Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։
Եվ այսպես, պատմում է Սանասար Գյուրջյանը․
Պատերազմը խլեց կյանքիս լավագույն տարիները ։ Այնպես չէ, որ փոշմանում եմ ընտրածս ճանապարհի համար, այնպես չէ, որ տրտնջում եմ, ուղակի մեկ-մեկ նայում եմ շուրջս ու տեսնում, որ ընկերներիս թոռները հասակակից են իմ երեխաներին։ Փառք Աստծո, ամեն ինչ լավ է։
Ուսանող էի, երբ շարժումն սկսվեց։ Երևանի պոլիտեխնիկական համալսարանում էի սովորում։ Դասադուլներ, հացադուլներ, միտինգներ, ու․․․ պատերազմ։ Ամեն մի տարիք իր տարերքն ունի։ Երբ դու տաքարյուն երիտասարդ ես, ինչպե՞ս կարող ես կողքից դիտել, թե ինչպես է վճռվում հայրեիքիդ ճակատագիրը։ Ես պետք է մասնակից լինեի բոլոր այն խմորումներին, որ տեղի էր ունենում իմ բորբոքված հայրեիքում։ Իհարկե հեռացողներ էլ եղան։ Մեկ-մեկ խոսում եմ այն ընկերներիս հետ, ովքեր այդ օրհասական պահի ելքը պայքարից հեռու տեսան։ Նրանցից շատերը դրսում հարստություն դիզեցին։ Բայց չի կարելի կյանքը գնահատել միայն նյութական ձեռքբերումների սանդղակով։ Այդ նյութական հարստությանը ես կարող եմ հակադրել գաղափարը։ Այն գաղափարը, որի մեծության առջև չնչին արժեք է մարդու կյանքը, քո իսկ կյանքը։ Գիտե՞ք պատերազմի ժամանակ քանի անգամ եմ մահից հրաշքով փրկվել։ Երեք-չորս անգամ մեքենայով անցել եմ հակատանկային ականի վրայով ու չեմ պայթել։ Երբ կյանքի ու մահվան սահմանագիծն այնքան բարակ է, այնքան անտեսանելի, և դու լարախաղացի պես վստահ քայլում ես այդ գծի վրայով առանց վախի, առանց շփոթմունքի, կյանքի ու մահվան ընկալումները փոխվում են։
Մի անգամ, Կիրատափ կոչվող տեղանքում տեղի ունեցած մարտի ժամանակ, որ գտնվում է Վաղուհաս գյուղի մատույցներում, երկու հրետանավոր էինք, իմ հույսը ինքն էր՝ Կարեն Մնացականյանը, իր հույսն էլ ես էի։ Դիմացից մոտ չորս հարյուր մետր հեռավորությունից թշնամին կրակ էր թփում մեզ վրա։ Մարտը ղեկավարում էր Արկադի Շիրինյանը՝ Խոլոստոյը։ Հերիք չէր, որ մեր զինամթերքը քիչ էր, մենք այն չէինք էլ կարողանում կարգին օգտագործել։ Ձյուն էր, խոնավ անտառում ականանետի պայթյունը կորցնում էր ուժգնությունը, ձյան հաստ շերտը կարծես կլանում էր ակերը՝ թշնամուն թողնելով անվնաս, մեզ՝ անպաշտպան։ Թշնամին էլ, որ ոչ միայն թվաքանակով էր մեզ գերակշռում, այլև զինատեսակներով, առաջ էր գալիս, կրակում ամբողջ գծով մեկ ու հետ գնում, թաքնվում անտառում։ Երկար տևեց այդ դժողքը, թե կարճ, չեմ կարող ասել, հայտնի բան է, ծանր րոպեին վայրկյանն էլ դար է թվում։ Ես և իմ ընկեր Կարեն Մնացականյանը որպես հրենատանավորներ անուժ էինք դարձել այդ մարտում։ Ճիշտ է, հրետանին հետևակի, զինվորի հույսն է։ Ծանր րոպեին նրանք մեզնից են օգնություն ակնկալում։ Բայց ճիշտ է և այն, որ ոչ բոլոր տեղանքներն են հրետանու աշխատանքի համար հարմար։ Ես կապվեցի կենտրոնական հրամանատարական կետի հետ ու պահանջեցի, որ մեզ աջակցեն հաուբիցներն ու գրադ կայանքները։ Առաջին կրակոցների հետ մարտի ընթացքը փոխվեց։ Աստիճանաբար թշնամին տեղի տվեց։ Ու պատկերացնո՞ւմ եք, ոչ մի զոհ կամ վիրավոր չէինք ունեցել։ Կատարյալ հրաշք էր։
