Զոհված քաջարի զինվորների մասին

Հայկական պետության բոլոր հաջողություններով և անհաջողություններով հանդերձ` բանակն այսօրվա դրությամբ, անկասկած, համարվում է ամենահաջողված և ամենակայացած պետական կառույցը: Հենց այդ հանգամանքն է, որ անընդհատ նվնվացող ու լալկան ամորֆ զանգվածին, որին հասարակության մեջ ընդունված է ասել «եեչիստներ» (երկիրը երկիր չէ), չի թողնում հանգիստ ապրել:

Այդ կենսազանգվածը ակտիվանում է հատկապես սահմանին իրավիճակի սրման կամ էլ հայ զինծառայողների զոհվելու մասին լուրը հանրայնացնելու ժամանակ: Սոցկայքերն ու լրատվականների մեկնաբանությունների սյունակները վայրկենական լցվում են հիստերիկ «ձյաձյաներով» ու «ծյոծաներով», որոնք սկսում են լաց ու կոծ անել` հուսահատորեն փորձելով իրենց ձեռնտու պատկեր ստեղծել և վայրկյանների ընթացքում հավաքում են իրենց նմաններից կազմված մի ամբոխ. «Դարձյալ…Մինչև ե՞րբ…Երբ կավարտվի այս ամենը… Ո՞ւմ է սա պետք: Ռեժիմը սպանում է տղաներին…Նրանք կռվում են հին զենքերով…Նրանք ռազմամթերք չունեն…Նրանք սոված և Ո՞ւմ է պետք այդ Ղարաբաղը…Ո՞ւր են հարուստների երեխաները…» և այլն, և այլն: Այդ խաղացանկը բոլորին է ծանոթ:

Միևնույն ժամանակ գործնական որևէ բան առաջարկել այդ ամբոխը, ի վիճակի չէ: Բայց նաև դեռ չեն համարձակվում բացահայտ ասել իրենց նպատակների մասին, քանի որ նպատակները պարզ ու հասարակ են. ցրել բանակը, անպաշտպան թողնել սահմանները, քանդել հայակական պետականությունը, Հայաստան թողնել թշնամուն: Այդ զանգվածի համար որքան երկրում գործերը վատ են լինում, այնքան լավ, այնքան լսելի են իրենց սեփական ոչնչությունն ու չկայացվածությունը բավարարող նվնվոցներն ու լացը:

Իմիջիայլոց, գիտակցելու համար պետք է մի քիչ մտածել. 100, եթե ոչ` 1000 տարվա մեջ առաջին անգամ հայը պայքարում է ոչ օտարների շահերի, զոհում է իրեն ոչ օտարների կայսերական ամբիցիաների համար, բայց պաշտպանելով իր հայրենիքը` վտանգում է իր կյանքը և մեկ-մեկ էլ` հանուն նրա զոհում այն: Պաշտպանում է նաև բանակի հանդեպ ատելությամբ լցված ամբոխին: 

Աշխատանքի բերումով` ես առաջին տարին չէ, որ զբաղվում եմ մեր հարևան և տարածաշրջանի մյուս ժողովուրդների` Թուրքիայի, Իրանի, արաբական երկրների, քրդերի, եզդիների մամուլի ու սոցկայքերի մոնիթորինգով Եվ պիտի ասեմ, որ մեզ համար բավականին տխուր պատկերի եմ ականատես լինում. հարևան և ոչ մի երկրում, և ոչ մի հարևան ժողովդի մոտ չկա մարդկանց նման լայն շերտավորում, որ սեփական երկիրն այդքան ատի և սեփական բանակի հանդեպ այդքան անբարյացակամ վերաբերմունք ունենա: Հնարավո՞ր է թուրքը, քուրդը կամ վրացին ասեն` «երկիրը երկիր չէ»: Իսկ մեր եեչիստների համար դա սովորական բան է, ավելին` երբեմն դիտավորյալ էլ են անում այդ արտահայտությունը` այլազգիների ներկայությամբ: Ի՞նչ է դա, եթե ոչ բացահայտ մազոխիզմ:

