Հայերի ոսկորները՝ եվրոպական արդյունաբերության համար

2013թ. հույն պատմաբան Վլասիս Ագզիդիսը հրապարակեց 1924թ. թվագրված երեք ռեպորտաժ, որոնցում պատմվում է այն մասին, թե ինչպես թուրք ազգայնականների կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ (ապագա Աթաթուրքը՝ «թուրքերի հայրը»,-Պանդուխտ) բրիտանական դրոշով նավով 400 տոննա մարդկային մնացորդներ է ուղարկել ֆրանսիական Մարսել նավահանգիստ։ Այդ մասին հրապարակել էին ամերիկյան The New York Times պարբերականը, ֆրանսիական Midi ու հունական Macedonia թերթերը։ Հիշյալ լրատվական ռեպորտաժներում պատմվում էր թուրքական Մուդանյա նավահանգստից Մարմարի ծովով մարդկանց մնացորդների ուղարկման մասին։ Ագզիդիսը պնդում է, որ մարդկանց մնացորդները նախատեսված էին արդյունաբերական նպատակով օգտագործելու համար։

Չնայած այս ինֆորմացիայի արտահոսքին՝ արժե նշել, որ մարդկանց ոսկորները պարարտանյութի վերածելու պրակտիկան 19-րդ դարում ամենևին էլ հազվադեպ երևույթ չի եղել։ Նման բան, օրինակ, տեղի է ունեցել Վաթեռլոոյի ճակատամարտից հետո՝ 1815թ.։ Ռոբերտ Ֆիսկը The Independent-ում գրել է. (2014թ. օգոստոսի 3) .

«Վաթեռլոոյից, հետո սպանվածների՝ ֆրանսիացի Նապոլեոնի, պրուսացի Բլյուխերի և բրիտանացի Վելլինգտոնի ոսկորներն ուղարկվեցին Խալլ՝ անգլիական հողերի պարարտացման նպատակով օգտագործելու։ 1815թ. ռազմական ցանքածածկը երկրորդնային օգտագործման համար ռազմի դաշտից նաև թարմ ատամներ է մատակարել, որպեսզի պրոթեզներ սարքեն ողջ մարդկանց համար»։

2015թ. մարտին բրիտանացի պատմաբան Ջո Թերների ուսումնասիրությունները, որոնք անց են կացվել արխիվային լրատվական հաղորդագրությունների հիման վրա, նույնպես համոզիչ ապացույցներ են վեր հանել առ այն, որ միջազգային մակարդակով մարդկանց ոսկորների առևտուր 19-րդ դարում, իրոք, եղել է։

Ագզիդիսը նշում է, որ նշված ժամանակաշրջանում (1924թ.) Ֆրանսիայի քաղաքականությունը թուրքամետ ուղղվածություն ուներ, ինչի համար էլ արդյունաբերական նպատակով Ցեղասպանության զոհերի ոսկորները գնելը ֆրանսիացիների համար էթիկայի հարց չի եղել։

1924թ. դեկտեմբերի 23-ի The New York Times –ի՝ « Խոսակցություններ մարդկային ոսկորների բեռի մասին» վերնագրով հոդվածում և «Հատուկ հեռագիր The New York Times-ի համար» ծանոթագրության մեջ ասվում էր.

«Մարսելն անհանգստացած է նավահանգիստ բրիտանական դրոշի ներքո, 400 տոննա մարդկային ոսկորներով բեռնված «Zan» նավի ժամանման հետ կապված տարօրինակ պատմությամբ, որն ուղարկվել է տեղացի արդյունաբերողների համար։ Ասում են, որ ոսկորները բեռնվել են Մուդանյայում՝ Մարմարի ծովում, և Փոքր Ասիայում զանգվածային սպանությունների զոհ դարձած մարդկանց մնացորդներ են։ Տարածվող խոսակցությունների համաձայն՝ սպասվում է հետաքննություն»։