Պատերազմը տարօրինակ վերափոխումներ է կատարում մարդու հետ։ Թվում է՝ նույն մարդն ես, աշխարհն էլ նույնն է։ Բայց ոչինչ այլևս առաջվանը չէ։
Գուցե երիտասարդ էի, դրա համար այնքան էլ չէի դողում կյանքիս վրա։ Գուցե համարձակությունս անփորձությունից էր գալիս, գուցե ուղակի Աստված էր ինձ պահում, իսկ գուցե այնքան էլ շատ բան չունեի կորցնելու․․․ Բայց չէ, անցյալ տարվա ապրիլին էլ չորս երեխաներիս թողեցի ու գնացի առաջնագիծ, տղաների մոտ։ Այնպես որ, իմ տեսակն է այդպիսին, իմ գաղափարը։
Ինչևէ, մտքիս թելը կտրվեց։ Շարժման տարիներն էին, երբ Երևանից եկա Մարտակերտ։ Պոլիտեխնիկականում սովորելուց ռազմական գործ էինք ուսումնասիրում։ Ես հրետավորի մասնագիտացում ունեի։ Բայց Մարտակերտում սկզբից ինձ ընդունեցին որպես պոստավիկ՝ դընեվալնի։ Բայց ես շուտով աչքի ընկա ու, երբ առաջին գրադ կայանքը եկավ Արցախ, ու Կոմանդոսը սկսեց հավաքել հրետանավորներին, ես էլ գնացի։ Այդպես սկսեց հրետանավորի իմ ծառայությունը։ Այն հիմնականում Մարտակերտում անցավ։ Շատ ու շատ մարտերի եմ մասնակցել։ Իմ մարտական ընկերների հետ անցել ենք մի ճանապարհ, որի ծանրությունն ու քաղցրությունը միայն մեզ ու Աստծուն է հայտնի։
Պատերազմն ընդհանրապես հարուստ է անհավատալի, անբացատրելի երևույթներով։ Այդ հիմա է, որ հիշելով պատերազմը ժպտում ենք, ծիծաղում, միայն լավն ենք հիշում։ Կարծես եղածը ոչ թե պատերազմ էր, այլ մի խաղ ու պար։ Ինձ թվում է՝ դա մեր օրգանիզմի պատասխան ռեակցան էր։ Երբ ասենք ձյուն է, կամ անձրևոտ, անդուր եղանակ, իսկ դու նույնիսկ մի բաժակ տաք ջուր չունես, թեյի կամ սուրճի մասին էլ չեմ խոսում։ Կամ սոված ես, սիրտդ ով գիտե, ինչեր է ուզում, բայց դու ուտելիք չունես։ Ունեցածդ էլ՝ մի կտոր չոր հաց։ Ի՞նչ անես։ Այդ ժամանակ մենք կատակում էինք։ Մեզ վրա, մեր ընկերների վրա, կյանքի ու մահվան վրա։ Դա մեզ ուժ էր տալիս, ապրեցնում էր։
Մի օր ադրբեջանցիները մտել էին մեր կապի մեջն ու անընդհատ խանգարում էին։ Գիտե՞ք ինչպես էր։ Լինում է չէ, որ մի ճանճ կպնում ու յհոգիդ հանում, ոչ մի կերպ չի ուզում հանգիստ թողնել քեզ։ Այ, էդպես էին մեզ խանգարում։ Ու որպեսզի լռեցնեմ նրանց, սենց մի բան մոգոնեցի։ Կապի մեջ մտա ու ասացի, թե թուրքերը հարձակվել, խեղդում են մեզ, զոհ-վիրավորներ ունենք։ Մի խոսքով, հայ-հարայ տալով՝ օգնություն խնդրեցի ու տվեցի «իմ կոորդինատները»։ Բայց այդ կոորդինատները, իհարկե իմը չէին, այլ մի ձորակի, որտեղ ոչ գյուղ կար, ոչ էլ դիրք։ Ամայի ձորակ էր։ Ու էս թուրքերը մի էնպիսի կրակ բացեցին էտ ձորակի վրա։ Ես լսում ու, աչքիս միայն էդ արկերի քանակն էր երևում։ Դե, մեր զինամթերքը պակաս-պռատ էր, իրենցն էլ՝ չափ ու քանակ չկար։ Այնքան հավաստի էի խոսում, որ մեր կողքի դիրքից շտապ օգնության մեքենայով եկան՝ տեսնելու ինչ է կատարվում։
Ասելս էն է՝ պատերազմում և հումորին տեղ կար, և երգ ու պարին, և կարոտին ու թախծին ․․․ Այն ամենն, ինչ հատուկ է մարդկային բնությանը, արտացոլվում էր մեր կենցաղում։ Լինում էր նաև այնպիսի պահեր, երբ մարդիկ, հատկապես երիտասարդներն ուզում էին իրենց եսը դնել, այսպես ասած, հեղինակություն դառնալ։ Ինձ թվում է՝ այն լարված, արտակարգ դրությունը ստիպում էր մաքսիմալ անկեղծ դրսևորվել, առանց ձևականությունների։ Դրա համար էլ բոլորս պարզ մարդիկ էինք, միմյանց հանդեպ ազնիվ։