Ավելին ասեմ` վերոհիշյալ երկրների մամուլի նյութերի մեկնաբանություններում իրենց զինվորականների վրա այդքան անզուսպ հարձակումների երբեք չեմ հանդիպել: Յուրաքանչյուր իրանցու, քուրդի կամ արաբի կողմից հանուն հայրենիքի զոհված զինվորը, որը կատարել է իր զինվորական, տղամարդկային ու կրոնական պարտքը, մեծարվում և հարգվում է: Օրինակ` թուրքերի մոտ շեհիդ` այդ բնորոշումից բխող բոլոր արտոնություններով հանդերձ, համարվում է ոչ միայն զոհված զինծառայողը, այլև ոստիկանը, այսպես կոչված գյուղական պաշտպանության աշխատակիցը, ուժայինը` սպանված, օրինակ, ճանապարհային պատահարի ժամանակ և անգամ, ենթադրենք, քուրդ զինյալների կողմից սպանված քաղաքացիական անձը: Մարտի ժամանակ զոհվածներին հուղարկավորում են զինվորական պատվով և, Աստված չանի, հանկարծ որևէ մեկը փորձի արատավորել կամ ստորացնել նրանց անունը` «ո՞ւմ է դա պետք» կամ «ե՞րբ կավարտվի այս ամենը» արտահայտությամբ: Ինչպես իր աշխատանքներից մեկում գրել է երջանկահիշատակ Լևոն Մելիք-Շահնազարյանը, շեհիդն Իսլամի գաղափարախոսական հիմնական դրոււյթներց մեկն է, շեհիդը դեպի Ալլահ տանող ճանապարհին ընկած նահատակ է: Իր կյանքով և մահով շեհիդը վկայում է Ալլահին նվիրված լինելու մասին` ընդհուպ այն, որ կարող է զոհել կյանքը: Շեհիդը հանուն իսլամական կրոնի իրեն զոհող և տանջալից մահով մեռնողն է: Ղուրանում շեհիդների մասին բազմաթիվ կետեր կան. «Ոչ մի կերպ մահացած մի համարիր նրանց, ովքեր սպանվել են Ալլահի ճանապարհին: Ոչ, նրանք ողջ են և իրենց Տիրոջից բաժին կստանան…»:

Մի ժամանակ մեզ մոտ էլ էին գործածական «նահատակ», «մարտիրոս», «նահատակվել», «մարտիրոսվել» հասկացությունները, որոնք հիմա, կարելի է ասել, դուրս են եկել գործածությունից: Հետաքրքիր է, որ, օրինակ, սիրիահայերը զոհված տղաների հանդեպ հիստերիկ վերաբերմունք չունեն: Մեզ մոտ հասարակ օգտատերը, լավագույն դեպքում, խղճահարություն է առաջացնում: Մեր հերոսներին երեխաների պես խղճալ պետք չէ: Նրանց պետք է հիշել և հպարտանալ նրանցով: Իրենց կյանքով և անմահանալով նրանք վաստակել են ոչ թե խղճահարություն, այլ` հավերժ հիշատակ և սերունդների երախտագիտությունը:

Կապված վերևում ասվածի հետ` կցանկանայի առաջարկություն անել մեր հայ ղեկավարությանը: Հնարավոր է` ոմանց այդ խնդրանքն անտեղի թվա, բայց եթե լրջորեն մտածենք, ապա դա ողջամիտ բան է: Այսպես օրինակ, Երբ մարտում հայ զինվոր է զոհվում, մենք` լրագրողներս, որ ռազմա-հայրենասիրական թեմայով կապված ենք, փորձում ենք գտնել հարազատներին, տնտղում ենք սոցկայքերը, որպեսզի զոհված զինծառայողի մասին ինֆորմացիա գտնենք, լուսանկար հրապարակենք` նրա համար, որ մարդիկ կարողանան իմանալ, հիշել և հպարտանալ մեր հերոսներով: Իսկ ինչո՞ւ պաշտպանության նախարարությունը զինվորներին չի լուսանկարում, ասենք, երդում տալու ժամանակ. զորահանդեսային համազգեստով, զենքը ձեռքին, հայկական եռագույնի ֆոնին: Նման զինվորական լուսանկարները զորացրվելուց հետո ցանկացած տուն կզարդարեին: Իսկ, եթե լինի այն, ինչ լինում է պատերազում (իհարկե, Աստված տա` մեր տղաների շրջանում կորուստներ չունենանք), ողջ երկիրն իր հերոսներին դեմքով կճանաչի:

Ի դեպ, սա յւորահատուկ բան չէ. նման պրակտիկա կա նաև թուրքական բանակում, քրդերի մոտ, Իրանի հեղափոխական գվարդիայում: Ըստ իս` մեր ռազմական ղեկավարությունը պետք է կիրառի այդ պրակտիկան:

Շեհիդները` թուրքական բանակում, քրդական «HPG» խմբավորման մեջ և իրանական հեղափոխական գվարդիայիում

Իսկ այս հոդվածը կցանկանայի ավարտել իմ լավ ընկեր Զինավոր Մեղրյանի խոսքերով, ով ևս պատերազմում կորցրել է հարազատին` հորը` մեր փառավոր և պաշտելի Շահեն Մեղրյանին.

«Քանի դեռ կան տղաները, ովքեր պատրաստ են իրենց երեխաներին որբ թողնել, մայրերին` երեխաներից զրկված, կանանց` այրի, հայրերին` անխոս ցավի մեջ, ամեն ինչ լավ կլինի` բոլորի համար. ինչպես հայրենիքը երկրպագողների ու հանուն նրա արարողների, այնպես էլ բարձր ամբիոններից այն վաճառողների համար: Այդ տղաների ստեղծած «ապրանքը» համազգային է, ես կասեի` անգամ համամարդկային, հետևաբար` աստվածային:
Երջանիկ են հանուն հայրենիքի իրենց զոհաբերած տղաները:

Տե´ր Աստված, հանգստություն տուր նրանց հոգիներին…»:

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր