Ինչպես է Ադրբեջանի ՆԳՆ-ն թաքցնում զինված ուժերի մարտական կորուստները (փաստաթուղթ)

Մի քանի օր առաջ` սեպտեմբերի առաջին օրերին, Լեհաստանում մասնակցել եմ 27-րդ տնտեսական համաժողովի աշխատանքներին: Փոքրիկ Կրինիցա-Զդրույ քաղաքում, որը գտնվում է Լեհաստանի` Սլովակիայի հետ ունեցած սահմանին, ամեն տարի հավաքվում են հարյուրավոր քաղաքագետներ և փորձագետներ ամբողջ աշխարհից և քննարկում եվրոպական մայրցամաքի հրատապ լուծում պահանջող խնդիրները: Տնտեսական համաժողովի թեմաները, սովորաբար, շատ հետաքրքիր են լինում: Կազմակերպիչները չեն մոռանում նաև Եվրոպայի հարևանությամբ գտնվող տարածաշրջանները` ամեն տարի հարթակ տրամադրելով նաև Հարավային Կովկասում, սևծովյան, մերձկասպյան և այլ տարածաշրջաններում ընթացող քաղաքական գործընթացների քննարկման համար: Բնականաբար, այդ բանավեճերին ներկայացուցիչներ են մասնակցում ինչպես Հայաստանից, այնպես էլ Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից և այլ` այդ տարածաշրջաններում քաղաքական շահ հետապնդող երկրներներից: Ահա և այս տարի տնտեսական համաժողովի շրջանակներում Կրինիցայում մեզ հաջողվեց մի քիչ շփվել Ադրբեջանից ժամանած լրագրողների ու փորձագետների հետ: Սկզբից ևեթ ասեմ` զրույցները բավականին բովանդակալից և հետաքրքիր ստացվեցին: Ադրբեջանցիները մեծ պատրաստակամությամբ պատմեցին իրենց ներքին խնդիրների, հայրենակիցների սոցիալ-տնտեսական վիճակի, Ադրբեջանում քաղաքական ինտրիգների և իրենց իրականության այլ մանրուքների մասին:

Ընդհանուր առմամբ, մենք այնտեղ լավ էինք զգում մեզ: Չնայած հանուն արդարության ասեմ, որ լինում էին դեպքեր, որ մեր շփումներն անտանելի էին դառնում: Բայց դրանք հաճախակի չէին` միայն ադրբեջանցիների հրապարակային ելույթների ժամանակ: Հավանաբար նրանք հետևյալ մտածելակերպն ունեն` ադրբեջանցին բարձրախոսով և առանց դրա բոլորովին ուրիշ մարդ է: Առաջին դեպքում դա ալիևյան բարբաջանքի սովորական վերարատդրողն է, երկրորդ դեպքում` քաջատեղյակ շատախոս, իսկ քաղաքական կոռեկտ լեզվով ասած` «հետաքրքիր զրուցակից»: Այնքան անմիջական մարդիկ էին, որ երբ իմացան անունս, չկաշկանդվեցին խոստովանել, որ ատում են Ոսկանապատը: Եվ անգամ ասացին, թե ինչու…

Բայց ինչպես Ադրբեջանի իրական հայրենասերներ, նրանք նույնպես փորձեցին պարզել մեր գործունեության որոշ մանրամասներ: Օրինակ, ադրբեջանցիներին շատ էր հետաքրքրում, թե ինչպես է մեր ձեռքն ընկել Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովի` այդ երկրի պաշտպանության նախարարին ուղղված զեկուցագիրը: Հիշեցնեմ` հիշյալ փաստաթղթի մեջ Սադիխովը տեղեկացնում է անցած տարվա ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ անձնակազմում ունեցած կորուստների մասին: Բացի այդ, Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն առաջարկում է հասարակությունից թաքցնել Արցախի հանրապետության մարտական դիրքերի մատույցներում սպանված ասկյարների դիերը:

