Բագավան

Ermenihaber գործակալությունը «Նրանք, ովքեր 1953թ. քանդել են Աղրըում գտնվող հայկական եկեղեցին, հիմա ափսոսում են դրա համար» վերնագրով նյութում անդրադարձել է ժամանակակից Թուրքիայի տարածքում ոչնչացված հայկական եկեղեցիների ճակատագրին։

«Նրանք, ովքեր 1953թ. պետության հրահանգով մասնակցել են Աղրըի շրջանում՝ Դիադինի և Թաշլըչայի արանքում տեղակայված Թաշթեքեր գյուղի հայկական եկեղեցու քանդմանը, հիմա խոր ցավ են ապրում»,-գրում է պարբերականը։

Պաշտամունքային կարևոր կենտրոններից մեկը հանդիսացող եկեղեցին ավերվել է պետության և իշխանամետ կողմնորոշում ունեցող շեյխերի հրամանով՝ այն բանից հետո, երբ հայերը ցեղասպանության ենթարկվեցին։ Երկու տարի անց ավերված եկեղեցու քարերը հասցվեցին Աղրը (հայկական անվանումը՝ Քարբեր,-Պանդուխտ) և օգտագործվեցին Կենտրոնական մզկիթի շինարարության համար։

Եկեղեցու քանդման մասնակիցներից մեկը՝ 95-ամյա Մարուֆ Յաշարը, այդ օրերն այնպես է նկարագրում, կարծես թե երեկ եղած լիներ։ Նա շատ լավ հիշում է եկեղեցու չափերը, նրա գեղեցկությունն ու կահավորանքի շքեղությունը՝ նշելով, որ, չնայած քանդելու դեմ ուղղված գյուղացիների ելույթներին, պետությունը հրամայեց այն ոչնչացնել։

Պետական չինովնիկները դիմել են գյուղի բնակիչներին՝ նրանց վրա ներազդելով ոմն Աբդուլ շեյխի միջոցով։ «Քանի դեռ այդ եկեղեցին կանգուն է, դուք համարվում եք սրբապիղծ, իսկ դա մեծ մեղք է։ Գյուղում առատություն չի լինի։ Ձեր երեխաները կմեռնեն,-Յաշարի խոսքով՝ այդպես են ասել մարդկանց։-Ցավոք, մեզ համոզեցին։ Մենք տգետ էինք, ոչինչ չգիտեինք։ Պետությունն ու շեյխը մեզ ասում էին, որ ճիշտը դա է ։ Փաստորեն, ես ու գյուղի բոլոր բնակիչները մասնակցեցինք քանդման աշխատանքներին»։

Գյուղի ավագ, 73-ամյա Իբրահիմ Գուրսոյը պատմում է, որ ինքը 11 տարեկան էր, երբ պետությունը հրահանգեց ազատվել հայկական եկեղեցուց։ Նրա խոսքով՝ պետությունը բոլորին համոզել էր, որ հայերն ապագայում անպայման պահանջելու են իրենց հողերը, ուստի և պետք է եկեղեցին անհապաղ քանդել։ «Դա, իրոք, մեծ բարբարոսություն էր։ Քանի որ, ինչպես կարող եք այստեղ տեսնել, մզկիթի և եկեղեցու՝ աստծո երկու տների միջև հեռավորությունը 20 մետր էր։ Մզկիթը կանգուն է, իսկ եկեղեցին՝ քանդված։ Հայերը, ովքեր տարին մեկ անգամ այցելում էին իրենց նախնիների գերեզմաններ, ասում էին. «Ինչո՞ւ ոչնչացրիք այս եկեղեցին։ Ի՞նչ էր անում այն ձեզ։ Չէ՞ որ մենք քրդերի հետ եղբայրներ ենք»։ Ես ամաչում եմ այն բանի համար, ինչ արել ենք։ Մենք անգրագետ էինք, ոչինչ չգիտեինք։ Դա կարևոր պատմական ժառանգություն էր»։

