Նախօրեին Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանի հայտարարության հետքերով, որը վերաբերում է Եվրոպայում ապրող հայերի, ալևիտների և Թուրքիայի այլ քաղաքացիների սպանությունների վերաբերյալ իր ստացած տեղեկություններին։
Չորեքշաբթի, ելույթ ունենալով խորհրդարանում, Փայլանն ասել է. «Անցած շաբաթ ես տեղեկություն եմ ստացել Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայում ապրող մեր քաղաքացիների ծրագրվող սպանության, նույնիսկ՝ սպանությունների շարքի մասին։ Իմ ստացած ինֆորմացիան ստուգվել է մի քանի աղբյուրներով»։ Նա անգամ հավելել է, որ խոսքը երեք մարդասպանի մասին է։
«Հազարավոր գիտնականներ, լրագրողներ, քաղաքագետներ և ազդեցիկ առաջնորդներ ստիպված էին Եվրոպա գնալ՝ մասնավորապես իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ճնշումների պատճառով,-նշել է Փայլանը։-Այդ լրագրողներն ու գիտնականները նախագահի և լրատվամիջոցների կողմից կոչվել են դավաճաններ։ Ցավոք, քաղաքականության մեջ նման խոսակցությունը կյանքի են կոչում որոշակի խմբեր»։
Փալայնի խոսքով՝ դավադիրների ձեռքում է գտնվում ապագա զոհերի ցուցակը։ Ըստ նրա՝ այդ մասին նա արդեն տեղեկացրել է թուրքական հետախուզությանը, ոստիկանությւանն ու համապատասխան նախարարներին։
Համաձայն դատախազության հայտարարության՝ Փալյանին առաջարկել են ցուցմունք տալ հետաքննության համար:
Փայլանի հայտարարությունն արվել է Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամների հասցեին էրդողանամետ լրատվամիջոցներում տեղացած սպառնալիքներից մի քանի օր անց։
Էրդողանի նախկին խոսնակ, Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Այդին Ունալը «Yeni Şafak» կառավարամետ պարբերականի դեկտեմբերի 4-ի հրապարակման մեջ թուրք լրագրողներին սպառնացել է, որ նրանց հետ դատաստան կտեսնի դատարանից դուրս։ Հիշյալ հրապարակման մեջ Ունալը թվարկել է այն լրագրողների անունները, ովքեր թիրախ կդառնան։ Նրանք են՝ Էկրեմ Դումանլըն, Ադեմ Յավուզ Արսլանը, Ջելիլ Սագըրը, Բյուլենտ Քենեշը, Աբդուլհամիդ Բիլիջին, Էրխան Բաշյուտը, Էմեր Ուսլուն, Ակին Իպեկը և Ջեն Դյունդարը։
Դրանից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 14-ին, կառավարամետ «Yeni Safak»–ի սյունակագիր և Էրդողանի երդվյալ կողմնակից Խiկմետ Գենչը հայտարարեց այն մասին, որ Գյուլենի կրոնական շարժման հետևորդները, ոum թուրքական իշխանությունները մեղադրում են անցած տարի հուլիսին չհաջողված հեղաշրջման մեջ, շուտով չեն կարողանա ազատորեն տեղաշարժվել ԱՄՆ-ում և, համաձայն թուրք դահիճների լավագույն ավանդույթների, առաջարկել գիշերները չթուլացնել զգոնությունը».
«Եթե Ալլահը կամենա, մենք նրանց բոլորին յուր ժամանակին կոչնչացնենք։ Նրանք Փենսիլվանիայում խաչերի մեջ կթաղվեն՝ շների պես։ Նրանք չեն կարողանա անգամ իմամ գտնել, որպեսզի աղոթք կարդա։ Այստեղ անգամ նրանց մեղքերի համար տեղ չկա։ Ես դա թույլ չեմ տա։ Նրանց գերեզմանները պետք է կրակի մատնվեն։ Ես նրանց չեմ հարգում»։
Ավելի վաղ՝ 2016թ. դեկտեմբերի 20-ին, մի հաղորդման ժամանակ կառավարամետ լրագրողներ Ջեմ Կյուչուկն ու Ֆուատ Ուգուրը (երկուսն էլ Էրդողանի հաստատակամ կողմնակիցներ են) ցանկություն են հայտնել, որ թուրքական հետախուզությունը զբաղվի Գյուլենի կրոնական շարժման հետ առնչություն ունեցող հայտնի մարդկանց վերացմամբ (հիմնականում լրագրողների և գիտնականների), ում Թուքրիայի կառավարությունը մեղադրում է անցած տարվա հեղաշրջման փորձի մեջ։
Միևնույն ժամանակ, Կյուչուկը տվել է «Zaman»-ի նախկին գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըի, «Today’s Zaman»-ի նախկին սյունակագիր Էմրե Ուսլըի, ԱՆկարայում «Today’s Zaman»-ի նախկին ներկայացուցիչ Աբդուլլահ Բոկզուրտի և նույն պարբերականի նախկին սյունակագիր, պրոֆեսոր Իհսան Իլհմազի անուննները, վերջինն, իբր, պետք է վերացվի առաջին հերթին.
«Այդ 3-5 հոգու ուղեղները ցրիվ կտաք։ Կտեսնեք, թե ինչպես են վախենում։ Հիմա պետք է սպանել այդ Էքրեմ Դումանլըին, Էմրե Ուսլըին…Աբդուլլահ Բոկզուրտը ներկայումս Ստոկհոլմում է ապրում։ Նրա տան հասցեն պետությանը գիտի։ Գիտեն, թե որտեղ են ապրում Էմրե Ոսլըն և մյուս սրիկաները։ Իհսան Իլհմազ մականունով շունը թրև է գալիս Ավստրալիայում և Նոր Զելանդիայում…»։
ՊԱՆԴՈՒԽՏ