Այս տարի լրանում է նաև Հայոց ձորի ճակատամարտի 4510-ամյակը

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, ՀՀ և Սփյուռքի հասարակական, քաղաքական բոլոր կազմակերպություններին

Տիկնա՛յք և պարոնա՛յք, այս տարի լրանում է Երևանի հիմնադրման 2800-ամյակը, Հայաստանի 1-ին հանրապետության ստեղծման 100-ամյակը: Այդ իրադարձությունների մասին հաճախ է խոսվում, սակայն, հազվադեպ բացառությամբ, ոչ մի խոսք չի ասվում, որ այս տարի լրանում է նաև Հայոց ձորի ճակատամարտի 4510-ամյակը: Հայտնի է, որ այդ ճակատամարտում մ.թ.ա. 2492 թ. նավասարդի 1-ին (օգոստոսի 11/23) Հայկ Նահապետը փայլուն և վճռական հաղթանակ է տարել Բելի (Նեբրովթի, Մեսիլիմի) նկատմամբ և հնարավորություն է ստացել կարգավորելու իր երկրի պետական և քաղաքական վիճակը, փաստորեն հիմնադրել է Հայկական պետականությունը: Մի՞թե զարմանալի չէ, որ խոսելով Երևանի հիմնադրման և առաջին հանրապետության ստեղծման տարելիցների մասին, լռության է մատնվում մի այնպիսի դարակազմիկ իրադարձություն, ինչպիսին Հայկական պետականության հիմնադրումն է, ինչը մեծ նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային պատմության համար:

Հայոց ձորի ճակատամարտի մասին հայ և օտարազգի պատմագիրների տեղեկությունները խորհրդային ժամանակաշրջանում դիտվում էին իբրև առասպել կամ, լավագույն դեպքում, համարվում էին, այսպես կոչված, Ուրարտուի և Ասուրա-բաբելական թագավորությունների միջև պատերազմների, հայ ժողովրդի կազմավորման գործընթացի արձագանքներ, իսկ Հայկական պետության պատմությունը սկսում էին Ուրարտուի անկումից հետո:
Այդ վերջին միտքը մեծ հաճույք է պատճառում Անդրկովկասի արևելքում ծվարած թուրքերին, որոնք առիթը բաց չեն թողնում նշելու, որ հայերն իրենք են իրենց պատմությունն սկսում մ.թ.ա. VI դարից:

Մինչդեռ արդեն իսկ խորհրդային ժամանակաշրջանում և, այնուհետև, անկախ Հայաստանի Հարապետությունում, կասկածելի գաղափարախոսություններից զերծ, սթափ մտածող գիտնականներն ապացուցեցին, որ Հայաստանի պատմությունը չի սկսվում Ուրարտուի անկումից հետո, այլ՝ շատ ավելի վաղ ժամանակաշրջանում, և որ Ուրարտու անվանումը Հայաստանի անվանումներից մեկն է:

Հայոց ձորի ճակատամարտի տարեթվի մասին կան տարբեր կարծիքներ. այն տեղադրում են մ.թ.ա. 3500 թ., մ.թ.ա. 2650 թ., մ.թ.ա. 2107 թ. ևն, սակայն շատ ուսումնասիրողներ գտնում են և ապացուցում, որ Հայոց ձորի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 2492 թ.: Այդ ճակատամարտը փաստեց դեռևս մ.թ.ա. XXVIII դ. սկսված հայ ժողովրդի կազմավորման գործընթացի ավարտը և ապացույց էր հայ ժողովրդի համախմբվածության, ինչը միշտ արտահայտվում է Հայաստանին սպառնացող վտանգների ժամանակ:

Արդ, ի՞նչն է խանգարում ընդունելու այդ թվականն իբրև Հայոց պետականության հիմնադրման թվական և նշելու այն այս տարի: Օտարների կարծի՞քը: Ինչու՞ պիտի օտարները որոշեն Հայոց պատմության սկզբնավորման ժամանակը և ընդհանրապես հայոց պատմությունը:

Հայ ժողովուրդն է իր պատմությունը կերտողը և հայ ժողովուրդն ինքը պիտի գնահատի իր պատմության կարևորագույն իրադարձությունները: Հայ ժողովուրդը հենց այնպես չէ, որ կոչվում է Հայկի անունով և իր երկիրն հենց այնպես չէ, որ անվանել է՝ Հայաստան, Հայք, այլ գիտակցել է Հայոց ձորի ճակատամարտի նշանակությունը և Հայկ Նահապետի դերը:

Պատկերացնու՞մ եք, ի՞նչ կանեին հին պատմություն չունեցող և տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմությունը յուրացնելու և կեղծելու միջոցով պատմություն ստեղծող որոշ դրացիներ, եթե ունենային նման հնարավորություն, ինչպիսին ունեն հայերը: Նրանք տիեզերքով մեկ կշեփորահարեին այդ պարագան:

Իսկ հայերն, ունենալով իրական պատմություն, ինչն արտահայտված է հայ և օտարազգի բազմաթիվ գրավոր սկզբնաղբյուրներում և նյութական մշակույթի հուշարձաններում, պետք է հարգեն իրենց պատմությունն ու նշեն կարևոր իրադարձությունները:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, կոչ եմ անում, համոզված եմ, բոլոր հայերն են այդ ցանկանում, որ 2018 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը շնորհավորի հայ ժողովրդին՝ Հայկական պետականության հիմնադրման 4510-ամյակի առթիվ:
Դա հրաշալի առիթ է ոչ միայն բարձրացնելու հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հեղինակությունն ամբողջ աշխարհում, այլ նաև կլինի հարգանքի տուրք մ.թ.ա. 2492 թ. մինչև այսօր Հայաստանի ազատության ու անկախության համար զոհված մարտիկների, Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

«…կարծում եմ, խելացի մարդկանցից ոչ ոք չի հակադրվի…
(Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ա, Զ)

Հարգանքով՝
1972 – 1992 թթ.
Հայկական հանրագիտարանի
ավագ գիտական խմբագիր՝

Սեդրակ ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

 

Կապված նյութեր