Ադրբեջանին պետք է թաղել իր փորած «ատելության փոսում»

Վերջին ամիսների Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Բաքվում ոչ մի կերպ չեն կարողանում հրաժարվել դեռևս 2000-ականների կեսերին որդեգրված քարոզչական դոկտրինից: Հայաստանին, Արցախին և համայն հայությանը տոտալ պատերազմ հայտարարած պաշտոնական Բաքուն կամ չի գիտակցում, որ աշխարհը վաղուց արդեն փոխվել է, և որևէ մեկին չի հետաքրքրում «20 տոկոսի և մեկ միլիոն փախստականների» մասին պատեհ-անպատեհ հայտարարությունները, կամ էլ` չի գտնում նոր իրողություններին համապատասխան դոկտրին, ուստի և իներցիայի ուժով գործարկում է ժամկետանց մոտեցումները: Ալիևյան քարոզչական մեքենան հաշվի չի առնում նաև այն հանգամանքը, որ վաղուց արդեն միջազգային իրավունքի ազգերի ինքնորոշման սկզբունքը չի ստորադասվում տարածքային ամբողջականության սկզբունքին:

Բաքվում չեն ցանկանում հասկանալ, որ Կոսովոյի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Ղրիմի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչումը գուցե աշխարհաքաղաքական կենտրոնների համար հակոտնյա մոտեցումներով է եղել, բայց բոլոր դեպքերում էլ ազգերի ինքնորոշման իրավունքը իրացվել է: Արևմուտքը չի կարող ոչ բարոյական, ոչ էլ իրավական բացատրություն տալ, թե ինչու՞ Կոսովոն կարող է անկախ պետություն լինել, իսկ Արցախը` ոչ: Նույն կերպ Ռուսաստանը չի կարող բացատրել, թե ինչու՞ օսերի, աբխազների և Ղրիմի բնակիչների ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի, իսկ արցախցիներինը` ոչ: Այլ կերպ ասած` ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին համառորեն լռող Բաքվի «ջայլամային քաղաքականությունը» վաղուց սպառել է իրեն, և միջազգային հարթակներում չունի այն հաջողությունը, ինչ ուներ 1990-ականներին:

Սեպտեմբերի սկզբին լեհական Կրինիցայում կայացած ամենամյա տնտեսական համաժողովին վերջնականապես համոզվեցի, որ միջազգային հարթակներում Ադրբեջանի հակահայկական մոտեցումները իսպառ հնացել են, բայց Ադրբեջանից գործուղվածները փորձում են ինչ-որ բան անել հենց վերը նշված սպառված դոկտրինի համատեքստում: Գաղտնիք չէ, որ Կրինիցայի համաժողովի նման հարթակներ Ադրբեջանը պատահական մարդկանց չի գործուղում, և հենց այդ պատճառով էլ կարելի է մեծ համոզվածությամբ պնդել, որ Բաքվում չեն կարողանում հրաժարվել քարոզչական պատերազմի վաղուց իրեն սպառած մեթոդաբանությունից: Ուշագրավ է, որ նման միջոցառումներին ադրբեջանցի մասնակիցների հետ մասնավոր զրույցները որպես կանոն ստացվում են(ադեկվատության մասով): Բայց հրապարակային պահվածքում ակնհայտ է, որ յուրաքանչյուրը փորձում է ապացուցել իր նվիրվածությունը ալիևյան «20 տոկոսի և մեկ միլիոն փախստականների» պաշտոնական դոկտրինին` Բաքվում խնդիրներ ունենալուց ապահովագրվելու համար:

