Երևում է` Երևանը «վերադարձնելու» առաջադրանքը, որը երկարաքիթ աֆշերոնյան սուլթանը դրել է իր ենթակաների առաջ, Զաքիր Հասանովի եզակի գալարի համար կրիտիկական է դարձել:
Երկար մտորումներից հետո Զաքիրչիկը ավելի լավ բան չգտավ, քան հերթական կեղծիքը պատրաստելն է, որը, հավանաբար, անգամ ավելի թունդ գտնվեց, քան Դոնբասում նկարահանված և մոնտաժված տեսանյութերը:
Ահա ադրբեջանցի պաշտպանողականների այսօրվա հաղորդագրության տեքստը.
«Փետրվարի 11-ի առավոտյան, օգտվելով մառախլապատ եղանակից, հակառակորդը ձեռնարկել է ադրբեջանական բանակի առաջապահ դիրքերը հատելու փորձ: Մեր դիրքերի ուղղությամբ շարժվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան` ՀՀ զինված ուժերի հետախուզա-դիվերսիոն խմբով, դիտարկման հատուկ տեխնիկական միջոցների օգնությամբ ժամանակին հայտնաբերվել և մեր ԶՈՒ-ի կողմից վերահսկողության տակ է վերցվել նրա առաջխաղացումը:
Ձեռնարկված կանխիչ գործողությունների արդյունքում, Հայաստանի հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցվել է: Հակառակորդը հարկադրված լինելով նահանջել, թողնելով ավտոմեքենան, հապճեպ նահանջել է սեփական դիրքեր: Հակառակորդը սեփական զենքից կրակելով` ոչնչացրել է իր թողած ՈՒԱԶ ավտոմեքենան:
Դուք արդեն պատկեցրի՞ք, թե ականապատված դաշտով, սահմանային խրամատներով և հողապատնեշներով, օրը ցերեկով ինչպես է բարձր արագությամբ դեպի Բաքու սլանում ՈՒԱԶ-ը` հայ դիվերսանտների խմբով: Ահաբեկված ադրբեջանական զինվորականությունը սարսափահար այս ու այն կողմ է վազում: Ահա ևս մի քիչ, ու Իլհամ Ալիևի կյանքին ու առողջությանը սպառնացող իրական վտանգ կառաջանա: Եվ ահա դիվերսիոն ՈՒԱԶ-ի ճանապարհին առավոտվա մառախուղի միջից հայտնվում է ամենակարող Զաքիր Հասանովի կերպարանքը: Եվ, տեսնելով այդչափ ահեղ դյուցազնի, հայերը հապճեպ լքում են ՈՒԱԶ-իկը` միևնույն ժամանակ արճիճով ջրելով ոչ թե անսպասելի հայտնված անդրկովկասյան թուրքին, այլ… սեփական ավտոմեքենան:
Այ քեզ սցենա՜ր: Ձեյմս Քեմերոնը, Ռիդլի Սկոտն ու Մարտին Սկարսեզեն մի կողմ քաշված` նյարդային հեծկլտում են: Առավելևս, որ հիշյալ օսկարակիր տեքստը, բացի մնացյալից, ուղեկցվում է նաև զաքիրհասանովյան կինոստուդիայի` «Сенедли ве тедрис фильмляри киностудияси»-ի տեսահոլովակով, որտեղ կարելի է տեսնել, որ խուճապահար փախչող հայերը, այնուամենայնիվ, չեն մոռացել հոգատարությամբ կողպել ավտոմեքենայի դռներն ու մինչև վերջ բարձրացնել ապակիները: Գուցե մեքենայի ազդանշանն էլ են միացրել, որպեսզի Զաքիրը հանկարծ չկարողանա ավտոմեքենան տանել, ու հայկական ամենագնացը չհայտնվի կեղտոտ պաշտպանության նախարարության հաշվեկշռում: Իսկ ՈՒԱԶ-ը մի տեսակ մատնիչ մաքրություն ունի, եթե հաշվի առնենք, թե ինչ արգելքներ է ստիպված եղել հաղթահարել:
Ի դեպ, նրանց համար, ովքեր թերագնահատում են ադրբեջանցի գլխավոր պաշպանողականի արտակարգ հնարավորությունները, հիշեցնենք, որ նա արդեն հասցրել է մտքի ուժով օդում փոշիացնել հայկական էսկադրիլյան:
Այս պարագայում մեզ մի հարց է հուզում. ամեն դեպքում, ի՞նչ խոտերով են աղցան պատրաստում խիզախ Զաքիրի համար:
ՊԱՆԴՈՒԽՏ