Վերջերս իսրայելական Քնեսեթը մերժեց հայերի Ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը, որին աջակցում էր «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, ում խոսքը մեջբերում է Jerusalem Post-ը. «Պատճառ չկա, որ Քնեսեթը, որը ներկայացնում է Հոլոքոստ ապրած ժողովրդին, չճանաչի հայերի Ցեղասպանությունն ու դրա համար հիշատակի օր չունենա»:
Դրան ի պատասխան` Իսրայելի փոխարտգործնախարար Ցիպի Խոտովելին հայտարարել է, որ գերատեսչությունը պաշտոնական դիրքորոշում չի հայտնի այդ հարցի կապացությամբ` «հաշվի առնելով դժվարություններն ու դիվանագիտական հետևանքները, ինչպես նաև այն պատճառով, որ չկա հստակ քաղաքական կապվածություն»:
Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության մասին օրինագիծը Քնեսեթում առաջին անգամ չէ, որ ներկայացվում է:
Սկզբի համար պետք է նշել, որ օրինագիծն առաջադրվել է իսրայելական ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Իսրայել-Հայաստան միջազգային հասարակական ֆորումի համանախագահ դոկտոր Ալեքսանդր Ցինկերի խոսքով` «Արևմտյան Հայաստանում հայերի Ցեղասպանության մասին օրինագիծը դատապարտված էր ի սկզբանե»:
Այն, որ Իսրայելն աշխարհի մակարդակով բավականին ազդեցիկ պետություն է, հիանալի հայտնի է աշխարհին: Ուրեմն ո՞րն է ճանաչման բարդությունը և ի՞նչ դիվանագիտական հետևանքներ այն կարող է ունենալ:
Թվում էր, թե երկու ժողովուրդներն էլ ցեղասպանություն ապրած են, բայց գործնականում Իսրայելը ցեղասպանություն ճանաչում է միայն Հոլոքոստը և, կեղտոտ չինովնիկների կարծիքով, մարդկության դեմ գործված մյուս հանցանքները չեն կարող համեմատվել Հոլոքոստի հետ:
Իսրայելին Թուրքիայի հետ երկարաժամկետ խնդիրներ պետք չեն: Օրինագծի մերժումը նշանակում է, որ Իսրայելի համար ավելի կարևոր են տնտեսական, քաղաքական և ռազմական ամբիցիաները, քան համամարդկային արժեքները:
Արժե հիշել, որ Թուրքիան եղել է առաջին երկրներից մեկը, որը ճանաչել է Իսրայել պետությունը: Բավականին երկար ժամանակ է, ինչ այդ երկու երկրները կապված են ամուր ռազմական ու տնտեսական համագործակցությամբ: Թուրքիայից Իսրայել գնացող միայն մեկ գազատարի կամ նավթատարի կառուցման համաձայնագիրը մի քանի միլիարդ արժե:
Չնայած Պաղեստինի առնչությամբ նրանց միջև առկա տարաձայնություններին, ինչպես նաև, այսպես կոչված, «Ֆլոտիի ազատությունը» զավթելու հետ կապված հակամարտությանը, նրանց հարաբերություններն առայսօր բավականին բարձր մակարդակի վրա են գտնվում: Հասկանալի է, որ հանուն Հայաստանի, իսկ առավելևս` հանուն հայերի Ցեղասպանության ճանաչման, Իսրայելը չի զոհաբերի Թուրքիայի հետ հարաբերությունները: Առավելևս, որ երկու երկրներն էլ ընդհանուր շահեր ունեն Մերձավոր Արևելքում:
Բացի այդ, Իսրայելը գործընկերային հարաբերությունների մեջ է նաև Ադրբեջանի հետ. վեջինիս զենք ու տեխնոլոգիաներ է տրամադրում: Ադրբեջանում է տեղակայված Իսրայելից դուրս գտնվող միակ գործարանը, որտեղ անօդաչու թռչող սարքեր են արտադրում, և հենց այդ անօդաչուներն է ադրբեջանական զինվորականությունը 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում կիրառել Արցախի դեմ:
Անցած տարվա հուլիսի վերջին Հայաստան էր այցելել Իսրայելի միջազգային ինտեգրացման նախարար Ցախի Անեգբին: Երկկողմ բանակցությունների ավարտին կողմերը ստորագրեցին դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզայի ռեժիմի վերացման և երկակի հարկահանության մասին մի շարք փաստաթղթեր: Իսկ անցած տարվա նոյեմբերին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխան այցով մեկնեց Իսրայել:
Բայց խոսել երկու երկրների միջև հարաբերությունների որոշակի առաջընթացի մասին, անիմաստ է: Հայաստանի ու Իսրայելի քաղաքական շահերը տարածաշրջանում արմատապես տարբերվում են: Հայաստանը կարևորում է Իրանի հետ համագործակցությունը, մինչդեռ Իսրայելի համար Իրանը հանդիսանում է տարածաշրջանում համար մեկ հակառակորդը: Եվ հակառակը. Իսրայելի համար կարևոր են այնպիսի երկրների հետ հարաբերություները, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը, որոնց հետ Հայաստանը հակամարտության մեջ է:
Սարգիս ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՈՎ