Sözcü թերթի լրագրող Իլմազ Օզդիլը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը` «առանց վարորդ զրահամեքենա» ստեղծելու մասին: Նրա մեկնաբանությունը ներկայացնում ենք առանց կրճատումների:
Մեր՝ փորձով իմաստնացած առաջնորդը հայտարարել է. «Մենք կստեղծենք առանց վարորդ զրահամեքենա»:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների` Թուրքիան 188 երկրների շարքում «մարդկային զարգացման համաթվով» կրկին իջել է 72-րդ հորիզոնական:
Ըստ Freedom House-ի` ազատության վարկանիշով Թուրքիան երկրների մեծ մասից ներքև է գտնվում: Մեր պատմության մեջ առաջին անգամ մասամբ ազատ երկրների շարքից տեղափոխվել ենք անազատ երկրների շարքը:
Թուրքիայի վարկանիշը մարդկային զարգացման ինդեքսում՝ Արդարադատության համաշխարհային նախագծում, կրկին իջել է. 113 երկրների շարքում զբաղեցնում ենք 99-րդ տեղը:
Մարդկային զարգացման կարևորագույն ցուցանիշով` մամուլի ազատության վարկանիշով, Թուրքիան իջել է մինչև 155-րդ հորիզոնական:
Համաշխարհային տնտեսական ֆորումի համաձայն` մարդկային կապիտալով ևս Թուրքիայի վարկանիշն ընկել է՝ 122 երկրների շարքում զբաղեցնելով 68-րդ հորիզոնականը։
Համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ գլոբալ մրցունակության վարկանիշով ևս Թուրքիայի դիրքերը թուլացել են. 100 երկրների շարքում այն զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը:
Համաձայն Human Rights Watch-ի մարդու իրավունքների մասին զեկույցի` Թուրքիան այդ ոլորտում տարեցտարի տագնապալի հետընթաց է արձանագրում: Աշխատանքային պայմաններով` շահագործման տեսանկյունից կարևորագույն մարդկային ցուցանիշով, Աշխատանքի միջազգային կազմակերպության համաձայն, Թուրքիան աշխատողների շահագործման առումով եվրոպական երկրների շարքում առաջատար է։
Մարդկային զարգացման մեկ այլ կարևոր ցուցանիշով՝ կոռուպցիայով, ըստ Transparency International-ի, 28 հորիզոնականով իջել է և հասել 81-րդ հորիզոնական` 180 երկրների թվում։
Համաձայն PISA միջազգային թեստի արդյունքների (Programme for International Student Assessment)՝ կրթության մարդկային ցուցանիշով Թուրքիան կրկին իջել է 50-րդ հորիզոնական՝ 72 երկրների շարքում։
Գենդերային անհավասաարության ցուցանիշով ևս Թուրքիան իջել է մինչև 130-րդ հորիզոնական` 144 երկրների թվում:
Քանի որ արդեն ստեղծված է «առանց ղեկավար» երկիր, առանց վարորդ տանկ ստեղծելը շատ ավելի հեշտ գործ է…
Կոլումբոսը Կուբայում մզկիթ է տեսել:
Աբդուլ Մեջիդը (Օսմանյան կայսրության 31-րդ սուլթան Աբդուլ Մեջիդ 1-ինը, ով ղեկավարել է 1839-1861թթ) կազմել է Ստամբուլի երկաթգծի զարգացման նախագիծը, (Կոնստանդնուպոլսի երկաթգծի զարգացման նախագիծը ներառում է քաղաքի եվրոպական ու ասիական մասերն իրար կապող Բոսֆորի նեղուցի տակ ստորջրյա երկաթգծային թունելի շինարարությունը):
Նոյ մարգարեն բջջային հեռախոսով է խոսել։
Նաև պարզվել է, որ Աբդուլ Համիդն է հորինել Google-ը:
Եվ ամոթ կլինի, եթե առանց վարորդ տանկ չստեղծենք։
Իլմազ ՕԶԴԻԼ
Թուրքերենից թարգմանեց ՊԱՆԴՈՒԽՏԸ