1924թ. դեկտեմբերի 24-ին The New York Times-ում արված հիշատակումը

Ֆրանսիական Midi թերթը 2014թ. դեկտեմբերի 24-ին այդ նույն փաստի մասին նոր լրատվական ռեպորտաժ էր հրապարակել՝ «Սգո բեռը» վերնագրով, որում ասվում էր. «Այս պահին Մարսելում խոսակցություններ պտտվում մարդկային մնացորդներով բեռնված «Zan» բեռնատար նավի մոտալուտ ժամանման շուրջ։ 400 տոննա մարդկային մնացորդները Մարսել են բերվում արդյունաբերական կարիքների համար։ Այդ մարդկային մնացորդները բերվում են Թուրքիայի այն վայրերից, որտեղ հայերի ջարդեր էին կազմակեպվել, մասնավորապես՝ Փոքր Ասիայից»:

«Սգո բեռի» մասին հիշատակումը Midi թերթում

Համաձայն «Kiriakatiki Elevferotipiya» թերթի՝ Թուրքիայի քրիստոնյա բնակչության ցեղասպանությանն ու Իզմիրում տեղի ունեցած խոշոր հրդեհին նվիրված «Պատմության էջեր» վերնագրով նյութի՝ 1925թ. հունվարին Midi-ն կրկին անդրադարձել է այս թեմային՝ հիշեցնելով, որ «1924թ. դեկտեմբերին ինֆորմացիայի արտահոսք է եղել այն մասին, որ Մուստաֆա Քեմալի ազգայնական կառավարությունը ֆրանսիացի արդյունաբերողներին է վաճառել 400 տոննա մարդկային ոսկորներ՝ արդյունաբերության մեջ օգտագործելու նպատակով։ Ոսկորները, որոնք, հնարավոր է, պետք է օգտագործվեին կենդանիների կեր և պարարտանյութ ստանալու նպատակով, Սալոնիկով Մարսելի նավահանգիստ էին հասցվել բրիտանական նավով»։ Այնուհետև ներկայացվում է The New York Times-ի հաղորդագրությունը։

1924թ. դեկտեմբերի 24-ին հունական Macedonia-ն հայտնել է, որ «Zan»-ն իրոք եղել է Սալոնիկի նավահագստում, բայց բեռի մասին հրապարակային չի հայտարարվել։ Այդ նույն ժամանակ Սալոնիկը լցված էր Ցեղասպանությունից փրկված փախստականներով, ուստի և իշխանությունները նախընտրել էին բեռի մասին ինֆորմացիան գաղտնի պահել, որպեսզի Ցեղասպանության տեսածների ապրումները չթարմացնեն։

Չնայած դրան, Սալոնիկի նավահանգստի աշխատակիցներն իմացել են բեռի մասին։ Հույն հեղինակ Քրիստոս Անգելոմատիստն իր՝ «Մեծ Ողբերգության ժամանակագրությունը» գրքում հաստատում է, որ նավահանգստի աշխատակիցները ցնցվել էին՝ տեսնելով նավամբարի պարունակությունը, բայց բրիտանացիների միջամտության պատճառով Հունաստանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել։

Անգելոմատիսը գրում է.

«Աթենքյան թերթը հրապարակել է հետևյալ լուրը. «Մուդանյայից Սալոնիկի նավահանգիստ է ժամանել անգլիական «Zan» նավը, որը տեղափոխում է 400 տոննա դիակ։ Նավահանգստի աշխատակիցները, նկատելով այդ փաստը, թույլ չեն տվել, որ նավը մեկնի, բայց բրիտանական դեսպանը միջամտել է, և նավը մեկնման թույլտվություն է ստացել»։

Ասվածին Անգելոմատիսն ավելացնում է.

