Թուրքական ընդդիմադիր T24 պարբերականի սյունակագիր Նուրջան Բայսալը շոշափել է Թուրքիայի տարածքում գտնվող հայ մշակութային-պատմական հուշարձանների շարունակվող ոչնչացման և հայ մշակութային-պատմական ժառանգության հանդեպ շարունակվող վանդալիզմի թեման: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ նյութի թարգմանությունը` առանց կրճատումների:
Անցած շաբաթ մամուլում լուր հայտնվեց այն մասին, որ Էդրեմիտի (հայերեն` Արտամետ) քաղաքապետարանի ղեկավարությունը Վանում հայկական պատմական գերեզմանոցի տեղում հանրային լողափ է կառուցել`հանդերձարաններով և զուգարաններով: Ոսկորները գերեզմանոցով մեկ թափված էին: Այդ առիթով վարչակարգի ղեկավարությունը հայտարարություն է տարածել իր twitter-յան էջում: Հայտարարության մեջ ասված է.
«Դիջլե» լրատվական գործակալության տարածած լուրը` հայկական գերեզմանոցի ոչնչացման և նրա տեղում հանրային լողափ կառուցելու ու այլնի մասին, բացարձակ սուտ է, այդ տարածաշրջանում հայկական գերեզմանոց չկա»:
Համայնքի ղեկավարը, միանշանակ, կփորձի ժխտել իր խայտառակությունը: Ցավոք, իմ կյանքի 40 տարիների ընթացքում ես ականատես եմ եղել նման բազմաթիվ դեպքերի, և դա ինձ այլևս չի զարմացնում: Դա ընդամենը հայ ժողովրդի նկատմամբ արված ևս մեկ խայտառակ քայլ է, և քանի դեռ վիճաբանություններ էին գնում, ես ուսումնասիրեցի համայնքի ղեկավարի հայտարարության տակ արված մեկնաբանությունները: Ներկայացնեմ դրանցից մի քանիսը.
«Հայ դավաճաններ ու տականքներ, մի´ փորձեք թուրք ժողովրդի համբերությունը, այլապես ոչ մի գեերզմանաքար չեք գտնի»:
«Այդտեղ հայեր չեն թաղված: Դրանք սովորական ահաբեկիչներ են»:
«Եթե որևէ մեկը նման բան արել է, ապա դա հենց հայերն են արել»:
«Գերեզմանոցում զուգարան չի եղել: Այնպես որ դա մեր հայ քաղաքացիներին մատուցված ծառայություն է»:
Արժե՞, արդյոք, զարմանալ նման «մարդու» ասածներից: Զուգարան են կառուցել հայերի գերեզմանների վրա, ձեր իսկ պետության քաղաքացիների, ու դեռ սպառնում էլ են. «Հայ տականքներ, ոչ մի գերեզմանաքար չեք գտնի»,-գրում է նա: Բացի այդ, զուգարանը, պարզվում է, ծառայություն է հայերի համար…Աղետ է, աղետ, աղետ:
Այդ հայտարարությունից հետո լուրերից իմացանք, որ հանրային լողափի մուտքը փակ է, որ սկսել են աշխատել բեռնատարներն ու հոր փորող մեքենաները, և որ Վանի բողոքական եկեղեցու հոգևոր առաջնորդ Վախիտ Իլդըզին թույլ չեն տվել մտնել լողափ: Իլդըզն իր հայտարարության մեջ պատմել է, որ փորված հողում պատահական կերպով ոսկորներ են հայտնաբերվել: «Այնպիսի վայրերում, ինչպիսիք են վանքը, գերեզմանատունը կամ տաճարը, զուգարան կամ բաղնիք կառուցելը սխալ է ու անբարո»,-ասաց նա: Եթե նման բան տեղի ունենար մուսուլմանական գեերզմանատանը, ապա, ամենայն հավանականությամբ, մոբիլիզացիա կհայտարարվեր:
Այդ հողում այնքան բռնություն է եղել: Հայերը, ասորիները, խալդերը…Բոլոր այդ ժողովուրդները ոչնչացվել են այս հողի վրա: Մեր պապերը նույնպես մասնակցություն են ունեցել նրանց կոտորածին ու ցեղասպանությանը: Երկար տարիներ ես ապրում եմ այդ խայտառակության հետ: Բայց այլևս չեմ ուզում ապրել այդպես` այդ խայտառակության հետ: Ես չեմ ուզում կիսել խայտառակությունը հանուն այն նողկալի բաների, որ կատարվում է այս երկրում: Ես ինձ այդպիսի հասարակության անդամ չեմ համարում: Ես ահավոր զայրույթ եմ զգում նրանց հանդեպ, ովքեր դա կատարել են: Ես ուզում եմ պայքարել նրանց դեմ, ովքեր արել են այդ վայրագությունները, ջարդերը, հանցագործությունները: Ես ուզում եմ, որ այլևս երբեք չկրկնվի:
Իմ տատիկը` Այշեն, ով մահացել է 104 տարեկան հասակում, հաճախ էր ինձ պատմում, թե ինչպես են սպանել իր հայ հարևաններին: Բահերի, կացինների հարվածներով, կրակոցներով, հայ հարևաններին ցած են նետել մեր գյուղի ժայռերից, և նա մինչև մահ ողբացել է նրանց համար: Տատս ասում էր, որ նա լսել է նրանց ոսկորների ձայները: Նրանք խնդրում էին, որ հոգ տանեն իրենց մասին և թեկուզ մեկ-մեկ այցելեն իրենց:
Այս երկրում մահացածների, մնացած մի բուռ ոսկորների հանդեպ չկա հարգանք: Այստեղ սպանում են, սովամահ են անում, թողնում են առանց աշխատանքի, բանտ են նետում: Բայց հիմա մենք գիտենք, որ այստեղ նաև զուգարաններ են կառուցում գերեզմանների վրա:
Բայց ոսկորները խոսում են…
Նուրջան ԲԱՅՍԱԼ
Ակտիվիստ, գրող, սյունակագիր Ամիդից
Թուրքերենից թարգմանեց ՊԱՆԴՈՒԽՏԸ