Կոմանդոսը հայ պարտիզաններին դուրս բերեց ընդհատակից

Մայիսի 22-ին Արկադի Տեր-Թադևոսյանը՝ համահայկական Կոմանդոսը դարձավ 79 տարեկան։

…Տարօրինակ զգացողություն ունեմ, Արկադի։ Պետք է շնորհավորել քեզ՝ 76-ամյակիդ առթիվ, բայց…չի ստացվում։ Չի ստացվում, ընկեր, որովհետև չեմ կարող հավատալ պատկառելի տարիքիդ։ Ինչպե՞ս կարելի է հավատալ, որ դու՝ կենսական էներգիայով լեցուն, առույգ, աղմկոտ, երիտասարդ, նախաձեռնող, դարձար 76 տարեկան։ Ինձ թվում է՝ դու, որ կռվի դաշտում բազմիցս մոլորության մեջ ես գցել ու խոճապի մատնել թշնամուն, այսօր որոշել ես մոլորեցնել բնությանը։

Հասկանո՞ւմ ես, Արկադի, նրանց մասին, ովքեր այդքան տարի ապրել են, ընդունված է խոսել այնպես, ինչպես զառամյալ տարիքի մարդկանց մասին կխոսես, բայց, գրողը տանի, ես ոչ մեկին չեմ ճանաչում, ով քեզ նայելով կամ հետդ շփվելով, կմտածի, որ այդ տարիքին ես։ Ես բազմիցս եմ ականատես եղել, թե ինչպես են մարդիկ քեզ մոտ եկել առաջարկություններով, որոնց կատարումը շատ, երբեմն էլ տասնյակ տարիներ էր պահանջում։

Երբ մենք ծանոթացանք, դու երիտասարդ էիր, եռանդով լեցուն 52-ամյա գնդապետ, ով հեշտությամբ և անբռնազբոս կերպով իր 20-ամյա մարտիկների հետ հավասարապես տանում էր իրական զինվորական կյանքի ողջ բեռը։ Անցել է շուրջ քառորդ դար, և այսօր դու երիտասարդ գեներալ ես՝ պատրաստ բարձրանալու Մռավ։ Ճիշտ այնպես, ինչպես 53-ամյակիդ նախօրեին բարձրացար Շուշի։ Ես հաստատում եմ դա, Արկադի՝ դրա համար ունենալով բոլոր հիմքերը, քանի որ ճանաչում եմ Կոմանդոսին՝ Արկադի Տեր-Թադևոսյանին այնպես, ինչպես քչերն են ճանաչում։

Բայց եթե անգամ ես չեմ կարողանում հավատալ անձնագրում նշված տարիքիդ, ապա ինչպե՞ս կարելի է ուրիշներին պահանջել հավատալ դրան։

Դու հանդիսանում ես եզակի երևույթ, երբ ժողովրդի սերը մարդուն մյուսներից չի բարձրացնում, այլ հակառակը՝ իջեցնում է նրան, ավելացնում պատասխանատվության զգացումը։ Դու, ցավոք, հանդիսանում ես եզակի դեպք, երբ մարդ, ուղղակի, չի ընդունում «դափնիների վրա հանգչելը»։ Քո երիտասարդ հոգին և անհանգիստ բնավորությունը քեզ ստիպում է անդադար նոր օպերացիաներ մշակել, որոնք անփոխարինելի կլինեն Ադբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ նոր ագրեսիայի դեպքում։

Այսօր երբ քեզ հազարավոր մարդիկ են շնորհավորում, դու լսում ես գովեստի և, որ ավելի կարևոր է, երախտագիտության բազմաթիվ խոսքեր։ Հայկական խնջույքի սեղանը մի առանձնահատկություն ունի. այն օգնում է, որ գավաթը ձեռքն առած մարդը բաժակառում ասի այն, ինչն այլ հանգամանքներում անհարմար կլինի ասել։ Այնպես որ, Արկադի, այսօր քեզ ուղղված բազմաթիվ լավ, և, ամենակարևորը, անկեղծ խոսքեր լսեցիր։ Քիչ բան չի ասվել նաև քո ռազմական տաղանդի մասին, այն մասին, որ Շուշիի ազատագրման օպերացիան մտել է մի շարք երկրների ռազմական գործի դասագրքեր։

