Իրանի տարածաշրջանային քաղաքականությունն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի այցը Հայաստան

Ս.թ. հոկտեմբերի 20-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Այցը բավական հագեցած էր և բովանդակալից։ Ընդ որում, իրանական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի Երևանից և Կապանից, որտեղ Աբդոլլահիանի այցի ընթացքում բացվել է Իրանի հյուպատոսությունը, հնչեն ոչ միայն հայ-իրանական հարաբերություններին վերաբերող հայտարարություններ, այլև հստակ գնահատականներ տրվեն տարածաշրջանի աշխարհաքաղաքկան և ռազմաքաղաքական զարգացումներին։ Միայն այն փաստը, որ Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան տևել է երեք լիարժեք օր, արդեն իսկ շատ խոսուն է։ Այդ ընթացքում նա հանդիպել է ՀՀ արտգործնախարարին, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, մասնակցել Կապանում Իրանի հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։

2020թ. 44-օրյա պատերազմից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը զգալիորեն ավելացրել իր ներկայությունը Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներում։ Պատճառը պարզ է՝ պատերազմի ընթացքում մեր տարածաշրջանում փոխվել է ուժերի հավասարակշռությունը, առաջացել են նոր ռիսկեր և պարզ է, որ Թեհրանը չէր կարող այդ ամենին անարձագանք մնալ։ Առաջին ահազանգը պարսկական կողմի համար հնչեց հենց 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ հայտնի դարձավ, որ Արցախի դեմ սանձազերծած նոր պատերազմում թուրք-ադրբեջանական դաշինքը ներգրավել է ոչ միայն ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների Մերձավոր Արևելքից, այլև հրեա հրահանգիչների Իսրայելից։

Պատերազմի ավարտից հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախ-Իրան սահմանագիծն ու դրան հարող տարածքները վերածվում են թուրքական բանակի ներկայության ու գործունեության կարևոր կենտրոնի, որտեղ որոշակի աշխատանքներ են իրականացնում նաև Իսրայելի զինված ուժերը։ Ավելին, Ադրբեջանը չի բավարարվել Արցախի տարածքների օկուպացիայով և պատերազմից անմիջապես հետո գրավել է նաև ՀՀ որոշ տարածքներ՝ արգելափակելով Իրանն արտաքին աշխարհի հետ կապող Հայաստանի միջպետական ճանապարհի որոշ հատվածներ։ Սա էլ բավական չէր՝ Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները որոշեցին հաջորդ քայլն անել և գրավել Սյունիքի մարզը։ 2021թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին թուրք-ադրբեջանական համապատասխան զորախումբն արդեն տեղակայված էր Նախիջևանում և Սյունիքին հարող Արցախի օկուպացված տարածքներում։ Եվ սա եղավ վերջին այն զարգացումը, որը ստիպեց իրանական կողմին Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության խնդիրներն այլևս չվստահել որևէ երրորդ կողմի՝ մասնավորապես Ռուսաստանին, և լրջորեն զբաղվել այստեղ կուտակված խնդիրներով։

2021թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Իսլամական Հանրապետությունը ծավալուն զորավարժություններ սկսեց Ադրբեջանի և Արցախի օկուպացված տարածքների սահմանում՝ հստակ ցույց տալով, որ Սյունիքի հանդեպ թուրք-ադրբեջանական սպառնալիքների կյանքի կոչման փորձի պարագայում էլ նրանք կարող են պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ և կանխել նրանց այդ ծրագրերը։ 2021-ի աշնանը Իրանի Իսլամական Հանրապետությունը փաստացի հանդես եկավ որպես Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավոր։ Այդ ժամանակահատվածում Իրանը շատ բաց էր խոսում իր շահերի, մտադրությունների ու ծրագրերի մասին։ 2021-ի հոկտեմբերին տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թեհրան, որտեղ վերջինս իրանական կողմից անվտանգության երաշխիքներ և երկկողմանի հարաբերությունները զարգացնելու խոստումներ ստացավ։

Պայմանավորվելով հայկական կողմի հետ՝ 2021-ի հոկտեմբերի 6-ին Իրանի նորանշանակ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն արդեն Մոսկվայում էր, որտեղ Լավրովի հետ հանդիպման ընթացքում նա հայտարարել է, որ «Իրանը չի հանդուրժի տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունները» ու նաև զգուշացրել ռուս գործընկերոջը Հարավային Կովկասում առկա «ահաբեկիչների ու սիոնիստների մասին»։ Պաշտոնական Թեհրանի՝ այդ շրջանում Ռուսաստանին, Ադրբեջանին և Թուրքիային ուղղված պահանջները շատ հստակ ու միանշանակ էին, ինչը թույլ տվեց այն ժամանակ նվազեցնել նոր պատերազմի հավանականությունը։