Մեկնաբանելով հետևյալ նյութը՝ Բելգիայում ապրող, հայոց պատմության ուսումնասիրությամբ զբաղվող Գիլա Խադդադը հրապարակել է եզակի լուսանկար՝ Սբ Հովհաննես եկեղեցու լուսանկարը՝ նախքան քանդելը։ «Հայտնի Բանավան վանքը կամ Սուրբ Հովհաննեսը՝ տեղակայված Աղրըի շրջանի Բավագան (Թաշթեքեր) գյուղում, քանդվել է 1953թ., իսկ նրա քարերով կառուցվել է Աղրըի կենտրոնական մզկիթը,-ընդգծում է նա։- Նախքան քրիստոնեության ընդունումն, այստեղ էր գտնվում կրակապաշտների ամենահայտնի հեթանոսական տաճարը Հայաստանում։ 371թ. Բագավանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը հաղթանակ է տարել պարսիկների նկատմամբ։ Գյուղի թիկունքում գտնվող Թաշթեքեր լեռը վաղնջական աղբյուրներում հիշատակվում է Նպատ»։

Որոշ լրացուցիչ տեղեկություններ ևս Բագավանի մասին։

Բագավանը (բառացի՝ «Աստվածների վայր») հայտնի պաշտամունքի կենտրոն էր Հայաստանում զրադաշտականության, հետո նաև քրիստոնեության շրջանում։ Քաղաքը գտնվում է Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի հարավ-արևելյան մասում, Արածանի գետի ձախակողմյան ափին։ Հայ պատմիչները, բացի Բագավանից, օգտագործել են նաև Դիցավան անվանունը, որը նույն իմաստն ունի։ 5-րդ դարի հայ նշանավոր պատմիչ Ագաթանգեղոսը հիշատակում է Բագավանում մեհյանների (հին հայկական հեթանոսական տաճար) գոյության մասին, որոնք նվիրված էին հայկական Նոր տարվա աստվածությանն աստվածությանն ու հյուրասիրության և առատության աստված Վանատուրին։

Ըստ առասպելի՝ հեթանոսական տաճարը Բագավանում՝ Հայաստանի նախաքրիստոնեական կառավարիչների քաղաքում, կառուցվել է մ.թ.ա. 3-րդ դարում, սուրբ Նպատ լեռան հյուսիսային լանջին։ Այստեղ՝ Արածանիի ջրերում, 301թ. Գրիգոր Լուսավորիչն օծել է Հայաստանի առաջին քրիստոնյա կայսերը՝ Տրդատ 2-րդ Մեծին։ 314թ., արդեն քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունելուց հետո, Բագավանի հեթանոսական տաճարները քանդվել, իսկ նրանց տեղում եկեղեցիներ են կառուցվել, որոնց շինարարությանը, հնարավոր է, մասնակցել է նաև անձամբ Գրիգոր Լուսավորիչը։

Այդ տեղանքն ու Նպատ լեռան լանջերը աչքի են ընկնում մեծ թվով խաչքարերով, ինչպես նաև եկեղեցիների և մատուռների հարուստ բազմազանությամբ։ Այդ լանջերից 371թ. Ներսես Մեծ կաթողիկոսը հետևել է, թե ինչպես են հայերը՝ հռոմեացիների օգնությամբ,հաղթանակ տանում ճակատագրական Ձիրավի ճակատամարտում՝ շահական Պարսկաստանի Շապուհ 2-րդ Մեծի նկատմամբ, ով փորձում էր Հայաստանը կրկին զրադաշտ դարձնել։ Ինչպես գրել է Քերթողահայր Մովսես Խորենացին, «Երբ Ներսես Մեծը տեսավ այդ ամենը, բարձրացավ Նպատ լեռան գագաթը, ձեռքերը պարզեց դեպի երկինք և իր աղոթքի ամբողջ ընթացքում այդպես մնաց՝ ինչպես Մովսես մարգարեն»։ Այդ ճակատամարտում հայկական զորքն առաջնորդում էին Պապը, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը՝ Վասակ Մամիկոնյանի որդին, և Սմբատ Բագրատունի արքայազնը, իսկ հակառակ կողմում՝ պարսիկների հետ մեկտեղ կռվում էին դավաճան Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի ջոկատները, ինչպես նաև ալբանացիների ու լեզգիների ջոկատները՝ իրենց կայսրերի՝ համապատասխանաբար՝ Ուրնայրի և Շերգիրի հրամանատարությամբ, որոնցից առաջինը ճակատամարտում վիրավորվեց, իսկ երկրորդը՝ սպանվեց։

