Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր կրկին հայտարարել է, որ իր քաղաքական և ստրատեգիական նպատակը Երևանը, Սևանն ու Զանգեզուրն են։ Հանդես գալով ծրագրային ելույթով՝ Ալիևն իր կուսակիցներին խոստացել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի Ադրբեջանի ներկա և գալիք սերունդները «վերադառնան իրենց պատմական հայրենիք», որպեսզի բոլորն իմանան, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է «ադրբեջանական հողերի վրա» և այլն։ Բավական բոցաշունչ ելույթ է եղել՝ Ալիևին հատուկ սպառնալիքներով, իրենց զինված ուժերի գովասանքով, տնտեսական ձեռքբերումներով և նմանատիպ այլ բաներով հանդերձ։ Անգամ բռունցքն էր թափահարում օդում՝ երևի ավելի համոզիչ երևալու նպատակով։
Ի՞նչ խոսք, հետաքրքիր ելույթ էր։ Բայց ամենակարևորը՝ անկեղծ։ Մարդը հստակ հայտարարում է իր քաղաքական նպատակների մասին, ի՞նչ կա զարմանալու։ Առաջին անգամը չէ, չէ՞։ Ի վերջո ո՞վ է նրան թթու բառ ասել նախկինում արված նման հայտարարությունների համար։ Հիմա էլ առավել ևս չեն ասի. պոպուլիզմի դարաշրջան է։
Բայց եկեք խոստովանենք, որ Ալիևի անկեղծությունը բարձր գնահատականի է արժանի։ Եթե իհարկե դա անկեղծություն է, այլ ոչ թե հիմարություն։ Չնայած հիմարությունն էլ այսօր իր սպառողն ունի։ Ցավոք, ստիպված ենք խոստովանել, որ լատինական հայտնի ասացվածքը դարեր շարունակ արդիականությունը չի կորցնում։ Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր…
Ի՞նչ է մնում այս պարագայում մեզ։ Երևի թե միայն մեկ բան՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման։ Իսկ ամենաշատն այն է ջղայնացնում, որ մենք՝ հայերս, լավ իմանալով հանդերձ, թե որն է Ադրբեջանի հետ ունեցած բոլոր խնդիրների լուծման միակ ուղին, նորից փորձելու ենք Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ։ Այսինքն՝ կխոսենք հակամարտության խաղաղ կարգավորման կարևորության մասին, փոխզիջումներից ու րգիտեմ, թե էլ ինչից։
Մինչդեռ ստրատեգիական նպատակ է պետք։ Թող փոքրիկ, բայց գոնե մինչ Քուռ հասնելու ստրատեգիական նպատակ։ Եվ սա այն է, ինչը նույն ժամանակակից լեքսիկոնում կոչում են իրական քաղաքականություն։
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