Իրանի նման ակտիվության երկրորդ փուլը մեկնարկեց արդեն սույն թվականին՝ ՀՀ արևելյան տարածքների ուղղությամբ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ նոր գործողություններից հետո։ Այս անգամ ևս իրանական կողմը մեծածավալ զորավարժություն անցկացրեց Ադրբեջանի հետ սահմանում, որի ընթացքում իրանական ռազմական տեխնիկան պոնտոնային կամուրջներով անցավ Արաքս գետը։ Ահա այդ զորավարժություններին հետևեց Իրանի արտգործնախարարի՝ արդեն հիշատակված այցը Հայաստան, որի ընթացքում վերջինս կրկին հայտարարեց, որ «Իրանն իր անվտանգությունն է համարում Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը»։

Ավարտելով պաշտոնական այցը Հայաստան՝ իրանի արտգործնախարարը թվիտերյան իր էջում առանձնացրել է ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ զրույցի կարևոր թեմաները՝

– Հարավային Կովկասի, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի անվտանգության և օտարերկրացիների չմիջամտելը,

– Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը,

– Երկու երկրի միջև առևտրի ու զբոսաշրջության զարգացումը։

Նախարար Աբդոլլահիանը նաև նշել է, որ Հայաստան է այցելել, «որպեսզի Արարատ Միրզոյանի հետ երկարաժամկետ կտրվածքով երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը»։

Իրանի արտգործնախարարի այս հայտարարություններում հստակ երևում են բոլոր այն առաջնահերթությունները, որոնք Իսլամական Հանրապետությունը հետապնդում է մեր տարածաշրջանում։ Իսկ զորավարժությունների փաստը՝ այն էլ զրահապատ զինտեխնիկայի Արաքս գետն անցնելու հանգամանքով, ի ցույց է դնում նաև Իրանի համար ի հայտ եկած սպառնալիքների հիմնական աղբյուրը՝ Ադրբեջանի Հանրապետությունը։ Վերջինս, ի դեպ, չափազանց լարված է Իրանի գործողություններով և հակաիրանական մեծ արշավ է սկսել ինչպես լրատվական/քարոզչական, այնպես էլ միջազգային հարթակներում։ Ադրբեջանի ողջ պետական ապարատը լծված է Իրանում սեպտեմբերին սկիզբ առած հանրային դժգոհության ալիքի տարածման, իշխանությունների դեմ դուրս եկած քաղաքացիների հայտարարությունների հնչեղությունը բարձրաձայնելու և Իրանի իշխանությունների «հակաժողովրդավար» ու «անմարդկային» կերպարն ի ցույց դնելու գործին։ Ավելին, իշխանամերձ մամուլի էջերով Ադրբեջանի իշխանությունները սպառնում են Իրանին՝ նշելով, որ կարող են անգամ տարածքային պահանջներ ներկայացնել և նույնիսկ հաջողություն ունենալ Ատրպատական նահանգն Իրանից անջատելու և Ադրբեջանին միացնելու հարցում։

Բայց եթե մի պահ վերանանք բոլոր այս սպառնալիքներից և օրվա ընթացիկ զարգացումների մանրակրկիտ ուսումնասիրությունից, կտեսնենք, որ մեր տարածաշրջանում ի հայտ եկած հիմնական խնդիրը, որին փորձում է դիմագրավել իրանական կողմը, աշխարհաքաղաքական վերափոխումների սկսված գործընթացն է։ Թեհրանը լավ է գիտակցում, որ Հարավային Կովկասում վերջին երեսուն տարիների համեմատ Թուրքիայի ներկայությունն աննախադեպ ծավալների է հասել։ Թեհրանում նաև հասկանում են, որ դա տեղի է ունեցել ի հաշիվ ռուսական ազդեցության նվազման։ Խնդիրն Իրանի համար նրանում է, որ ավելի քան մեկ դար Հարավային Կովկասը նրանք համարել են ռուսական ազդեցության գոտի և, մեծ հաշվով, որևէ սպառնալիք այդ իրողության մեջ չեն տեսել։ Իրանը մշտապես զբաղված է եղել Մերձավոր Արևելքում, Ասիայում, Պարսից ծոցի ավազանում գոյություն ունեցող խնդիրներով՝ համարելով, որ ռուսական ներկայությունը Հարավային Կովկասում անվտանգային լուրջ աջակցություն է իրենց կենսական շահերի համար։ 44-օրյա պատերազմից հետո այդ իրողությունը, ինչպես արդեն ասացինք, փոխվել է։ Իրանում տեսնում են, որ Ռուսաստանն այս պահին չի կարողանում սպասարկել Հարավային Կովկասյի անվտանգային խնդիրները։ Ավելին, նրանք տեսնում են, որ թուրքական գործոնի մեծացմամբ  տարածաշրջանում ի հայտ են գալիս նոր սպառնալիքներ, որոնք կարող են նույնիսկ կենսական վտանգ դառնալ Իրանի համար։ Այս իրավիճակում պաշտոնական Թեհրանը պարզապես պարտավորված է իր հայացքն ուղղել դեպի մեր տարածաշրջան և ամեն ինչ անել, որպեսզի Հարավային Կովկասում ապահովի իր կոմունիկացիոն, տնտեսական, սոցիալական և ռազմական անվտանգությունը։

