Անվտանգային բացերն ու Իրանի հյուսիսարևմտյան սահմանների վիճակը. Մարտահրավերներ և հետևանքներ (Իսրայել, Թուրքիա, ՆԱՏՕ, ԴԱԷՇ)

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի զեկույցը «Կովկասի աշխարհաքաղաքական հավասարումները եւ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարները» համաժողովում։

Թեհրան, 05.03.2023թ.

Հարավային Կովկասում վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները շատերը պայմանավորում են 2020թ. Ադրբեջանի և Արցախի միջև տեղի ունեցած 44-օրյա պատերազմով և դրան հետևած զարգացումներով։ Ու թեև ադրբեջանա-արցախյան պատերազմն իսկապես մեծ ազդեցություն է ունեցել մեր տարածաշրջանի վրա, բայց այնուամենայնիվ պատերազմը չէր, որ դարձավ փոփոխությունների հիմնական պատճառ։ Թերևս, ավելի ճիշտ կլինի ասել, որ 44-օրյա պատերազմն ինքն էր այդ փոփոխությունների հետևանքն ու կուլմինացիան։

Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում Հարավային Կովկասում, պետք է, թերևս մի քանի տար հետ գնալ և մերօրյա աշխարհաքաղաքական զարգացումների հիմքերը փնտրել 2010-ական թվականների սկզբներին։ 2013-ին առիթ եմ ունեցել ներկա լինելու Վիլնյուսում անցկացվող ԵՄ Արևելյան Գործընկերության գագաթնաժողովին, որի ընթացքում Վրաստանն ու Մոլդովան Եվրամիության հետ նախաստորագրել են մինչ այդ երկար ժամանակ բանակցված Ասոցացման համաձայնագիրը՝ ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտիներ (ԽՀԱԱԳ) հաստատելու դրույթները։

Հայաստանն ու Ադրբեջանը նման պայմանագիր Եվրամիության հետ չստորագրեցին՝ յուրաքանչյուրը ելնելով իր առանձնահատուկ մոտեցումներից ու քաղաքականությունից։ Սակայն բոլորի ուշադրության կենտրոնում Ուկրաինան էր, որտեղ արդեն իսկ նախահեղափոխական տրամադրություններ էին։ Վիլնյուսի գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց, որ իր երկիրը ժամանակավորապես առկախում է Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ առեւտրի գոտու ստորագրման նախապատրաստական գործընթացը: Տարածված կարծիքի համաձայն, Յանուկովիչի այդ դիրքորոշումը թելադրված էր Ռուսաստանի ազդեցությամբ։

Վիլնյուսի գագաթնաժողովից անմիջապես հետո Կիևի կենտրոնում Ասոցացման պայմանագրի կողմից ցույցեր սկսած ուժերի գործունեությունը նոր թափ է ստանում և Եվրամայդան անվանումն ունեցող շարժումը կարճ ժամանակում երկրում իշխանափոխություն է իրականացնում։ Ահա այս գործընթացներն էին, որ, իմ խորին համոզմամբ, բերեցին հետխորհրդային տարածաշրջանում աշխարհաքաղաքական լուրջ վերափոխումների՝ այդ թվում նաև Հարավային Կովկասի երկրների սահմանների փոփոխության։

Մինչ 2013-ի վերջն ու 2014-ի սկիզբը Հարավային Կովկասում գործում էին անվտանգության ապահովման երկու հիմնական համակարգեր՝ աշխարհաքաղաքական կենտրոնների համագործակցությունն ու համերաշխությունը մեր տարածաշրջանին վերաբերող հարցերում և երկրորդ՝ Հարավային Կովկասի հակամարտությունների մեջ ներգրավված կողմերի միջև ձևավորված ուժերի հավասարակշռությունը։

2014-ից սկսած Ռուսաստանն ու Արևմուտքը ոչ միայն դադարեցին համագործակցել մեր տարածաշրջանում, այլև ճիշտ հակառակը՝ նրանց հետզհետե լարվող հարաբերություններն արդյունքում վերաճեցին մրցակցության՝ Հարավային Կովկասը վերածելով աշխարհաքաղաքական պայքարի հարթակի։

Տարածաշրջանի անվտանգության ապահովման երկրորդ գործոնը՝ հայ-ադրբեջանական հակամարտության կողմերի միջև ձևավորված ուժերի հավասարակշռությունը, ըստ էության ընդունակ չեղավ լիարժեք իրականացնելու իր գործառույթները։ 2014 թվականի ամռան ամիսներից սկսած Ադրբեջանի և Արցախի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի սահմաններում իրավիճակն աստիճանաբար սկսեց լարվել՝ 2016-ին վերաճելով ադրբեջանա-արցախյան Ապրիլյան, իսկ 2020-ին՝ 44-օրյա պատերազմների։

