Ես չեմ սիրում պատմել այն մասին, թե ինչպես եմ արել այս կամ այն լուսանկարը: Բայց այսօր առանձնահատուկ լուսանկար եմ արել: Եթե սարերում այլմոլորոկայինի հանդիպեի, երևի այդքան չէի զարմանա:
Գնացել էինք Քիրսավան: Ուզում էինք ձյունապատ Քիրսից մեկ-երկու լուսանկար անել: Եվ ահա, հերթական պտույտից հետո նկատեցինք ձյունածածկ ճանապարհով քայլող մի Զինվորի` ձեռքին ծաղկեփունջ:
Որպեսզի հասկանաք, թե նա ուր էր գնում այդպես, նայեք հեռվում երևացող լեռներին: Ահա այնտեղ` լեռան ստորոտին, գտնվում է Քիրսավան գյուղը: Մեքենաներ այնտեղ հազվադեպ են գնում: Հնարավոր է` եթե մեզ չհանդիպեր, նա ստիպված լիներ մինչև տուն այդպես ոտքով էլ գնալ: 12 կմ` ձյան միջով, -8 աստիճան ցրտին:
Զինվորը, երկու տարի ծառայելով, վերադարձել էր տուն` Մայրիկի մոտ:
Ոչ մեկին նախապես չասելով, որ գնալու է, ծաղիկներով տուն էր գնում, որպեսզի շնորհավորի մորը` ծննդյան օրվա առթիվ: Այնպես էր ստացվել, որ իր վերադարձի օրը համընկել էր մոր ծննդյան օրվա հետ:
Մենք օգնեցինք նրան տուն հասնել և ինքներս էլ մի փոքրիկ անակնկալ պատրաստեցինք:
Անհնար է նկարագրել այն զգացումները, որ պատեցին մեզ` ականատես լինելով Մոր ու Զինվորի հանդիպմանը:
Շնորհակալ ենք Ձեզ մեր հանգստի համար, Հայրենիքի´ Զինվորներ:
Եվ հիշեք, որ Ձեզ սպասում են տանը…
Սերգեյ ԼԵՌՆԱՅԻՆ