Բանակի հանդեպ սերն ապացուցել մասնակցությամբ և ոչ թե խոսքով

Մենք հաճախ և արդարացիորեն խոսում ենք մեր բանակի մասին` որպես հայկական երկու պետությունների անկախության և հայ ժողովրդի խաղաղ կյանքի միակ երաշխավորի: Հպարտանում ենք մեր հերոսներով, միմյանց պատմում նրանց սխրանքների մասին: Այդ ամենն անհրաժեշտ է և ամենակարևորը` ճշմարիտ, քանի որ մեր Բանակը, հիրավի, արժանի է ամենաբարի խոսքերի և փառաբանման, համազգային սիրո:

Բայց մեր Բանակը ոչ միայն սիրո կարիք ունի, այլև` մեր իրական մասնակցության: Բանակում ծառայող, գիշեր-ցերեկ հայոց երկիրն իր կրծքով պահող զինվորի համար շատ կարևոր է իմանալ, որ ժողովուրդը գնահատում է իր մարտական գործը: Մենք վերաբերում ենք նրանց` որպես մեր հայրենիքի ամենակարևոր պաշտպանի, և դա, իրոք, այդպես է: Նրանց խիզախությունը միշտ տեղն է, բայց, ըստ էության, նրանք 18-20 տարեկան տղաներ են: Ցավոք, մենք, խրված լինելով սոցիալ-կենցաղային և տնտեսական խնդիրների մեջ, միշտ չէ, որ մեր տղաներին այնքան ուշադրություն ենք դարձնում, որքան պետք է:

Արդեն շուրջ 7 տարի է` մեր փառավոր գումարտակը` «Ոսկանապատը» և Voskanapat.info կայքը, իր հնարավորությունների սահմանում պարբերաբար աջակցում է մեր Բանակին ու` ոչ միայն ինֆորմացիոն ոլորտում: Այսօր մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 31-ին Արցախի հանրապետության հյուսիսային սահման մեր այցելության տեսանյութը, ինչպես նաև Հայաստանի հանրապետության Տավուշի մարզի մարտական դիրքերից արված լուսանկարներ, որտեղ եղել էինք այս տարվա սեպտեմբերի 17-ին: Այս անգամ մեր տղաներին փոխանցեցինք շրջադիտակներ, հեռադիտակներ և ևս մեկ հրետանային անկյունաչափ:

Լուսանկարներում ՀՀ Տավուշի մարզի մարտական դիրքերն են

Այդ այցելությունների ժամանակ մեր զինվորներին փոխանցեցինք ոսկանապատցի Սերգեյ Հարությունյանի միջոցներով ձեռք բերված 10 հատ հեռադիտակ, ոսկանապատցի Սուրեն Դանիելյանի բերած հրետանային անկյունաչափը և, ինչպես միշտ, «Մոնրեալ Զինվոր»-ի տղաների ուղարկած 10 հատ շրջադիտակները:

Նշենք, որ Արցախ այցելելու օրը փառավոր «Եղնիկներ»-ում մեծ տոն էր: Այդ օրը տեղադրվեց և օծվեց այդտեղից սկսվող քրիստոնեական աշխարհի սահմանները խորհրդանշող խաչքար: Խաչքարի օծման առիթով «Եղնիկներ» էր ժամանել նաև Հայաստանի պաշտպանության բանակի փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Կապված նյութեր