Քրդերի՝ Աֆրինից դուրս գալու և այն Դամասկոսի փոխարեն… Անկարային հանձնելու մանրամասները

Միջին Արևելքի հարցերով ճանաչված մասնագետ, քուվեյթյան Al-Rai պարբերականի սյունակագիր Էլայջա Ջ. Մագնիերը հրապարակել է Սիրիայում տիրող իրավիճակի մասին իր հերթական ծավալուն վերլուծական աշխատանքը։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այդ աշխատանքի թարգմանությունը՝ որոշ լրացումներով՝ վերցված հեղինակի անգլալեզու բլոգից։

ԱՄՆ-ն խոստացել էր Սիրիայի հյուսիս-արևելքը նրանց նոր պետության վայրը դարձնել

«Ձիթենու ճյուղ» ռազմագործողություններից երկու ամիս անց Աֆրին քաղաքն ընկավ՝ առանց քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» կողմից լուրջ դիմադրության։ Ինչո՞ւ և ինչպե՞ս ընկավ այն։

Երբ Թուրքիայի նախագահը հայտարարեց Աֆրինը զավթելու իր մտադրության մասին, Ռուսաստանը խնդրեց նրան հետաձգել ցանկացած տիպի ռազմական գործողություն, որպեսզի խուսափի ռուսական բանակի հետ դիմակայությունից, որը կռվում էր սիրիական ուժերի հետ միասին։

Սիրիական աղբյուրները հաստատում են այն մասին լուրը, որ յուրաքանչյուր սիրիական բրիգադայում կամ դիվիզիայում կան ռուս հատուկ ջոկատայիններ և ավագ սպաներ, որոնք կոորդինացնում են ցամաքային գործողություններն ու ավիահարվածները՝ անկախ կառավարման հրամանատարական կենտրոնից, որտեղ ռուս գեներալները կոորդինացնում ու կառավարում են գործողությունները՝ անմիջական կապ պահպանելով Մոսկվայում գտնվող Ռուսաստանի ՊՆ օպերատիվ շտաբի հետ։

Այդ իսկ պատճառով Ռուսաստանը սիրիական բանակի և նրա ստորաբաժանումների վրա ցանկացած գրոհ դիտարկում է որպես հարձակում անմիջապես ռուսական զորքի վրա։ Ավելին, Ռուսաստանը տեղեկացրել էր իր կողմից վերահսկող տարածքներում սիրիական ուժերի և նրանց դաշնակիցների վրա գրոհի անթույլատրելիության մասին։

Ռուսաստանը քուրդ առաջնորդներին տեղեկացրել էր, որ նրանք պետք է քաղաքացիական ու ռազմական իշխանությունը հանձնեն սիրիական բանակին և ենթարկվեն Դամասկոսի կառավարությանը, ինչը ենթադրում է պետական միասնական վերահսկողությունից դուրս այլ զինված կազմակերպությունների անհրաժեշտության բացակայության մասին։

Համաձայն աղբյուրների՝ Դամասկոսը Աֆրինի քրդերին առաջարկել է քրդական նահանգում որոշակիորեն պահպանել ֆեդերալիզմը, եթե այնտեղ վերահսկողություն իրականացնի սիրիական պետությունը, ինչպես նաև Դամասկոսին հանձնվի ծանր, միջին և թեթև սպառազինությունը՝ ներառյալ ԱՄՆ-ի մատակարարած հրթիռները՝ լազերային նշանառության համակարգերի հետ միասին։ Մի խոսքով, գավառում զենք չպիտի լիներ, բացի կառավարական կանոնավոր ուժերի զենքերից։

YPG ուժերը ժամանակ են խնդրել մտածելու համար՝ բազմիցս հանդես գալով հակասական առաջարկություններով՝ փորձելով սիրիական բանակը օգտագործել որպես սահմանային պահակախումբ և պահպանել իրենց անկախ կարգավիճակը (մինչև «Ձիթենու ճյուղ» գործողության ավարտը)։

Բացի այդ ամենից, Դամասկոսն իմացել էր Աֆրինում գտնվող քուրդ առաջնորդների և Ալ-Խասակի միջև ընթացող բանակցությունների մասին, որոնք վստահ էին, որ միջազգային հանրությունը պաշտպան կկանգնի իրենց «պետությանը», Թուրքիային կհամոզի հետ կանգնել նահանգ ներխուժելուց և կչափավորի Թուրքիայի ամբիցիաները։ Բայց ԱՄՆ-ն քրդերին հասկացրեց, որ չի կարող միջամտել, քանի որ դա ռուսական օպերատիվ գոտին է։

Սիրիայի քրդերը, ինչպես ժամանակին Իրաքի քրդերը, հավատում էին, որ ԱՄՆ-ն չի թողնի իրենց ու կազդի ՄԱԿ-ի և միջազգային հանրության վրա, որպեսզի պաշտպանի իրենց քաղաքական և տեղեկատվական դաշտերում։

Երբ Դամասկոսի հետ բանակցությունները տապալվեցին, սիրիական բանակը և ռուս դիտորդները լքեցին Աֆրինը։ Դա կանաչ լույս վառեց Թուրքիայի առաջ՝ ռազմական գործողություն սկսելու համար, որի նպատակը սիրիական տարածքների զավթման հաշվին Թուրքիայի տարածքների ընդարձակումն էր։

Այն բանից հետո, երբ ռազմական գործողություններն ակտիվացան ու մոտեցան Ջինդերեսին, որոշ քուրդ առաջնորդներ Դամասկոսին առաաջրկեցին զորք ուղարկել, որպեսզի բարձրացնեն Աֆրինում ռազմական ոգին և տեղի քուրդ առաջնորդներին համոզեն փոխել իրենց դիրքորոշումն ու Աֆրինը վերադարձնեն պետությանը։

Աղբյուրները նշում են, որ պաշտպանության առաջին գիծը հատելուց ու  Ջինդերեսին՝ Աֆրին քաղաքի հիմնական պաշտպանական գծին մոտենալուց հետո, Սիրիայի նախագահը սահմանափակ միջամտության հրաման տվեց։

Քուրդ պաշտոնատար դեմքերը սիրական ղեկավարությանը փոխանցեցին, որ սիրիական ուժերի միջամտությունը իրենց առաջնորդներին կհամոզի քաղաքն ու գավառը վերադարձնել Դամասկոսի կառավարությանը և ոչ միայն խնդրել պաշտպանել Թուրքիայի հետ սահմանը, այլև սիրիական պետությանը հանձնել ողջ սպառազինությունն ու ֆինանսական միջոցները։

Նախագահ Բաշար ալ-Ասադը կարգադրեց Ջինդերես քաղաքը պաշտպանելու համար Աֆրին գավառ ուղարկել սիրիական ժողովրդական ուժերից մի քանի հարյուր մարտիկ, որոնք Իդլիբ քաղաքում և նրա շրջակայքում կռվում էին Ալ-Քաիդայի դեմ։ Միևնույն ժամանակ, քուրդ առաջնորդներին բարոյապես աջակցելու համար վստահեցրեց, որ Դամասկոսը կմիջամտի, բայց դա պետք է իր պայմանների համաձայն արվի։

Բայց այս անգամ էլ, համաձայն աղբյուրների, Ռուսաստանն ու սիրական ղեկավարությունը գաղտնալսված զրույցներից պարզեցին, որ քրդական «Ջոկատների» առաջնորդները նախընտրում են Աֆրին քաղաքը թողնել Թուրքիային՝ Դամասկոսին հանձնելու փոխարեն, և անհրաժեշտության դեպքում կմիանան Ալ-Խասակի, Դեր-Զորի և Ռաքքայի քրդերին՝ այդ կերպ հովանավորություն փնտրելով ԱՄՆ-ից։

Քուրդ առաջնորդները նախընտրեցին սիրական տարածքը հանձնել օկուպացնող ուժերին, որոնք այնտեղից տասնամյակներ շարունակ չեն հեռանա, քանի որ քրդերին խոստացել են Աֆրինից ավելի լավ քաղաքներ կառուցել Խասակում, Դեր Զորում և Ռաքքայում։ Սաուդյան Արաբիան պատրաստ է ֆինանսավորել վերականգնողական աշխատանքները և աջակցել նրանց վաղեմի երազանքի իրականացմանը՝ հսկա գերտերության՝ ԱՄՆ-ի հովանու ներքո, որին, եթե այդ մասին խնդրեն Խասակի, Դեր-Զորի և Ռաքքայի բնակիչները, ետ չի կանգնի իր խոսքից։

Այդ կերպ քրդական YPG-ն գավառը հանձնեց Թուրքիային, որը, ԱՄՆ-ի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, պետք է ձգտի իր վերահսկողության տակ վերցնել քրդերի կողմից ղեկավարվող բոլոր շրջանները՝ սիրիացի քրդերին թողնելով միայն մեկ տարբերակ, որի դեպքում ամերիկյան կողմը հաղթող դուրս կգա, իսկ քրդերը՝ ոչ մինչև վերջ պարտված։ Ճիշտ է, այդ դեպքում նրանք մեղավոր կհամարվեն սիրիական տարածքները հօգուտ Թուրքիայի կորցնելու համար, քանի որ դա տեղի է ունեցել նրանց առաջնորդների քաղաքականության պատճառով։

Համաձայն աղբյուրների՝ Սիրիայում որոշումներ ընդունող Ռուսաստանը պարտված վիճակում չի մնա, քանի որ՝

1. Մոսկվան կարող է շարունակել մեղադրել ԱՄՆ-ին՝ Սիրիայի մի մասի օկուպացման համար, և այդ ձևով միջազգային ճնշում գործադրել` սիրիական տարածքներն իրենց օրինական տերերին վերադարձնելու համար՝ անգամ եթե դա որևէ արդյունք չտա։

2. Մոսկվան գոհացրել է Անկարային՝ նրա հետ կիսելով սիրիական թխվածքաբլիթը՝ հատկապես Հալեպն ու Սիրիայի կողմից Ռուսաստանին նվիրված Իդլիբի մի մասը կորցնելուց հետո։

3. Բացի այդ, Մոսկվան Անկարայի հետ միասին փորձում է պահպանել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հավասարակշռությունը՝ կարողանալով լուրջ ճեղքվածք առաջացնել ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամներից մեկի հետ հարաբերություններում։ Ռուսաստանը ձգտում է երկարատև ռազմավարական և տնտեսական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։

4. Ռուսաստանը փորձում էր խուսափել Արևելյան Գութայի (Դամասկոսի գավառ) մարտերից ուշադրությունը շեղելուց և Աֆրին ռազմական ուժեր տեղափոխելուց՝ փորձելով խուսափել թուրք-սիրիական հակամարտությունից (եթե սիրիական զորքերն ուղևորվեին՝ կանխելու Աֆրինի վրա հարձակումը)։

5. Սիրիայի քրդերը համոզված չէին նրանում, որ սիրիական պետութան ներքո իրենց գոյությունն իրենց ավելի ձեռնտու է, և նախընտրեցին Ամերիկան։ Սիրիական կառավարությունը քրդերին համարում է «վարձու զենք» և, ի դեպ, ոչ այնքան լավ՝ դատելով Թուրքիայի դեմ նրանց մղած կռիվների արդյունքներից։ Իսլամական պետության գրոհայինները հողն ավելի երկարատև են պահել, երբ Թուրքիան գրոհել է, և այդ շրջանը լքել են Էրդողանի հետ գործարքի մեջ մտնելուց հետո միայն։ Այդ կերպ Մոսկվան նախընտրեց կորցնել նրանց, որոնք իրենց երկիրն Անկարայի բանակից պաշտպանելու փոխարեն, պատրաստ էին այն հանձնել Թուրքիային։

6. Թուրքիայի նախագահը կարողացավ Սիրիայում ընթացող մարտերն իր ցանկացած հունով տանել։ Նա կարևոր խաղացող է հանդիսանում, որը պետք է Մոսկվային՝ դադարեցնելու համար պատերազմը, որն ԱՄՆ-ն փորձում է թեժացնել։ Դրա համար էլ, եթե ներկա պահին դրա դիմաց ընկնի հյուսիսային Սիրիան, Մոսկվան դեմ չի լինի նման «փոխանակմանը», որը «բնակության համար առավել պիտանի» սիրիական հողերը կպահպանի սիրիական կառավարության ներքո և կդադարեցնի պատերազմը մի քանի ճակատներով վարելու Վաշինգտոնի ծրագիրը։

Համաձայն գաղտնի աղբյուրների՝ քրդերը, հնարավոր է, ենթադրում էին, որ գավառը կորցնելով՝ իրենց պետությունը կզրկվի Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում առկա նոր հողերից ևս։ Բայց փորձը ցույց է տալիս, որ քրդերի հաշվարկները երբեք ճիշտ չեն լինում, քանի որ նրանք ուշադրություն չեն դարձրել այն փաստի վրա, որ հողերի ցանկացած օկուպացիա դատապարտված է ժողովրդի կողմից դիմակայության։ Սիրիական տարածքի օկուպացումն ԱՄՆ-ի կողմից, անկասկած, կոչ է, որը բախվում է տեղական դիմակայության։ Վաշինգտոնն իր ուժերն այնտեղ կպահի մինչև այն պահը, քանի դեռ չի բախվել ակնհայտ թշնամության։

Զավթիչների դեմ պայքարը դարձել է սիրիական գաղափարախոսության անբաժանելի մասը, և Լևանտը՝ Արևելքը, չի ընդունում օկուպացիան։ Պատմության ընթացքում նրանք, ում հողերն օկուպացրել են, միշտ էլ ոտքի են կանգնել ու հետ պահանջել դրանք, որքան էլ այդ օկուպացիան երկար է տևել և որքան էլ որ զոհ է պահանջվել դրա համար։

Էլայջա Ջ. Մագնիեր

Արաբերենից թարգմանեց ՊԱՆԴՈՒԽՏԸ

Սկզբնաղբյուրը

Կապված նյութեր