«Դրանք հերոսների ոսկորներ էին…, որոնք կա´մ զանգվածային սպանության զոհ էին դարձել, կա´մ էլ ոչնչացվել էին ճամբարներում, որոնցից վատթարագույնը հանդիսանում էր Ուսակ ճամբարը»։

Փոքր Ասիայում մեծ քանակությամբ մարդկային մնացորդների առկայության մասին վկայել են այլ հույն հեղինակներ ևս, որոնք հայտնի էին Իլիաս Վենեզիսին։ 1922թ. սեպտեմբերին 18 տարեկանում Վենեզիսը բանտարկվել և գերևարվել էր ու հարկադիր աշխատանք էր կատարում աշխատանքային գումարտակում։ Երեք հազար մարդուց, որոնք մոբիլիզացվել էին աշխատանքային բրիգադում, ողջ էին մնացել ընդամենը 23-ը։ Հետագայում Վենեզիսը հրապարակել է իր հուշերը, որոնցում անդրադարձել է այն մասին, ինչերի միջով ստիպված է եղել անցնել։

Իր հուշագրությունների 18-րդ գլխում Վենեզիսը պատմում է այն մասին, թե ինչպես է դատապարտյալների խումբը հասցվել Մագնեսիայի մոտակայքում գտնվող կիրճը (ներկայումս՝ թուրք. Մանիսի-Պ.), որտեղ նրանց հրամայավել է թաղել տասնյակ հազարավոր քրիստոնյա սպանվածների դիակները։ Վենեզիսը գրում է.

«Մի օր առավոտյան նրանք (թուրքերը,-Պ.) շուրջ 60 դատապարտյալ են տարել Մագնեսիայից ոչ հեռու գտնվող մի վայրում աշխատեցնելու համար։ Երկաթուղային ճանապարհի դիմաց՝ Սիպիլոսի մոտակայքում (Սիպիլ լեռը Մանիսից հեռու է 5 կմ) վերջանում է հսկա կիրճը։ Նրանք դա կոչում են Կիրտիկ-Դերե։

Հաշվարկների համաձայն՝ Հոլոքոստի առաջին օրերին նրանք այդ կիրճում ոչնչացրել են Իզմիրից և Մագնեսիայից բերված շուրջ 40 հազար քրիստոնյայի, կանանց և երեխաների։ Ձմռանը նրանց մարմինները սառել էին, իսկ շրջակա սարերից իջնող ջուրը դիակները ավելի ներքև էր քշել- տարել։ Մեր մեկ օրվա աշխատանքը ջրի բերած մարմինները հետ տալն էր, որպեսզի դրանք տեսանելի չլինեն»։

Որպես վերջաբան նշենք, որ սպանվածների մնացորդների օգտագործումն արդյունաբերության մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հաջողությամբ կիրառել են գերմանացի նացիստները։ Այդ գործը համակենտրոնացման ճամբարներում հունի մեջ է ընկել առանձնապես գերմանացիների մանրախնդրության շնորհիվ։ Այդ կերպ, հայերի, Պոնտոսի հույների և այլ բնիկ ժողովուրդների հանդեպ թուրքերի իրականացրած հանցագործությունների անպատժելիությունը վատ ազդեցություն է ունեցել Եվրոպայի բազմաթիվ ժողովուրդների համար։

Ցավոք, մարդկանց բնորոշ է սարսափելի ողբերգությունները շուտ մոռացության տալը։ Եվ ահա ժամանակակից եվրոպացիները մատների արանքով են նայում Բոսֆորի նեղուցի և Կասպից ծովի ափերին կազմավորված ժամանակակից երկու թուրքական մարդատյաց ռեժիմների «չարաճճիություններին»։ Ռեժիմներ, որոնք զբաղվում են «ոչ մաքուր» արյան փնտրտուքներով, անմեղ մարդկանց զանգվածային սպանություններով և ծիսակարգային զոհաբերություններով։

ՊԱՆԴՈՒԽՏ

 

———————————————–

1]http://www.independent.co.uk/voices/comment/first-world-war-centenary-my-father-threw-away-his-poppy-in-disgust-9645299.html

[2] https://medium.com/study-of-history/the-bones-of-waterloo-a3beb35254a3

[3]https://www.amazon.com/noumero-31328-3c4-3bf-3bd-3bf-3cd-3bc-3b5-3c1-3bf/dp/9600510113/ref=as_li_ss_tl?ie=UTF8&qid=1488159706&sr=8-1&keywords=noumero+31328&linkCode=sl1&tag=greekgenocide-20&linkId=9190f09ce05fa8a3a22afa3bbfd7422b

 

Կապված նյութեր