Վանքը, որը զբաղեցնում էր 20 հազար քառակուսի մետր տարածք, բաղկացած էր երեք եկեղեցիներից, իսկ նրա ամենահայտնի եպիսկոպոսներից էին Եզնիկ Կողբացին և Մովսես Խորենացին, ում եպիսկոպոսության օրոք էլ Բագավանը դարձավ Բագրևանդ և Արշարունիք գավառների գլխավոր տաճարը։ 631թ. ճարտարապետ Իսրայել Գոռաղճեցու ղեկավարությամբ սկսվեց գլխավոր՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու շինարարությունը, որն ավարտվեց 639թ.։

Եկեղեցու չափերը տպավորիչ էին՝ 46 մետրը 27-ի վրա, իսկ բարձրությունը՝ 20 մետր, ինչը համապատասխանում էր Դվինի, Զվարթնոցի և Թալինի եկեղեցիների չափերին։ Շենքում կար հինգ դուռ և 51 պատուհան։ Սուրբ Հովհաննեսում պահվում էր նաև ձեռագրերի եզակի պահոց, որը ոչնչացվել է 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։

Հիշյալ տարածաշրջանը, որն 8-րդ դարից սկսած ղեկավարում էին Աբասյանները, , 1045թ. Անիի թագավորության անկումից հետո պարբերաբար ենթարկվել է թուրք-սելջուկների ասպատակություններին։ Քյոսեդաղի (Սեբաստիա) մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետո 1243թ. այն հետևողականորեն մտցվել է մոնղոլ խաների՝ Ջելալ ադ-Դինի, Թամերլանի, թուրքմեն Կարա-Կոյունլու և Ակ-Կոյունլու ցեղերի պետական միավորումների մեջ, հետո՝ Չելդըրանի ճակատամարտում թուրքերի տարած հաղթանակից հետո՝ մտել Օսմանյան Թուրքիայի կազմի մեջ։

Մինչև Բագրևանդ գավառից հայերի դուրս գալը, տաճարի մոտակայքում հայկական գյուղ կար, որին տեղացիներն անվանում էին Վանք, իսկ թուրքերը՝ Ուչ Կիլիսա (Երեք եկեղեցի)՝ պայմանավորված եկեղեցիների քանակով կամ էլ գլխավոր եկեղեցու խորանների թվով։

Անցած դարի 40-ական թվականների վերջին և 50-ականների սկզբին եկեղեցին լրիվությամբ ավերվեց տեղի մահմեդականների կողմից։ Նրա քարերի մի մասն օգտագործվեց հնում եկեղեցու մոտ գտնվող գյուղում տներ կառուցելու համար, իսկ մեծ մասն էլ տեղափոխվեց Ագրի քաղաք. դրանք օգտագործեցին 1950-ականներին կառուցված գլխավոր մզկիթի շինարարության ժամանակ։

Ներկայումս Բագավանի վանական համալիրն ավերակների է վերածված։ Գյուղից դեպի հարավ՝ լեռան գագաթին, մի քարանձավ կա՝ շուջ 2000 մետր բարձրության վրա։ Համաձայն գյուղացիների շրջանում պատմվող առասպելի՝ այստեղ պահվում էին եկեղեցուն պատկանող ոչխարի կաթի պաշարները, որն իրացվում էր այդտեղից 25 կմ հեռավորության վրա գտնվող կաթնամթերքի խանութի միջոցով։ Եկեղեցուց 50 մետր դեպի հարավ պահպանվել են եկեղեցական գերեզմանոցի մնացորդները՝ խաչքարերով և հայերեն գրությամբ տապանաքարերով։ Եկեղեցուց դեպի հարավ-արևմուտք կա շուրջ 40 մետր խորությամբ երեք հոր, որտեղ պահվում են խմելու ջրի պաշարները։ Ներկայումս գյուղում ապրում են բացարձակապես քուրդ-մահմեդականներ՝ ջալալի ցեղերից։

2007թ. տվյալներով՝ Թաշթեքեր գյուղում ապրում էր 420 մարդ, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է։ Գյուղում կա խմելու ջուր, էլեկտրականություն և հեռախոսագիծ, գործում է տարրական դպրոց։ Ստորգետնյա ճանապարհը գործում է շուրջօրյա, Արածանի գետի վրա կամուրջ է կառուցվել։ Փոստային բաժանմունք ու բուժկետ չկա։

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր