Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու ապրիլյան փորձը հայ հասարակության շրջանում հետաքրքիր վերափոխումների պատճառ դարձավ։ Ազգային եւ պետական շահի դրոշի ներքո համախմբված ժողովուրդը, կարծես, նման առիթի էր սպասում, որպեսզի նորովի արժեւորի եւ իմաստավորի այն միջավայրը, որտեղ տարիներ շարունակ հայկական երկու պետությունները, հաղթահարելով ներքին եւ արտաքին բոլոր մարտահրավերները, հետեւողականորեն զարգանում եւ առաջ էին գնում։ Վերջին օրերին շատ է կարելի լսել այն միտքը, թե նման մի ցնցում անհրաժեշտ էր մեզ։ Իբր, մարդիկ մոռացել կամ առնվազն ուշադիր չէին արտաքին այն սպառնալիքների հանդեպ, որոնք մշտապես եղել են մեր կողքին։ Եվ հիմա, երբ անցած չորսօրյա պատերազմի դեպքերը կարելի է համեմատաբար ավելի հանգիստ իրավիճակում վերլուծել, վստահ կարող ենք պնդել, որ մի շատ կարեւոր գործ այս տարիների ընթացքում անթերի կատարվել է։ Խոսքը, իհարկե, մեր պաշտպանողականության ապահովման մասին է։
Ապրիլյան պատերազմի անցած մի քանի օրերը հայ ժողովրդին հազարավոր նոր հերոսներ նվիրեցին։ Շատերը դրսեւորվելու հնարավորություն ստացան, շատերը մասնակից դարձան, ոմանք անմահացան, իսկ բոլորս միասին նոր հաղթանակ ունեցանք։ Եվ երեւի թե տրամաբանական է, որ հենց այսօր հայ ժողովրդի համար նոր կարեւորություն են ստանում այն հաղթանակները, որոնք մենք կերտել ենք 1991-֊94թթ. Արցախում։ Ասում են՝ ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչելի։ Եվ հիմա, երբ մենք ունենք նոր՝ թեկուզ եւ ավելի փոքր հաղթանակ, կարող ենք հանգիստ անցած ճանապարհին նայել եւ որոշակի դատողություններ ու եզրահանգումներ անել։ Որովհետեւ, որքան էլ տարօրինակ դա չհնչի, պետք է ասեմ, որ չորսօրյա այս ռազմական գործողություններն ինձ համար բացահայտեցին արցախյան առաջին պատերազմին վերաբերող մի շարք հարցերի պատասխաններ։
Պատմության տրամաբանությունն է այսպիսին՝ ժամանակ է անհրաժեշտ անցյալը հասկանալու եւ արժեւորելու համար։ Ու թեեւ սխալ է ասել, թե 94֊-ին պատերազմն ավարտվել է, իսկ 2016֊-ին նոր պատերազմ է սկսվել, այնուամենայնիվ, անցած 22 տարիներն էլ բավարար էին պատմական որոշակի հեռավորություն ապահովելու եւ այդ դիտակետից անցյալի դեպքերը նորից ուսումնասիրելու համար։ Ուստի ես կմիանամ հետազոտողների այն խմբին, ովքեր վստահ են, որ չորսօրյա պատերազմը կարեւոր խթան հանդիսացավ հասարակական գիտակցության աճի համար։ Այն, կարծես, պատմական մեկ այլ՝ այնպիսի նոր փուլի սկիզբ դարձավ, որից հետո, Աստված մի արասցե, եթե նոր պատերազմ լինի, ապա համեմատության եզրերն անցնելու են արդեն մերօրյա իրողություններով։ Իսկ հիմա հանգիստ կարող ենք նայել անցյալին եւ հասկանալ, թե ինչպես հնարավոր եղավ հաղթել թվով եւ տեխնիկայով մի քանի անգամ մեր կարողությունները գերազանցող թշնամուն…
Երկու օր հետո հայ ժողովուրդը հպարտությամբ տոնելու է Շուշիի ազատագրման 24֊ամյակը։ 1992թ-ին փոքր երեխա էի։ Ստեփանակերտում էինք ապրում։ Քաղաք, որն ամեն օր ոչնչացվում էր Շուշիում, Ջանհասանում, Մալիբեյլիում, Խոջալուում, իսկ հետո նաեւ Աղդամում ամրապնդված ադրբեջանցիների կողմից։ Այն օրերի մեր հիմնական ուրախությունը հայրիկիս հետ հերթական հանդիպումն էր։ Նա որոշակի լուրեր էր մեզ հաղորդում մեր տանից ընդամենը 10֊-15 կմ հեռու ընթացող մարտական գործողությունների մասին։ Մալիբեյլիի ու Կրկժանի ազատագրումը պատուհանից ենք տեսել։ Շենքը հինգ հարկանի էր, մեր բնակարանից ամեն ինչ հիանալի երեւում էր։ Խոջալուի ազատագրման մասին հայրս է պատմել։ Մինչ այդ էլ պատմել էր Տողի եւ Սարինշենի գործողությունների մասին…