Այդ փաստաթղթի հրապարակումից ուղիղ մեկ ամիս է անցել, բայց ադրբեջանական կողմը մինչև հիմա ամեն ձևով փորձում է իր քաղաքացիներին համոզել, թե իբր այդտեղ զետեղված ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում: Սկզբում Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պաշտոնապես հերքեց, հետո ալիևյան կլանի քարոզիչները որոշեցին սահմանամերձ շրջաններում համապատասխան «բացատրական աշխատանքներ» տանել, իսկ հետո էլ լրիվությամբ անցան Ադրբեջանի քաղաքացիներին խաբելուն: Բնականաբար, Voskanapat.info-ն ժամանակավորապես արգելափակվեց Ադրբեջանի տարածքում:

Բայց, չնայած այդ ամենին, ադրբեջանցիներն ամեն դեպքում տեսան Սադիխովի զեկուցագիրը, և հիմա Ադրբեջանի իշխանությունները ստիպված են սեփական քաղաքացիներին զսպելու համար նոր միջոցներ ձեռնարկել: Այդ մասին է վկայում մեկ այլ` շատ հետաքրքիր փաստաթուղթ, որի բովանդակությունը հայտնի է Voskanapat.info-ի խմբագրությանը: Խոսքն Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի` այդ երկրի վարչապետին ուղղված նամակի մասին է, որում նա կառավարության ղեկավարին խնդրում է գործադիր իշխանության շրջանային ղեկավարներին հանձնարարել աջակցել ոստիկանության աշխատակիցներին` «համապատասխան քարոզչական աշխատանքների» իրականացման գործում: Մեր ընթերցողների ուշադրությանն եմ ներկայացնում հիշյալ փաստաթուղթը.

Հարգարժա՜ն պարոն վարչապետ

2016թ. ապրիլի 2-6 Ադրբեջանի ԶՈՒ անձնակազմի կորուստների մասին Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սադիխովի ստորագրությամբ գաղտնի փաստաթղթի հրապարակումը Հայաստանի հանրապետության լրատվամիջոցների կողմից Ադրբեջանի հանրապետության սահմանամերձ շրջաններում դարձել է խուճապային տրամադրությունների առաջացման պատճառ:

Ձեր կարգադրության համաձայն` Ադրբեջանի հանրապետության բնակչության շրջանում համապատասխան քարոզչական աշխատանքներ տանելու մասին, ոստիկանության շրջանային բաժանմունքների կողմից մի շարք միջոցառումներ են իրականացվել: Լրացուցիչ միջոցառումների իրականացման համար խնդրում եմ Ձեզ` շրջաններում գործադիր իշխանության ղեկավարներին հրահանգել համապատասխան օգնություն ցույց տալ ոստիկանության աշխատակիցներին:

Հարգանքներով` Ռ. Ուսուբով

Ինչպես երևում է, Ուսուբովի ղեկավարած գերատեսչությունը նույնպես ներքաշված է 2016թ. ապրիլին ադրբեջանական ողբերգության իրական մասշտաբները հանրապետության բնակչությունից թաքցնելու գործում: Ճիշտ է, Ադրբեջանի ՆԳՆ արդյունքները ոչնչով չեն տարբերվում պաշտպանական գերատեսչության «հաջողություններից», այդուհանդերձ Ալիևի վարչակարգը շարունակում է ջանասիրաբար աշխատել այդ ուղղությամբ: Ակնհայտ է` շուտով երևան կգան հրշեջներ, բժիշկներ և կոմունալ ծառայությունների աշխատակիցներ: Բայց կօգնի՞ դա, արդյոք, Ալիևին: Չէ՞ որ դրսում 21-րդ դարն է: Ինֆորմացիայի, սոցիալական կայքերի և ամենատարբեր համաժողովների գնացող փորձագետ-լրագրողների դարաշրջանն է:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Կապված նյութեր