Հիշում եմ, «Պուշկեն յալ» բարձունքի ազատագրման օպերացիան, երբ ես պիտի աշխատեի Ավոյի հրամանատարության ներքո։ Ճիշտ է, օպերացիայի ընդհանուր հրամանատարը մեր ընկեր, լուսահոգի Նորեկ Դանիելյանն էր, բայց աջ թևում, որտեղ ես էի, Ավոն էր ղեկավարում։ Գործողությունն, իհարկե գիշերն էր նախապատրաստվում, դեմքով իրար գրեթե չէինք տեսնում, բայց դե Ավոյին էլ ոչ ոքի հետ չէիր շփոթի։ Օրը նոր-նոր էր արթնացել։ Երբ գրոհը սկսեցինք, արևը հորիզոնին դեռ չէր երևում։ Լուսադեմին սովորաբար մարդիկ ավելի թույլ, քնկոտ են լինում։ Իսկ մենք՝ թարմ-թարմ էինք։ Անակնկալ հարձակումից թուրքերը խուճապահար փախան։ Որոշ ժամանակ անց հակահարձակման անցան։ Հետևակը, տանկերը առաջ էին գնում, մենք էլ պետք է պաշտպանեինք նրանց։ Թշնամին տանկային գումարտակ էր հանել մեր դեմ։ Նրանք մեր աջ կողմից էին գալիս։ Մեր՝ հրետանավորներիս պաշտպանիչ կրակով կանգնեցրինք նրանց գրոհը։ Երևում էր, որ ուղիղ նշանակետին էինք խփում ու հետևակը ոգևորված էր մեր կրակով։ Մարտերի ժամանակ, երբ հրամանատարները կապվում էին մեզ հետ ու նորից կրակելու հրաման տալիս անհամբեր էին լինում, գոռալով էին խոսում, թշնամուն հայհոյելով, մեզ էլ անընդհատ շտապեցնելով։ Նրանց հուզումը միանգամայն հասկանալի է, որովհետև մինչև մենք հաշվարկ ենք անում, ստուգում հաշվարկը, հետո հետևում ջրի շրջանակին, որ կրակն ուղիղ նշանակետին ուղղվի, որոշակի ժամանակ էր անցնում։ Դե, մարտի թեժ պահերին էլ ամեն մի վայրկյանը ճակատագրական, կարևոր է։ Իսկ Ավոն, երբ կապվեց ինձ հետ, գիտե՞ք ինչպես խոսեց։ Այդ զրույցը բառ առ բառ հիշում եմ։ Նրա ձայնը դեռ հնչում է ականջիս․
-Սանո ջան, Ադիկա բարձունքները կտեսնա՞ս։
-Կտեսնամ։
-Այնքան խփե, որ անոնք հասկանան, որ ադիկա բարձունքը իրենցը չէ, այլ մե՛րն է, մե՛րն է։
Ավոյի կերպարն այսպես է մնացել իմ հուշերում։ Այդպես հանգիստ, այդպես վեհ ու գեղարվեստորեն բարձր։ Ավոն դաշտային հրամանատար էր, բայց այդ օրը տեսավ նաև հրետանու ուժը։ Շատ գովեց մեզ։ Շոյված էինք։
Մեր պատերազմը շատ հերոսներ ունեցավ։ Ինձ թվում է, զենքը ձեռքին իր տունը, իր ընտանիքը պաշտպանող յուրաքնչյուր տղամարդ արդեն իսկ արժանի է հարգանքի, արդեն իսկ հերոս է։ Բոլորս համախմբված էինք մի գաղափարի շուրջ, բոլորս հայրենիքի փրկության գործի նվիրյալներ էինք։ Ամենքս մեր տեղում, մեր չափով ու մեր բաժին գործն անելով ծառայում էինք այդ վեհ նպատակին։ Այսօր էլ մեր հայրենիքի փրկության զոհասեղանը շարունակում է ծխալ, այսօր էլ մեր տղաները հերոսանում են, անմահանում։ Ու քանի դեռ մենք ու մեր սերունդները պատրաստ են զոհաբերվելու հանուն այդ վեհ գաղափարի, մեր հայրենիքը կանգուն կմնա։ Իսկ նրանք, ովքեր թողեցին ու հեռացան, այնպես էլ չզգալով մեր կորուստների դառնությունն ու չվայելելով հաղթանակների բերկրանքը, անհաղորդ մնացին այն հազար ու մի մանրուքներին, որոնք հողատարածքը հայրենիք են դարձնում։
Պատմությունը գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