Խնդիրն այն է, որ Ադրբեջանում իշխանությունը պահելու լավագույն գործիքը շարունակվում է դիտարկվել հայաֆոբիան ու վայրի ռևանշիզմը: Այլ բան, կարծես, իշխող վերնախավը չի կարողանում առաջարկել ոչ ներքին լսարանին, ոչ էլ արտաքին քաղաքականության շահառուներին: Այս պարագայում մարդիկ, ովքեր պետք է ներկայացնեն Ադրբեջանը միջազգային հարթակներում, ստիպված են շարժվել սպառված քարոզչական դոկտրինի կանոններով` հնարավորինս ընդգծելով իրենց նվիրավծությունն այս քաղաքականությանը: Եվ, բնավ, նրանց հետաքրքիր չէ, որ միջազգային հարթակներում վաղուց հոգնել են տարածքային ամբողջականության, 20 տոկոսի և մեկ միլիոն փախստականների մասին ադրբեջանական հին «բայաթիներից», կարևորը` իրենք հնչեցնեն, իսկ արդյունքը` էական չէ:
2016թ. ապրիլյան ռազմական արկածախնդրությունն ու բլոգեր Լապշինի պատմությունն էլ ապացուցեցին, որ Ադրբեջանի ղեկավարությունը, փաստացիորեն, քաղաքական ու քարոզչական ցայտնոտի մեջ է: Ուժի ցուցադրության այսրոպեական «հաճույքի» համար Բաքվում պատրաստ են վճարել հայրենակիցների հարյուրավոր դիակների գնով և հետագա քարոզչական աղետով: Չէ որ 2016թ. ապրիլյան մարտերը պայթեցրեցին ալիևյան այն միֆը, թե հաշված ժամերի ընթացքում ադրբեջանական բանակն ունակ է գրավել ողջ Արցախը: Իսկ Լապշինի պարագայում Իլհամ Ալիևը ստացավ հանրաճանաչ մեկին, ով բոլորին հասկանալի լեզվով ներկայացնելու է Ադրբեջանի իշխող ռեժիմի անմարդկային ու դիկտատորական էությունը:

Ինչևէ, Ադրբեջանում ստեղծված այս իրավիճակը մեզ մոտ երկակի զգացողություն պետք է առաջացնի: Մի կողմից` հայաֆոբիայի աճը վտանգ է մեզ համար, որ կարող է պայթել մեր սահմաններին, մյուս կողմից` հայաֆոբիան այն փոսն է, որի մեջ կարելի է թաղել ադրբեջանական պետականությունը:

Ամենալավ օրինակը Մերձավոր Արևելքի բռնապետություններն են, երբ հակահրեականությունն ու հակաիսրայելականությունը տարիներ շարունակ խթանվեցին, բայց վերջում ատելության ռումբը պայթեց ոչ թե Իսրայելի սահմանին, այլ այդ երկրների կենտրոնում: Հայաֆոբիան հենց այն փոսն է, որ կարող է թաղել ադրբեջանական պետականությունը: Քանի որ ռազմական ճանապարհով չի հաջողվում խնդիր լուծել, ապա իշխանությունը պահելու և իր սերունդներին փոխանցելու գործում Իլհամ Ալիևի ռեսուրսը ոչ թե Հայաստանի և Արցախի հետ պայմանավորվելն ու հակամարտությունը լուծելն է, այլ հայաֆոբիան պետական կրոնի մակարդակի բարձրացնելը: Իսկ ի՞նչ պետք է անենք մենք: Կարող է տարօրինակ թվալ, բայց այս հարցում պետք է օգնենք Ադրբեջանին: Պետք է օգնենք` ուժեղ լինելով` դեմոգրաֆիական առումով, տնտեսական ու ռազմական պոտենցյալի մեծացմամբ, ռազմական դաշնակիցների հետ հարաբերությունների խորացմամբ: Մենք շանս ունենք Ադրբեջանի հետ պատերազմը հաղթելու առանց պատերազմի: Մեր հզորությունը թույլ չի տալու ատելության էներգիան պայթեցնել մեր սահմաններին, և այդ էներգիայի ժայթքման այլ տեղ չի մնալու, քան դրա վերափոխված տարբերակի պայթյունը Ադրբեջանի ներսում` կրոնական, էթնիկ կամ տնտեսական(միջկլանային) պատճառներով: Եթե անկեղծ, ապա այլ ճանապարհ մենք չունենք: Այս պատերազմում հաղթելու տարբերակը մեկն է` մի քայլ առաջ լինել Ադրբեջանից պետական կառավարման արդյունավետությամբ և տնտեսության կազմակերպվածությամբ: Մնացածը` անկախ մեր կամքից է լինելու, մենք իրական հնարավորություն ունենք Ադրբեջանին թաղելու իր փորած ատելության փոսում: Ի վերջո, ոչ ֆիզիկայի օրենքներն է հնարավոր փոխել, ոչ էլ` պատմությանը խաբել…

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Կապված նյութեր