ Այս իրավիճակում հայկական պետությունների կենսական շահը պահանջում է լավ հասկանալ տարածաշրջանային տերությունների քաղաքականությունը, նրանց հնարավորություններն ու ռիսկերը և, իհարկե, մշակել բոլոր իրողությունները հաշվի առնող, իրապես հայամետ և շատ իրատեսական զարգացման ծրագիր։

Ցավոք, այս պահին մեր երկիրը հեռու է նման գործելաոճից։ Ավելին, Հայաստանի իշխանությունների, մեղմ ասած, անհեռատես քաղաքականությունը բերել է մեր երկրի սուբյեկտայնության կորստի։ Հայաստանի ճակատագիրն այսօր որոշվում է հարակից երկրների մայրաքաղաքներում՝ առանց պաշտոնական Երևանի ներկայության։ Եվ սա իսկական աղետ է դարձել մեր պետության համար։

Ստեղծված իրավիճակից ելքը, կարծես, ակնհայտ է՝ անհրաժեշտ է ունենալ պետական մտածելակերպով օժտված և հայկական շահն ամեն ինչից գերադասող իշխանություն։ Սակայն ներհայաստանյան օրակարգերն ակնհայտորեն չեն անդրադառնում բոլոր այն իրողություններին ու սպառնալիքներին, որոնք առկա են մեր երկրի սահմաններում։ Եվ սա հերթական այն խնդիրն է, որը շարունակում է քայքայել հայկական պետականությունները։

Սևակ Մոկացի

Կապված նյութեր