Փոփոխություններ Արցախում։ Ռ. Վարդանյանի նշանակման արդյունքներն ու առաջին դրական և բացասական ազդակները

Հոկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին նշանակել է Արցախի պետական նախարար՝ նշելով, որ պատրաստ է «նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ»։

Նույն օրը Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարն այսուհետ համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝

1. առողջապահության նախարար.

2. արդարադատության նախարար.

3. արտաքին գործերի նախարար.

4. գյուղատնտեսության նախարար.

5. կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.

6. սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.

7. տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.

8. քաղաքաշինության նախարար.

9. ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:

Ավելին, Արցախի պետական նախարարին են վերապահվել նաև հայկական երկրորդ հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթները՝ պետական վերահսկողական ծառայության պետի, կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի, նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի, պետական եկամուտների կոմիտեի նախագահի, պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի, ջրային կոմիտեի նախագահի:

Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելու մասին լուրերը շրջանառվում էին վերջինիս Ստեփանակերտ տեղափոխվելուց անմիջապես հետո։ Սեպտեմբերի երկուսին Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է ռուսաստանյան քաղաքացիությունից եւ որոշել է բնակություն հաստատել Արցախում: Այդ հայտարարությունից հետո նա բազում հանդիպումներ է ունեցել Արցախի բարձրագույն ղեկավարության, Խորհրդարանի ֆրակցիաների, հասարակական գործիչների և բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ Ռուբեն Վարդանյանը հենց այնպես չէ հայտնվել Արցախում և որ հայկական երկրորդ պետության անվտանգության ապահովման և զարգացման ծրագրեր ունի մշակած։

Ռուբեն Վարդանյանի նշանակման նախորդող օրերին Արցախի քաղաքական դաշտում խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ պետնախարար դառնալուց հետո վերջինս համակարգելու է ոչ միայն երկրի տնտեսական բլոկը, այլև պաշտպանականն ու արտաքին քաղաքականը։ Սակայն, ինչպես տեսանք Ա. Հարությունյանի հրամանագրերից, երկրի ուժային կառույցների համակարգումը դեռևս շարունակում է մնալ նախագայի գործունեության տիրույթում։ Իսկ սա նշանակում է, որ դեռևս հերքվում են նաև մյուս շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ Ռ. Վարդանյանի քաղաքական ասպարեզ գալով Արցախում ամբողջական իշխանափոխություն է տեղի ունենալու, որից հետո նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը օժտվծ կլինի միայն նոմինալ լիազորություններով։

Ամբողջական իշխանափոխություն Արցախում տեղի չունեցավ, սակայն եղած փոփոխություններն էլ բավական մեծ աշխուժություն բերեցին ներարցախյան զարգացումներին։ Առաջին փաստը, որ պետք է արձանագրել, Արցախի քաղաքական էլիտաներում և ժողովրդի շրջանում առաջացած դրական սպասելիքներն են։ Նույնիսկ՝ ոգևորությունը։ Մարդիկ ակնկալում են, որ Վարդանյանին կհաջողվի ներդրումներ բերել Արցախ, ռուսական կողմի հետ անվտանգության խնդիրների լուծման ավելի հիմնավոր պայմանավորվածություններ ձեռք բերել և նույնիսկ հասնել նրան, որ 44-օրյա պետարեզմի որոշ կորուստներ վերականգնվեն։

Ինքը՝ Վարդանյանը, այդ սպասումներն ամեն կերպ մեծացնում է։ «Երկու տարի առաջ այս օրը շատ ծանր էր մեր ժողովրդի համար: Հիշելով և հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին՝  պետք է հավատանք, որ մեր վերածնունդը լինելու է։ Մեր ապագան մեր ձեռքերում է։ Այստեղ եմ, որ ձեզ հետ միասին ամեն ինչ անենք, որ Արցախն ունենա հաղթանակներ»,- նոյեմբերի 9-ին, բացելով Արցախի Կառավարության ընդլայնված կազմով խորհրդակցությունը, ասել է պետնախարարը:

Մյուս կողմից ակնհայտ է, որ բարի ցանկություններով հնարավոր չէ լուծել Արցախի առջև ծառացած մարտահրավերները։ Ռ. Վարդանյանն արդեն իսկ ստիպված է եղել առերեսվել շուտափույթ արձագանք պահանջող որոշ դժվարությունների հետ, որոնց մասով նա պարզապես չի կարողացել որոշում կայացնել։ Այդպիսի մի օրինակ է, 2023թ.-ի Արցախի բյուջեի հաստատման գործընթացը։ Կառավարության նոյեմբերի 16-ի նիստի ընթացքում այս կապացությամբ Վարդանյանը հայտարարել է. «Իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է վերանայենք բյուջետային մոտեցումները: Բայց բյուջետային գործընթացն սկսվել էր մինչև իմ պաշտոնավարումը, ուստի հաշվի առնելով ֆինանսական կայունության պահպանման կարևորությունը, այս փուլում պետք է ներկայացնել բյուջեի՝ արդեն իսկ ձևավորված նախագիծն ու առաջիկա ամիսներին աշխատել նոր, ծրագրային բյուջետավորման սկզբունքների հիման վրա կազմված բյուջե մշակելու ուղղությամբ»: Իսկ սա առնվազն նշանակում է, որ արագ լուծումներ, գոնե թե բյուջեի մասով, չեն լինելու։

Հուսադրողը միայն այն է, որ Արցախի նորանշանակ պետնախարարը նույն նիստի ընթացքում խոսել է նաև «դժվարին» և «ոչ պոպուլար» լուծումների գնալու իր պատրաստակամության մասին։ «Մենք լրջագույն խնդիրներ ունենք, այդ թվում՝ բյուջետային մեծ դեֆիցիտ, և այդ խնդիրները լուծելու համար դժվարին, երբեմն անգամ ոչ պոպուլյար որոշումներ պետք  է կայացվեն: Հակառակ դեպքում մենք չենք կարող հաղթահարել ճգնաժամը: Սա ասում եմ, որպեսզի մենք հստակ պատկերացնենք իրականությունը և հասկանանք, որ միասին պետք է շատ բարդ մարտահրավերներ հաղթահարենք», -ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

Շատերը ենթադրում են, որ այս հայտարարությամբ Արցախի պետնախարարը անոնսավորել է պետհամակարգում վաղուց արդեն հասունացած կրճատումների և օպտիմալացումների գործընթացի մեկնարկը։ Սա մի խնդիր է, որն ըստ արցախցիների, ունակ է լուծել միայն «դրսից եկած» ղեկավարը։ Միայն այդպիսի մարդը, ըստ արցախցիների, կարող է անկաշկանդ գործից ազատել հարյուրավոր՝ ըստ էության ոչ մի լրացուցիչ արժեք չստեղծող քաղաքացիների։ Սակայն այս պարագայում էլ առաջանալու է մեկ այլ խնդիր՝ պետական ապարատից ազատված քաղաքացիների զբաղվածության հարցը։ Եվ ահա այստեղ են, որ պետք կգան Ռ. Վարդանյանի՝ բիզնես աշխարհում ունեցած փորձն ու մեծ կապերը։

Տպավորիչ չէր նաև Ռ.Վարդանյանի՝ արտաքին քաղաքականության ոլորտում արված առաջին հայտարարությունը։ Հիշեցնենք, որ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Ալիևի այն հայտարարությանը, որ ինքը չի պատրաստվում երկոսել Արցախ գործուղղված «Մոսկվայի բանագնացի» հետ, Վարդանյանը նշել է, որ ինքը լիովին համապատասխանում է «պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»»։ Ընդ որում, Վարդանյանն իր պատասխանում նաև նշել է, որ «երկու կողմերի առաջնորդները պետք է ստանձնեն ողջ պատասխանատվությունը, և որքան էլ դժվար լինի, նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու դադարեցնեն արյունահեղությունը»։ Շատ փորձագետների կարծիքով, օգտագործելով «երկու կողմ» արտահայտությունը, Արցախի պետնախարարն Ադրբեջանի հետ բանակցելու պարտավորությունը հիմնականում դնում է Հայաստանի Հանրապետության ուսերին՝ այդկերպ երկրորդ պլան մղելով պաշտոնական Ստեփանակերտի գործոնը։ Սա, իհարկե, տպավորությունների մակարդակում է, բայց որ նման տպավորություն է ստեղծվում, արդեն իսկ լավ չէ։ Հարկ է, որ Արցախի պետնախարարը, ով համակարգում է նաև արտաքին գործերի նախարարության աշխատանքները, ավելի պատրաստված լինի Ադրբեջանի և ընդհանրապես՝ արտաքին աշխարհի հետ շփումներին։

Այս ամենով հանդերձ, ինչպես արդեն նշեցինք, Վարդանյանի նշանակումն Արցախի պետական նախարարի պաշտոնում դրական սպասումներ և նույնիսկ արդեն փոփոխություններ է բերել հայկական երկրորդ պետությունում։ Այս պահի դրությամբ որպես գլխավոր ձեռքբերում պետք է նշել Արցախում քաղաքական ու ռազմական վերնախավի միասնականության վերականգնման փաստը։ Ռ. Վարդանյանը ներկայումս վայելում է ԼՂՀ նախկին և ներկա իշխանությունների վստահությունն ու լիարժեք աջակցությունը, ինչը լրացուցիչ պարտավորություններ է դնում նրա ուսերին։ Այդ միասնականությունը պետք է կապիտալիզացնել և ամբողջությամբ ծառայեցնել Արցախի անվտանգության և բարեկեցության խնդիրների լուծմանը։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կապված նյութեր