Հիանալի լուր, որը ևս մեկ անգամ հաստատում է այն, որ ազատագրված հայկական հողերը թուրքերին «վերադարձնելու» մասին ոչ մի խոսք չի կարող լինել:
Հոկտեմբերի մեկին` Վարաղայի Սուրբ խաչի օրը, Մեխակավան ավանում (նախկին Ջեբրայիլ), որը հսկում է Արցախ աշխարհի հյուսիսային սահմանը, զինվորական զորամասին պատկանող տարածքի հարևանությամբ գտնվող բլրի գագաթին օծվեց և բացվեց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Օծման արարողությունն անցկացրեց Հայաստանի ԶՈՒ հոգևոր առաջնորդ, գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Միջոցառմանը մասնակցել են ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Արցախի հանրապետության ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, եկեղեցու կառուցման հովանավոր Գրիգոր Մովսիսյանը, Երկրապահ կամավորական միության վարչության ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, տեղի զինվորական զորամասի զինծառայողներ, բազմաթիվ հյուրեր: Մատուցվել է հանդիսավոր պատարագ:
Բազմադարյա գերությունից ազատագրված հայկական հողի վրա եկեղեցու կառուցման փաստը, հիրավի, խորհրդանշական է: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին ազատագրված Մեխակավանում դարձավ առաջին Աստծո տունը, որտեղից սկսում են ոչ միայն Հայոց երկրի, այլև համայն Քրիստոնյա աշխարհի սահմանները: Եկեղեցու կառուցման և բացման փաստով ևս մեկ անգամ հաստատվեց, որ դա հայկական հող է, որը, սրբագործված լինելով մեր զոհված մարտիկներ արյամբ, հիմա ավելի է սրբացվել` շնորհիվ նրա վրա կառուցված Աստծո տան:
ՊԱՆԴՈՒԽՏ