Իհարկե, բոլոր այս զարգացումները թելադրված էին նաև վերոնշյալ աշխարհաքաղաքական մրցակցությամբ, որի ընթացքում, իդեպ, բացահայտվեց մեր տարածաշրջանում շահ հետապնդող որոշ ուժային կենտրոնների՝ իրավիճակը վերահսկելու անկարողությունը։ Վերջին այս հանգամանքը, կարծում եմ, խնդիր դարձավ ոչ միայն բուն այդ երկրների, այլև նրանց գործընկերների համար։ Օրինակ, իրանցի շատ փորձագետներ և նույնիսկ դիվանագետներ վերջին շրջանում հաճախ են խոսում այն մասին, որ Ռուսաստանը չկարողացավ լիարժեք իրականացնել Հարավային Կովկասի անվտանգության երաշխավորի դերակատարումը։ Դրա հետևանքով Թեհրանում անվստահություն է առաջացել Ռուսաստանի հանդեպ Եվ հիմա Իրանն ինքն է ստիպված որոշ քայլեր նախաձեռնել, որպեսզի մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր սպառնալիքներ չստեղծեն Իսլամաական Հանրապետության համար։ Բայց սրան քիչ ավելի ուշ կանդրադառնամ։

Հիմա ուզում եմ պարզապես նշել այն իրողությունները, որոնք միանգամայն նոր են Հարավային Կովկասի համար և որոնց ճիշտ գնահատումը կարևոր է մեր տարածաշրջանում անվտանգային նոր համակարգ կառուցելու համար։

Նախևառաջ, իհարկե, պետք է խոսել այն մասին, որ Հարավային Կովկասում փոխվել են երկրների սահմանները։ Ադրբեջանին հաջողվել է մեծ տարածքներ նվաճել Արցախից և Հայաստանից, մեծացնել իր սահմանն Իրանի Իսլամական Հանրապետության հետ և հիմքեր պատրաստել տարածքային նոր նվաճումների համար։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է ՀՀ մի շարք շրջաններին, բայց հատկապես Սյունիքի մարզին։ Այստեղով Ադրբեջանը պլանավորում է ցամաքային կապ ստեղծել Նախիջևանի Ինքնաավար Հանրապետության հետ՝ ևս մեկ քայլով մոտենալով պանթուրքական երազանքի իրագործմանը։ Զուգահեռաբար թուրք-ադրբեջանական դաշինքն այդկերպ ցանկանում է կտրել Իրանի կապը Հայաստանի, Վրաստանի և Սև ծովի ավազանի հետ։

Երկրորդ կարևոր հանգամանքը թուրքական ազդեցության մեծացումն է Հարավային Կովկասում։ 2020թ. Թուրքիան կարողացել է ոչ միայն դիվանագիտական աջակցություն ապահովել Արցախի դեմ ագրեսիա սկսելու Ադրբեջանի քաղաքականությանը, այլև փաստացի դառնալ այդ պատերազմի կողմ՝ Ադրբեջան ուղարկելով բազում զինվորականների, ռազմական տեխնիկա և նույնիսկ ահաբեկիչների Սիրիայից։ Թե ինչպես է պաշտոնական Անկարան կարողացել հաղթահարել Հարավային Կովկաս մուտք գործելու նախկին տարիների արգելքը, կարծում եմ, հետաքրքիր և կարևոր ուսումնասիրության հարց է։ Բայց առանց նման հետազոտության էլ կարելի է փաստել, որ դա տեղի է ունեցել այդ թվում նաև Իրանի և Ռուսաստանի լուռ համաձայնության, եթե չասենք՝ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում։ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան իրավական ուժ է տվել Ադրբեջանի և Արցախի օկուպացված տարածքներում իր ռազմական ներկայության խնդրին և հիմա, ըստ էության, կառավարում է ադրբեջանական բանակը։

Երրորդ, Հարավային Կովկասում միանգամայն նոր դերակատարում է ստանձնել Իսրայելը։ Մամուլում պարբերաբար տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքում հետախուզական ծրագրեր է իրականացնում՝ փորձելով այդկերպ նոր սպառնալիքներ ստեղծել Իրանի համար՝ երկրի հյուսիսարևմտյան սահմաններում։

