«Անհիմն հայկական պահանջների դեմ պայքարի միջազգային հանրություն» զավեշտալի անվանումով թուրքական կազմակերպության ղեկավար Գեկսել Գյուլբեյը պարբերաբար եթեր է հեռարձակում անհավատալի հայկական սարսափազդու նյութեր, որոնք հետո հաճույքով վերահրապարակվում են երկու ցեղասպան կազմավորումների պարբերականներում։ Այն մե´կ Արցախի ՊԲ կազմում «հայտնաբերում է»… աֆղանական մոջահեդների ջոկատներ, մե´կ գտնում քրդական զինյալների բազաներ, մե´կ փնտրում հազարավոր ադրբեջանցի գերիներ, որոնք 1992թ. «տանջվում են ղարաբաղյան տանջարաններում»։ Մի խոսքով, բավականին անզուսպ վիճակ, երբ ընդունված է ասել՝ գտնում է անհավասարակշիռ վիճակում։
Չգիտեմ՝ այս անգամ ինչ է մտածել Գյուլբելյը, բայց իր նոր «գյուտը» նա արդեն Արցախում չի կատարել, այլ հենց իր հայրենիքում՝ Թուրքիայում։
Համաձայն Գյուլբեյի՝ տարբեր թուրք հեղինակների կողմից անցկացված հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ երկրի տարբեր քաղաքներում մինչև հիմա ապրում է 37 հազար 55 ծպտյալ հայկական ընտանիք։ 1915թ., իբր Հնչակ կամ Դաշնակցություն կուսակցություններին պատկանելու համար վտարման մասին կայացված որոշումից խույս տալու համար նրանք հանձնվել են քրդերին, ալևիտներին և թուրքերին.
Հայկական լոբբին և հայկական պետության իշխանությունները խաբում են ամբողջ աշխարհին, այսպես կոչված, 1915թ. հայերի ցեղասպանությամբ և նրանով, որ այդ՝ այսպես կոչված ցեղասպանության ընթացքում մեկ միլիոն մարդ է սպանվել։ Փաստորեն 1915թ. Դաշնակ և Հնչակ ֆաշիստական կուսակցությունները խաբվել են Ռուսաստանի վարած խաղով, և արդյունքում հայ խռովարարները, ովքեր տարված էին Հզոր Հայաստանի մասին երազով, գվտարվել են։ Հայ հրոսակներին աջակցող ընտանիքները չեն ցանկացել լքել իրենց տները և, որպեսզի չենթարկվեն այդ դեպորտացիային, թաքնվել են այն քաղաքներում, որտեղ ապրում էին՝ հանձնվելով քրդերին, ալևիտներին, թրքերին»։
Հաջորդիվ մարտիկը թվարկում է քաղաքներն ու այնտեղ ապրող, ծպտյալ ներկայացվող հայ ընտանիքների թիվը.
«Դիարբեքիրում հազարավոր քրդական, սիրիական և ալիևտյան ընտանիքներ, Մալաթիայում՝ երեք հազար 655 քրդական և ալևիտյան ընտանիքներ, Կեսարիայում՝ 5 հազար թուրքական ընտանիք, Վանում՝ 4 հազար քրդական ընտանիք, Տունջելիում՝ երկու հազար քրդական և ալևիտյան ընտանիքներ, Շանլուրֆեյում՝ 3 հազար 500 քրդական և արաբական ընտանիքներ, Սիիրտեում՝ 1200 քրդական, ալևիտյան ընտանիքներ ու մի քանի թուրք, Էրչինզադեում՝ 1300 քրդական և ալևիտյան ընտանիքներ, Սիվասում՝ 2 հազար քրդական ու ալևիտնյան, Մարդինիայում՝ 1500 արաբական, Կախրամանմարաշում՝ 3 հազար քրդական և ալևիտյան, Ադյամանում 1600 քրդական, Ադանայում 2 հազար քրդական ալևիտյան և արաբական ընտանիքներ։ Այդ տվյալները վերցվել են համապատասխան հեղինակների և կազմակերպությունների հետազոտություներից, և մենք նորից կկիսվենք այդ աշխատանքով մոտակա տարիներին»։ Ինչպես ասում են, վախի աչքերը մեծ են, և հետո Գյուլբեյը վստահ է, որ ՔԱԿ (Քրդական աշխատավորական կուսակցություն)-ն և այլ ահաբեկչական կազմակերպություններ ունեն ծպտյալ հայ անդամներ»։
Թուրքական պատմական կազմակերպության նախկին նախագահ և ԱՇԿ պատգամավոր (Ազգային շարժում կուսակցության,-Պանդուխտ) Կայսերի Յուսուֆ Խալաչօղլուն հայտարարել է НDP –ի և ՔԱԿ-ի՝ հայկական ծագում ունեցող պաշտոնատար անձանց անունները։ Մենք Asimder-ում արդեն բազում տարիներ է ասում ենք այն մասին, որ մեր տարածաշրջանում ծպտյալ հայերը գաղտնի ծրագրեր են կյանքի կոչում և ծառայում հայկական լոբբիին։ Մենք ուզում ենք, որ մեր պետության իշխանությունները վերահսկողության տակ պահեն այդ ընտանիքները։ Իսպանիայում և Իրաքի հյուսիսում անցկացված անկախության հանրաքվեին կարող է հաջորդել արևելյան և հարավ-արևելյան Անատոլիայում նման նախադեպը, որին կմասնակցեն ծպտյալ հայերը՝ օգտագործելով ՔԱԿ-ի և իրենց մնացյալ կազմակերպությունների ուժը»։
Չգիտեմ, թե թուրքերին որքանով են վախեցնում այս սարսափները և հավատո՞ւմ է, արդյոք, դրանց ինքը Գյուլբեյը, բայց ասում են, որ Իգդիրում գտնվող Asimder-ի գրասենյակից երբեք չի անցնում գոմաղբի կայուն հոտը…
ՊԱՆԴՈՒԽՏ