Հիմա, որքան փորձում եմ վերհիշել այն օրերի ապրումներս, հասկանում եմ, որ միեւնույն է՝ մի բան պակաս է։ Իհարկե, այս ուրախությունների կողքին կար նաեւ տխրություն։ Մեծ տխրություն։ Կողքի բակում ապրող ծանոթ տղա էր զոհվել, ժամանակ առ ժամանակ լսում էի հայրիկի ընկերների կորստի լուրը։ Իսկ մեկ անգամ էլ տեսա, թե ինչպես է մեր կողքի հարեւան մի կին մերկացրած կուրծքը փորձում դնել իր զոհված զավակի՝ Կառլենի բերանում՝ խնդրելով որդուց նորից մանուկ դառնալ եւ նորից կաթ ուտել… Այս ամենը մեր կյանքն էր, եւ այս ամենին, կարծեմ, հանգիստ էինք վերաբերվում։ Հայրս ամեն ինչ անում էր, որպեսզի չվախենանք, ժամանակին եւ ճիշտ վայրում թաքնվել կամ գլուխ բարձրացնել սովորենք ու հոգեբանորեն էլ չընկճվենք։ Խաղերը միշտ անպակաս էին մեր կյանքում, ուրախությունն ու տխրությունը՝ նույնպես։ Մեկ օր երեկոյան եկավ եւ հորդորեց գիշերը չքնել։ «Շուշին ենք վերցնելու»,- ասաց ու գնաց։
Հիմա, երբ երջանիկ մի պատահականությամբ Շուշիի ազատագրման գործողությունն ու դրան նախորդած դեպքերը մանրամասն ուսումնասիրելու հնարավորություն ստացա, իսկապես զարմանում եմ, թե ինչպե՞ս էր կարելի այնպիսի մի իրավիճակում, որում հայտնվել էր արցախահայությունը 90-֊92թթ., հասնել երեւելի այնպիսի հաղթանակների, որպիսիք չի տեսել մեր ժողովուրդն անգամ իր պատմության ամենածաղկուն շրջաններում։ «Ինչպե՞ս»,- ամեն անգամ հարցնում էի ինքս ինձ՝ Ստեփանակերտից նայելով Շուշիի բարձունքին։ Նույն հարցը տվել եմ նաեւ Շուշիի ազատագրման գործողության մի քանի տասնյակ մասնակիցների։ Երեւում է՝ նրանք նույնպես շատ են մտածել այդ ուղղությամբ եւ վերջում, չգտնելով ավելի հիմնավոր պատասխան, քան «Աստված է օգնել», որոշել են համակերպվել հրաշքի գաղափարի հետ։ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն էլ իր պատմությունը ունի։ Նա հիշում է, թե ինչպես է ռազմական գործողության ամենաթեժ պահին, երբ մեր զինվորների առաջխաղացումը կասեցվել է, իջել Ստեփանակերտ եւ գետնին տապալել Լենինի արձանը, որը, ըստ սրբազանի, չարի ներկայությունն էր հայոց թիկունքում։
Բոլոր այս պատմություններն, իհարկե, գեղեցիկ են եւ ճշմարիտ, բայց, ինչպես հայտնի է, Բարձրյալն օգնում է միայն պայքարողին, իսկ ցանկացած հրաշքի ետեւում թաքնված է ծանր եւ տաժանակիր աշխատանք։ Ցավոք, հայ իրականության մեջ սովորաբար արժեւորվում է այդ աշխատանքի միայն վերջին հատվածը կամ, որ ավելի հաճախ է պատահում, միայն արդյունքը, ինչը առնվազն այս կամ այն իրողության ոչ ամբողջական, թերի ընկալման պատճառ է դառնում։ Բայց, ինչպես նշեցի հոդվածի սկզբում, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում, եւ բոլոր անհասկանալի հարցերը ստանում են իրենց պատասխանները։ Թեկուզ՝ նոր պատերազմի գնով։
Կարծում եմ՝ որեւէ մեկը չի վիճի այն մտքի հետ, որ ապրիլյան չորսօրյա պատերազմում մեր հաջողությունը պայմանավորված էր պաշտպանական համակարգը բարելավելուն ուղղված այն գործողություններով, որոնք իրականացվել են մինչ ադրբեջանական հերթական ագրեսիան։ Հասկանալի է, որ հայկական կողմը չէր կարող հաջողություն ունենալ, եթե ժամանակին չկատարեր սեփական անվտանգությունը բարձրացնող «տնային աշխատանքը»։ Այո, ապրիլյան հարձակումից առաջ մենք բավականաչափ ժամանակ ունեինք այդ խնդիրները լուծելու համար։ Մի բան, որը չկար 92֊ին։ Բայց միեւնույն է՝ այդ աշխատանքը տարվել է նաեւ Շուշիի ազատագրման գործողությունից առաջ։ Իսկ մինչ այդ էլ՝ Խոջալուից, Կրկժանից ու Տողից առաջ։ Թեկուզ ժամանակ չկար, բայց գործն արվում էր։ Եվ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Խոջալուի կրակակետերի վերացումից անմիջապես հետո Արցախի իշխանությունները ձեռնամուխ եղան Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստմանը։
1992թ.֊ի մարտի 26-֊ին, «ելնելով ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրադրությունից, Հանրապետության անվտանգության եւ պաշտպանության ապահովման նպատակով անհետաձգելի միջոցառումների մշակման ու իրագործման շրջանակներում», ստեղծվում է ԼՂՀ Պաշտպանության կոմիտեն (հետագայում՝ Ինքնապաշտպանության կոմիտե-հեղ.), որի նախագահ է նշանակվում Սերժ Սարգսյանը։ Ընդամենը երկու ամիսների ընթացքում նորաստեղծ այս կառույցը, որի հիման վրա հետագայում ձեւավորվել է Արցախի պաշտպանության նախարարությունը, կարողանում է նախաձեռնել ու ղեկավարել ինքնապաշտպանական ջոկատների միավորման, նյութատեխնիկական հիմքի, սպառազինության ու տեխնիկայի հայթայթման ու մատակարարման աշխատանքներ։ Բնականաբար՝ բլոկադայի եւ ադրբեջանցիների մշտական հարձակումների պայմաններում նման աշխատանքների իրականացումը գրեթե անհնար էր թվում։
Ապրիլի 2-ին ծանր մարտեր ընթացան Հադրութի Հողեր գյուղի մոտակայքում, հակառակորդի հետեւակին աջակցում էին ռազմական ուղղաթիռները եւ մի քանի միավոր զրահատեխնիկա։ Նույն օրերին Շահումյանի շրջանում ադրբեջանցիների գրոհային խումբը փորձեց դիրքեր զբաղեցնել Քյափազի սարալանջին եւ մշտական սպառնալիքի տակ պահել Բուզլուխ, Մանաշիդ եւ Վերին Շեն գյուղերը։ Ապրիլի 7֊-ին Շուշիից եւ Ջանհասանից հրթիռահրետակոծության ենթարկվեցին Ստեփանակերտն ու Քարին Տակ գյուղը։ Հայտնի էր դարձել, որ առաջիկա օրերին թշնամին լայնածավալ հարձակման էլ անցնելու Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ եւ Մարտակերտի ու Հադրութի ուղղություններով։ Մարտեր էին ընթանում նաեւ Ծամձորում, Միր֊-Բաշիրում եւ այլուր…
Ահա թե ինչպիսի իրավիճակում էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախապատրաստվում Շուշիի ազատագրման գործողությանը։ Ռազմական ծանր դրությանը գումարվում էին նաեւ սոցիալ-֊տնտեսական ճգնաժամը, արտաքին անբարենպաստ պայմանները եւ այլն։
Բայց կար վստահություն։ Եվ հիմա, երբ կրկին զուգահեռներ եմ տանում 90-ականների սկզբի պատերազմի եւ այս տարվա ապրիլյան իրադարձությունների միջեւ, հասկանում եմ, թե որտեղից էր գալիս այդ վստահությունը։ Պատասխանը մեկն է՝ մարդիկ աշխատում էին։ Չէին ընկճվում, պատրաստվում էին։ Գիտակցում էին այդ աշխատանքի կարեւորությունը։ Անզիջում էին։ Նվիրված էին։ Շուշիի ազատագրումը, ինչպես նաեւ մեր մնացած ռազմական հաջողությունները հենց այս նախապատրաստական աշխատանքի արդյունքն է։ Հաղթանակները գալիս են միայն այն դեպքում, երբ կռվող զինվորը, նրա հրամանատարը եւ ողջ հասարակությունը պատրաստ է այդ հաղթանակին։ Արցախի ռազմաքաղաքական իշխանության հիմնական խնդիրը հենց այդպիսի պատրաստ հասարակություն ստանալն էր։ Ինչն էլ հաջողվեց։ Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի գործ էր։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում, ինչպես արդեն նշեցի, Շուշիի ազատագրման մասին զրուցել եմ տասնյակ զինվորների, հրամանատարների եւ քաղաքական գործիչների հետ։ Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, ով եղել է այդ գործողության ռազմական մասի մշակողն ու հրամանատարը, սիրում է կրկնել, որ Շուշիի հիմնական հերոսները Ստեփանակերտի նկուղներում պատսպարված հայ մանուկներն էին։ Նրանք, ում փրկելու համար հայ զինվորը պատրաստ էր զոհաբերել սեփական կյանքը։ Կոմանդոսը խոսում է հայ կանանց մասին, ծնողների, զինվորների եւ այլն։
Զրուցել եմ նաեւ այդ հերոսամարտի մասնակիցների հետ։ Նրանք, ովքեր եղել են Շուշիի մատույցներում։ Կռվել, վիրավորվել, զոհվել ու ապրել են հինավուրց քաղաքի համար։ Տղաներ, ովքեր իրենց միջով են անցկացրել պատերազմը եւ այսօր էլ շարունակում են ապրել այդ հուշերով։ Նրանց աչքերում տեսել եմ Շուշիի ազատագրման մարտը։ Տեսել եմ, թե ինչպես է Ասկոլկան (Աշոտ Ղուլյան) իր տղաների հետ միասին նռնակներ նետում Շուշիի բերդում պատսպարված ադրբեջանցիների վրա եւ ինչպես է պաշտպանվում այնտեղից հորդացող պատասխան կրակից։ Տեսել եմ, թե ինչպես է Շոշ գյուղի վերեւի բարձունքից Կուճյուր Վիտոն իր թնդանոթով կրակում Շուշիի ամրոցի ուղղությամբ՝ փորձելով ճեղք բացել այնտեղ մեր տղաների համար։ Տեսել եմ, թե ինչպես է Դուշման Վարդանը տանջում այն ժամանակ 15-ամյա Սեւակ Մալյանին, որպեսզի նա ավելի պատրաստված լինի Շուշիի մարտին։ Տեսել եմ, թե ինչպես են Ժաննա Գալստյանն ու Սերժ Սարգսյանը մարտակոչով դիմում Քարին Տակ եւ Սղնախ գյուղերի միջեւ ընկած անտառում քողարկված զինվորներին։ Տեսել եմ, թե ինչպես է ադրբեջանական ինքնաթիռի արկից զոհվում Երեւանից եկած Հրանտ անունով մի երիտասարդ, ում մահը մինչ օրս արցունքներ է բերում իր զինակիցների աչքերին։ Տեսել եմ, թե ինչպես է մեր տանկը կրակում թշնամու ուղղությամբ եւ ինքը խոցվում համապատասխան արկ չունենալու պատճառով։ Տեսել եմ, թե ինչպես է Լեւոն Մնացականյանը ականանետով ոչնչացրել ադրբեջանցիների դիրքերը։ Եվ վերջապես տեսել եմ, թե ինչպես է հայ զինվորը հաղթական մտնում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի…
Եվ ուրեմն ո՞րն է մեր հաղթանակների գաղտնիքը։ Ինչպե՞ս կարողացավ հայ զինվորը հաղթել Շուշիում, Մարտակերտում, Հադրութում եւ այլուր։ Ինչպե՞ս կարողացավ այդ նույն զինվորը դիմակայել նաեւ ժամանակակից եւ գերճշգրիտ տեխնիկայով զինված թշնամուն։ Պատասխանը մեկն է՝ նվիրում եւ հայրենասիրություն։ Ծանր եւ հետեւողական աշխատանք։ Բոլոր ոլորտներում՝ դիվանագիտություն, տնտեսություն, ռազմական գործ, կրթություն, մշակույթ եւ այլն, եւ այլն։
Շուշին ասվածի վառ ապացույցն է։ Շուշին արդյունքն է համազգային միասնության, ճիշտ կազմակերպված աշխատանքի ու համընդհանուր շահին նվիրվածության։ Երբ փոքր էի, Շուշիի ազատագրումն ինձ համար միայն բերդաքաղաքի ուղղությամբ թռչող արկերն էին։ Ամեն ինչ գեղեցիկ էր այն օրը։ Լուռ կանգնել էինք փոքր բլրի վրա եւ հետեւում էինք մեր ծնողների ու ավագ եղբայրների գործին։ Այսօր, երբ այդ գործն արդեն շարունակում են մեր զավակներն ու ընկերները, հստակ լսվում է 92֊ի մայիսի արձագանքը։ Եվ դա հրաշալի մի զգացում է, որը պարզապես հնարավոր չէ բառերով փոխանցել ընթերցողին…
ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
08.05.2016