Խնդրում եմ, լսիր նաև իմ կարճ բաժակաճառը։

Արկադի, ես մի ընկեր ունեմ, ով գտնում է, որ ճիշտ չէ մարդուն իր տաղանդի կամ հանճարեղության համար գովելը, քանի որ այդ որակները նրան ի վերուստ են տրված (ընկերս ասում է՝ «Աստծո կողմից»)։ Ուստի, Կոմանդոս, ես նույնպես զերծ կմնամ քեզ և քո տաղանդը գովաբանելուց։ Համաձայնենք, որ դու երկար տարիներ չես անցկացրել դասագրքերի առաջ նստած, մարտի դաշտում չես փորձել լսարանում ստացածդ գիտելիքները, չես հղկել կռվին մասնակցող մարտիկների որակները, կյանքեր վտանգելով չես զորահրամանատարի ուրակություններ ձեռք բերել։ Համարենք, որ զորահրամանատար ես դարձել Աստծո կողմից։

Բայց, Արկադի, ոչ մի ռազմական տաղանդ չէր կարող անել այն, ինչ դու արեցիր Արցախում։ Եվ ես, ձեռքիս պահելով հայկական տտիպ գինով լցված այս գավաթը, ուզում եմ բոլորին լսելի դարձնել այն, ինչի մասին քչերը գիտեն. 1991թ. դու´, Արկադի, Արցախում հայ պարտիզաններին դուրս բերեցիր ընդհատակից։ Մեր տղաները դադարեցին լինել «հայ ազգի անհայտ դեմքերը», նրանք դարձան Արցախի Ինքնապաշտպանական ուժերի մարտիկներ, իսկ հետո՝ Արցախի հանրապետության Պաշտպանության բանակի մարտիկներ։ Հենց այն պահից, երբ մեր մարտիկները հրաժարվեցին ընդհատակից և այնտեղից դուրս եկան զենքը ձեռքներին, աշխարհը (ես նկատի ունեմ ոչ միայն հայոց աշխարհը) դադարեց կասկածել ԼՂՀ Պաշտպանության բանակի վերջնական հաղթանակին։

Քո´ շնորհիվ, Կոմանդո´ս, խիզախ ու Հայրենիքին անմնացորդ նվիրված հայ պարտիզանները դարձան Արցախի հանրապետության՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի կարգապահ, խիզախ և Հայրենիքին անմնացորդ նվիրված մարտիկներ։

Շնորհավորելով քեզ ծննդյանդ օրվա առթիվ (ստացվեց ամեն դեպքում)՝ ես, առաջին հերթին, ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ այն որոշման համար, որից հետո մեր հաղթանակը դարձավ շոշափելի և անխուսափելի։

Երկրորդ, ուզում եմ շնորհավորել քեզ այն բանի համար, որ պատերազմին հաջորդած շուրջ քսան տարվա ընթացքում դու չկորցրեցիր այն որակներից և ոչ մեկը, որոնք Ցեղասպանությունից հրաշքով փրկված Թադևոս քահանայի թոռանը դարձրին հայոց Կոմանդոս։

Վերջապես, Արկադի, ես ուզում եմ առողջություն մաղթել քեզ, երջանիկ եղիր ամեն ինչում՝ Հայրենիքի, ընտանիքի, ընկերների հարցում։ Դու դա վաստակել ես քո կյանքի 52, ներողություն, սիրելիս, 76 տարիների ընթացքում։

Լևոն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

23.05.2015թ.

Կապված նյութեր