Այս հարցում իրանական կողմն, իհարկե, միայնակ չէ։ Ռուսական աջակցությունից զատ պաշտոնական Թեհրանն ունի նաև Չինաստանի օգնությունը։ 2021թ. մարտի 27-ին Իրանի և Չինաստանի միջև ստորագրվել է «Ռազմավարական համագործակցության մասին» համաձայնագիր, որտեղ առանձնահատուկ տեղ է հատկացված Հարավային Կովկասում երկու երկրների համագործակցության հնարավորություններին։ Բայց նույնիսկ առանց արտաքին աջակցության Իրանն այսօր ունի բավարար ներուժ՝ այս տարածաշրջանում իր խնդիրների անհրաժեշտ նվազագույն մասը լուծելու համար։ Հայաստանն այս իմաստով Իրանի համար չափազանց կարևոր է և լուրջ դերակատարում կարող է ստանձնել։ Մանավանդ, որ դա բխում է հենց մեր երկրի շահերից։ Խնդիրը սակայն նրանում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, կարծես, այդքան էլ տրամադրված չեն Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը՝ նախապատվություն տալով Արևմուտքի հետ համագործակցությանը։ Իսկ Իրանի ընկալմամբ Արևմուտք նշանակում է նոր սպառնալիք։ Պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի օտար երկրների զինված ուժերի ներկայություն իր սահմաններում։ Բացառություն է թերևս միայն Ռուսաստանը։ Բայց այսօր նաև փաստ է, որ Արցախի օկուպացված տարածքներում իրավիճակն այսօր ամբողջությամբ վերահսկվում է Թուրքիային բանակի կողմից։ Եվ սա մեծ խնդիր է Իրանի համար։

Երևանում Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հենց այս հարցն էր փորձում բացատրել Հայաստանի իշխանություններին։ Թեհրանն ակնկալում է, որ Հայաստանը իր անվտանգային խնդիրները լուծի Ռուսաստան-Իրան-Չինաստան ճամբարի առաջարկներով ու ռեսուրսներով։ Իրանական կողմը շատ բաց է խոսում դրա մասին՝ նաև հասկացնելով, որ եթե Հայաստանը չդիմադրի թուրք-ադրբեջանական էքսպանսիոնիստական քաղաքականությանը, ապա դա ստիպված կլինի անել հենց ինքը՝ Իրանը։ Եվ այդ սցենարում պարսակական կողմը չի բացառում ոչինչ՝ անգամ սեփական զինված ուժերը Հայաստանի ու Ադրբեջանի տարածք մտցնելու հնարավորությունը։

Կլսի՞ արդյոք Երևանը իրանական զգուշացումներին և կառաջնորդվի՞ արդյոք նրանց առաջարկներով, ցույց կտա ժամանակը։ Բայց այն, որ Հայաստանի իշխանությունները դեռևս նման որոշում չունեն, փաստ է։ Ավելին, նույնիսկ ադրբեջանական հարձակումներն ու ՀՀ սուվերեն տարածքներ գրավելու հանգամանքը պատճառ չի դարձել, որպեսզի Երևանը ավելի բաց ու բովանդակային համագործակցի Իրանի՝ այս հարցում մեր անվտանգության կարևոր երաշխավորներից մեկի հետ։ Փաշինյանի վարչակազմը վախենում է, որ դա կարող է ազդել Արևմուտքի հետ իր հարաբերությունների որակի վրա։ Եվ սա հերթական այն ապացույցներից է, որ Փաշինյանն ու իր կառավարությունը անձնական շահը գերադասում են պետական ու նույնիսկ երկրի կենսական շահերից։ Ցավալի մի իրողություն, որից Հայաստանը արդեն քանի տարի չի կարող ձերբազատվել։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կապված նյութեր