Հայկական ոսկու որոնման ուղեցույց՝ թուրքական հեռուստաեթերում

Օրերս թուրքական Habertürk TV-ով եթեր հեռարձակվող «Burası Hafta» հեռուստահաղորդման եթերում, որը վարում է հայտնի հեռուստահաղորդավար Օյլում Տալուն, հեռուստադիտողին մանրամասն ներկայացվել է, թե ինչպես կարելի է ոսկի փնտրել երկրի այն տարածքներում, որոնք պատկանել են նախկինում այնտեղ ապրած, իսկ հետո այնտեղից քշված հայերին և մյուս ազգերին ու էթնիկ խմբերին։ Հատուկ հյուրը՝ ոմն Ուգուր Կուլաչ, պատմել է մետաղադետեկտորի համակարգով հայկական ոսկու «որոնման ճիշտ և արդյունավետ մեթոդների մասին»: Հիշյալ անձը գիտի, թե ինչի մասին է խոսում, քանի որ հանդիսանում է նման սարքերի առևտրով զբաղվող «Uğur Elektronik» ընկերության սեփականատեր։

Կոնստանդնուպոլսում հրատարակվող եռալեզու Ակոս պարբերականի շտաբ-բնակարանից ստացված տեղեկության համաձայն՝ այս հաղորդումն ամբողջ երկրում մեծ վրդովմունք է առաջացրել՝ սոցցանցերի մեծաթիվ օգտատերերի կողմից սուր քննադատության պատճառ դառնալով։ Հնագետների թուրքական միության նախագահ Սոներ Աթեշոգյուլլարն իր պաշտոնական հայտարարության մեջ քննադատել է հաղորդման հեղինակներին՝ դա բնորոշելով որպես՝ մարդկանց մշակութային ժառանգության գողության դրդելու փորձ։ Նա նաև կոչ է արել արգելել նման դետեկտորների վաճառքը Թուրքիայում և խստացնել «սև հնագետների» նկատմամբ պատիժները.

Դետեկտորների օգտագործումը, ինչը վնասում է մեր մշակութային սրբություններին, արժեքներին, որոնք պատկանում եմ ամբողջ մարդկությանը, օր օրի աճում է։ Ցավոք, անշարժ մշակութային արժեքները, որոնք պաշտպանության կարիք ունեն մեր երկրում, գործնականում ամեն օր անօրինական պեղումների և կողոպտման են ենթարկվում։ Անօրինական պեղումների ժամանակ մշակութային արժեքները սկզբում ստուգվում են դետեկտորների օգնությամբ, իսկ այն վայրերը, որտեղ նկատվում է ազդանշան, բացելու դեպքում ոչնչացվում են։ Նախկինում Ոստիկանության գլխավոր տնօրինության և Մշակութային արժեքների գլխավոր ղեկավարության կողմից ձեռնարկվել են դետեկտորների կիրառման արգելքի կամ սահմանափակման մի քանի փորձեր, բայց անարդյունք»։

Սոներ Աթեշոգյուլլարը հիշեցնում է, որ Թուրքիան միացել է Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական կոնվենցիային, որը կարգավորում է մետաղադետեկտորների կիրառումը հնագիտական աշխատանքների ընթացքում։ Նրա խոսքով՝ այսօր երկրում անօրինական պեղումների և գանձերի որոնման համար նախատեսված դետեկտորների արգելքն անհրաժեշտություն է դարձել. «Անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել դետեկտորների օգտագործումը կանխելու համար։ Հակառակ դեպքում՝ անխուսափելիորեն և անդառնալի կոչնչացվեն Անատոլիայի մշակութային արժեքները, որոնք գոյացել են տասնյակ հազարավոր տարիների ընթացքում։ Բացի այդ, ինտերնետում դետեկտորների վաճառքի մասին գովազդային հայտարարությունները, որոնք ընդլայնում են հարստության որոնումները, պետք է արգելվեն։ Անհրաժեշտ է նաև մեծացնել անօրինական պեղումների դեպքում տույժերի չափերը։ Թուրքիան պետք է անօրինական պեղումների և Անատոլիայի մշակութային ժառանգության ոչնչացման դեմ ձեռնարկի հնարավոր բոլոր միջոցները»,-ասվում է Աթեշոգյուլլարի՝ Միության ինտերնետային էջում հրապարակված հայտարարության մեջ։
Պարբերականը մամուլի համար ներկայացնում է նաև այդ մեղադրանքների պատասխանները՝ դետեկտորների առևտրով զբաղվող Ուգուր Կուլաչի կողմից այդ առիթով արված հայտարարությունից.

«Ներկա պահին մեր երկրում հարյուր հազարավոր մարդիկ ակտիվ կերպով զբաղվում են հարստություն որոնելով։ Այդ մարդիկ տարբեր մասնագիտությունների տեր են և տարբեր էթնիկ խմբերից են։ Բայց ոսկի որոնելով՝ նրանք հետապնդում են նույն նպատակը՝ բարելավել իրենց կյանքը, վճարել պարտքերը, ավելի լավ ապագա կառուցել իրենց երեխաների համար։ Թուրքիայում անօրինական պեղումներն արգելված են, բայց մենք չունենք ոսկու որոնումներն արգելող օրենք։ Օրինական պեղումներ իրականացնելու համար պետք է ունենալ հստակ ապացույցներ՝ այն մասին, որ այնտեղ իրոք հարստություն է թաքնված, ինչպես նաև նմանատիպ գործունեության համար պետք է լիցենզիա ստանալ։ Ահա թե ինչպես պետք է վարվենք հարստություն փնտրողների հետ, որպեսզի հետագայում բացառենք նմանատիպ խնդիրները։ Հակառակ դեպքում՝ անօրինական պեղումները, ինչպես և՝ մշակութային հուշարձաններին հասցվող վնասը վերջ չեն ունենա։ Եթե պետությունն անի դա, նրանք կբախվեն ամենախիստ պատիժներին»։

Իր հերթին ճարտարապետ-ռեստավրատոր Զաքարիա Միլդանօղլուն ասում է այն մասին, որ հարուստ հայերի, հույների և աղքատ թուրքերի մասին պատմությունները շատ տարածված են Թուրքիայում, բայց այդ հայտարարությունների հետևում ատելությունն ու թշնամությունն են կանգնած։ Միլդանօղլու խոսքով՝ անօրինական պեղումների հետ կապված հնագետների արձագանքը լիովին արդարացված է։ Նա ընդգծում է, որ պետությունը պետք է քրեական պատասխանատվության ենթարկի այն մարդկանց, ովքեր առանց թույլտվության պեղումներ են իրականացնում։

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր