Ստիվեն Հոքինգի հայ ուսուցիչը

Անվանի ֆիզիկոսի հետաքրքրական բացահայտումը

Բրիտանացի գիտնական Ստիվեն Հոքինգի մահը նրա կյանքի տարբեր մանրամասների հետ կապված նոր հետաքրքրություն է առաջացրել։ Դրանցից մեկը Սենտ-Օլբանսի դպրոցում նրա առաջին ուսուցիչներից մեկի՝ ազգությամբ հայ Դիկրան (Տիգրան) Թահթայի (Թախթաբրունյան) (1928-2006) մասին պատմությունն է:

2016թ. մարտին նշանավոր ֆիզիկոս-տեսաբանը հարգանքի տուրք է մատուցել նրան, ով, իր խոսքով, իր առաջ բացել է մաթեմատիկայի աշխարհը՝ դիտարկելով այն որպես «տիեզերքի մոդել»։ «Ես վատ էի սովորում, ուսման մեջ ծույլիկ էի։ Իմ ուսուցիչներից շատերը ձանձրալի էին, բայց ոչ պարոն Թահթան»,-պատմել է բրիտանացի գիտնականը։

«Նրա դասերը կենդանի ու գրավիչ էին։ Նրա դասերին կարելի էր բառացիորեն ամեն ինչ քննարկել։ Մենք միասին ստեղծեցինք իմ առաջին համակարգիչը՝ էլեկտրամեխանիկական փոխարկիչներով»,-շարունակելով իր ուսուցչի մասին հուզիչ պատմությունը, ով մահացել է 2006թ., ասել է Հոքինգը։

«Թահթայի շնորհիվ ես դարձա մաթեմատիկայի պրոֆեսոր Քեմբրիջում՝ մի պաշտոն, որը ժամանակին զբաղեցրել է Իսահակ Նյուտոնը,-տեսանյութում ասում է Հոքինգն ու հավելում.-Յուրաքանչյուր բացառիկ մարդու հետևում կանգնած է բացառիկ ուսուցիչ»։

Բամբակի առևտրով զբաղվող Թահթայի ընտանիքը հայոց Ցեղասպանությունից հետո Կոնստանդնուպոլսից գաղթելով՝ հաստատվել էր Մանչեսթերում։ Դիկրանի մանկության մեծ մասն ու հայկական կրոնական դաստիարակության ազդեցությունն իրենց արտացոլանքն են գտել նրա նախավերջին՝ «Արարատ ասոցիացիա» գրքում, որտեղ նա պատմել է այն մասին, թե ինչպես էին հանուն երեխաների ծնողները պատրաստ ամեն ինչի։ Նրանք երեխաներին փայլուն անգլիական կրթություն են տվել, բայց, միևնույն ժամանակ, տանը պարտադիր հայերեն էին խոսում։

Եպիսկոպոս Թուրյանի կողմից Մանչեսթերի եկեղեցում կնքված այդ նշանավոր ուսուցիչն իր անունը կրճատեց՝ դարձնելով Դիկ, բայց երբեք չմոռացավ իր արմատները։

Դիկրան Թահթային նվիրված մահախոսականում The Guardian թերթը նրան բնորոշել էր՝ որպես իր սերնդի ամենահայտնի մաթեմատիկոսներից մեկը, ով հայտնի դարձավ նրանով, որ Ստիվեն Հոքինգի համար սիրելի դարձրեց ֆիզիկան. «Նա իմաստուն և առատաձեռն մարդ էր, ով իր աշակերտների մոտ սեր սերմանեց ուսման նկատմամբ և մեծացրեց իր բոլոր աշակերտների ինտելեկտուալ ներուժը»։

ՊԱՆԴՈՒԽՏ

Մամուլի հրապարակումների հիման վրա

Կապված նյութեր