Հաջորդ կարևոր հանգամանքը Հարավային Կովկասն Արևելք-Արևմուտք տրանզիտի գոտու վերածելու աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ցանկությունն է։ Սա մի քաղաքականություն է, որը կարող է զգալիորեն նպաստել Թուրքիայի դերակատարման մեծացմանը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև հարակից բոլոր տարածաշրջաններում՝ սկսած Միջին Ասիայից և Կասպից ծովի ավազանից, վերջացնելով Մերձավոր Արևելքով ու Արևելյան Եվրոպայով։ Միևնույն ժամանակ Հարավային Կովկասի տարածքով անցնող տրանսպորտային ուղիները, ըստ դրանց նախագծող թուրք-ադրբեջանական դաշինքի, պետք է նպաստեն նաև մեր և հարակից տարածաշրջաններում Ռուսաստանի և Իրանի դերերի նվազեցմանը, եթե չասենք՝ դրա փոխարինմանը թուրքական և արևմտյան ազդեցությամբ։

Չորրորդ, Ադրբեջանի քաղաքականության ագրեսիվացում։ Թուրքիայի, Իսրայելի և Սիրիայից բերված ահաբեկիչների օգնությամբ Արցախում հաղթանակ տարած Ալիևի վարչակազմը կորցրել է կապն իրականության հետ և սկսել ծայրահեղ ագրեսիվ քաղաքականություն վարել ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև Ռուսաստանի և Իրանի հանդեպ։ Պաշտոնական Բաքվի այս քաղաքականությունն աջակցություն է ստանում նաև Թուրքիայի կողմից, ինչն էլ ավելի է մեծացնում տարածաշրջանային լարվածությունը։ Գործն անգամ հասնում է նրան, որ ժամանակ առ ժամանակ Իրանն ու Ադրբեջանը միջպետական կոնֆլիկիտի իրական վտանգի առջև են հայտնվում։

Եվ վերջապես հինգերորդ, Ռուսաստանի հնարավորությունների զգալի սահմանափակում Հարավային Կովկասում։ Ցավոք, վերջին տարիների, բայց հատկապես 2022 թվականի զարգացումները ցույց տվեցին, որ Մոսկվան ընդունակ չէ Արևմուտքի հետ աշխարհաքաղաքական մրցակցությանը զուգահեռ մի քանի ճակատներ սպասարկել և դա բերեց նրան, որ Հարավային Կովկասում անվտանգության լուրջ ճգնաժամ առաջացավ։ Վիճակն այն մակարդակի է հասել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երկու անգամ՝ 2021-ի հոկտեմբերին և 2022-ի սեպտեմբերին, ստիպված է եղել լայնածավալ զորավարժություններ սկսել Ադրբեջանի հետ սահմանին՝ կանխելու համար թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից հայկական Սյունիքի հնարավոր անեկսիայի սցենարը։ Ըստ էության, կարող ենք արդեն փաստել, որ վերջին հարյուրամյակի ընթացքում առաջին անգամ հիշատակված ամսաթվերին Իրանը Հարավային Կովկասում փոխարինել է Ռուսաստանին և անվտանգային խնդիրներ լուծել ողջ տարածաշրջանի համար։ Եվ սա չափազանց կարևոր նորություն է։

Ամփոփելով վերոնշյալը, պետք է ասեմ, որ շարադրված բոլոր վերափոխումները Հարավային Կովկասի նոր դերակատարման կարևոր գործոններ են։ Ցավոք, մեր տարածաշրջանն այսօր գտնվում է ոչ միայն աշխաարհաքաղաքական մրցակցության կիզակետում, այլև կարող է դառնալ պատերազմական լայնածավալ գործողությունների թատերաբեմ։ Եվ սա սպառնալիք է, որն ընդհանուր է հայկական երկու պետությունների, Իրանի և Ռուսաստանի համար։ Այդ սպառնալիքների աղբյուրները հայտնի են։ Դրանք են թուրք-ադրբեջանական դաշինքը, Իսրայելն ու Արևմուտքը։ Նրանց շարժառիթներն էլ են հստակ՝ ցանկանում են նոր ձևավորվող ապագա աշխարհակարգում հնարավորինս ուժեղ դիրքեր ունենալ։ Բայց սա իհարկե դատավճիռ չէ Հայաստանի, Արցախի և մեր դաշնակիցների համար։ Ճիշտ հակառակը՝ ես միշտ համարել եմ, որ բոլոր տեսակի սպառնալիքներն իրենց հետ նաև նոր հնարավորություններ են բերում։ Խնդիրը միայն իրավիճակը ճիշտ գնահատելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու մեջ է։ Եվ ես լիահույս եմ, որ Աստծո կամոք մենք կկարողանանք ճիշտ լուծումներ գտնել ու աշխարհաքաղաքական այս ցնցումներից դրական արդյունքներով դուրս գալ։ Եվ թող Ամենակարող Աստված օգնական լինի մեզ ամենքիս։ Շնորհակալություն։

Կապված նյութեր