Հայաստանում «Իսկանդեր»-ի հայտնվելը զրոյացրել է Ադրբեջանի ձեռք բերած հրթիռային կայանների հզորությունը. Կոնովալով

Voskanapat.info-ի հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ, Ռուսաստանի Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը:

-Իվան Պավլովիչ, այն պահից սկսած, ինչ «Իսկանդեր» տակտիկա-հրթիռային համալիրը հայտնվել է Հայաստանում, ադրբեջանցիները քունն ու հանգիստը կորցրել են, իսկ «Իսկանդեր»-ի հետ վիրտուալ պայքարը դարձել է կպչուն գաղափար: Վերջերս Ադրբեջանի հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ «Ադրբեջանն ունի հակազդեցության համակարգ, մենք կարող ենք խփել այդ հրթիռները: Մենք նույնպես ունենք հրթիռներ, որոնց թիվը 50 անգամ գերազանցում է Հայաստանի ունեցածին»: Դա, ամեն դեպքում, լո՞ւրջ է, թե՞ սովորական «բլեֆ» է:

-Միանշանակ, դա աշխարհում գոյություն ունեցող լավագույն օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերից մեկն է: Պատահական չէ, որ Կալինինգրադի տակ ռուսական «Իսկանդեր-Մ» հրթիռների տեղակայումը նման անհանգստություն էր առաջացրել նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներում: Ես չեմ հասկանում հայկական կողմի անհանգստությունը: Ինչո՞վ են պատրաստվում ադրբեջանցիները որսալ այդ հրթիռները, «երկաթե գմբեթո՞վ»: Այո, դա հակահրթիռային պաշտպանության լավ տակտիկական համակարգ է, որը նախատեսված է 4-70 կմ հեռավորության վրա թռչող չկառավարվող տակտիկական հրթիռներից պաշտպանվելու համար և պատրաստված է առանց ԱՄՆ-ի օգնության, հենց հրեաների կողմից: Բայց ինչպես գիտեք, «Երկաթե գմբեթը» չի որսում անգամ տնայնագործ ձևով պատրաստված բոլոր «Կասսամ» հրթիռները, որոնք արձակում է «Համասը»` Գազայի հատվածից, կամ էլ` «Հեզբոլլահը»` Լիբանանի տարածքից:

Մյուս կողմից` գեներալ Զաքիր Հասանովի հայտարարությունը տեղեկատվական պատեազմի մաս է կազմում, որն անդադար մղում են երկու կողմերն էլ: Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունն ինչպե՞ս պատասխանի Հայաստանում «Իսկանդեր» հայտնվելուն. բառերո՞վ, թե՞ ֆիզիկապես: Ահա և բառացի պատասխանը. հայտարարություն` հանուն հայտարարության:

Իսկ ահա ասվածը որպես հզոր գաղափար ընդունելը, շատ ավելի բարդ է: Հակամարտության լուրջ էսկալացիայի դեպքում միայն Հայաստանը գործի կդնի «Իսկանդերը»: Ես չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստ է գնալու նման էսկալացիայի: Պետք է հաշվի առնել նաև «Իսկանդեր»-ների մատակարարման բարոյական գործոնը: Նախ` Հայաստանն արդեն գիտի, որ ունի նման հզոր զենք, իսկ երկրորդ`Ռուսաստանն, իհարկե վատ դրության մեջ է` կապված Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու հետ, բայց Ռուսաստանն էլ այդ քայլով հաստատեց, որ Հայաստանին համարում է իր ռազմավարական դաշնակիցը: Ի՞նչ է նշանակում ռազմավարական միություն: Դա համատեղ ռազմական պլանավորում է, շատ սերտ ռազմական համագործակցություն: Ադրբեջանն այդ առումով տնտեսական գործընկեր է, որին մենք ուղղակի զենք ենք մատակարարում: Իսկ երկրները, որոնց մենք զենք ենք մատակարարում, 60-ից ավել է: Այո, Ադրբեջանն առաջին տասնյակում է, հետո ի՞նչ: Ռուսաստանը, բնականաբար, չի ուզում կորցնել ո´չ ռազմավարական դաշնակցին, ո´չ կարևորագույն տնտեսական գործընկերոջը: Հայաստանում ռուսական «Իսկանդեր»-ների հայտնվելը զրոյացրել է ավելի վաղ Ադրբեջանի ձեռք բերած ռուսական հրթիռներին:

-Վերջին ժամանակներս Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը սպառնում է օգտագործել Նախիջևանում գտնվող իր զինանոցը` շեշտը դնելով ինքնավարությանը` Երևանի մոտ լինելու վրա:

-Նախիջևանի տարածքը չի օգտագործվել անգամ ղարաբաղյան պատերազմի տարիներին: Այսօր առավել դժվար կլինի դա անելը: Ադրբեջանի համար դա այդ ուղղությամբ շատ արագ պարտություն է նշանակում: Այդտեղ լանդշաֆտը հարթավայրային է, և ադրբեջանական բանակի համար շատ ավելի դժվար կլինի դիմակայել հայկական կողմի հարվածներին: Ով համարձակվում է նման հայտարարություններ անել, նա ոչինչ չի հասկանում ռազմական գործից և գլուխ չի հանում ռազմական մարտավարությունից ու ռազմավարությունից: Եվ երկրորդը, որ պետք է ասել, ահա` ասում են` հերյուրանք է:

Ապրիլյան պատերազմը երկու կողմերին կանգնեցրել է լուրջ հակամարտության եզրին, բայց դրանից Ադրբեջանը բացարձակապես ոչինչ չի շահել: Դիմակայության ինտենսիվությունը չի նվազում նաև այսօր` մի պարզ պատճառով. դա իրավիճակը բորբոքելու ռազմավարության մի մասն է, միջազգային հանրությանը խնդրի մասին հիշեցնելու միջոց և ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից ու Թուրքիայից միջամտության սպասում: Նշենք, որ այդ ռազմավարությունը երբեք չի աշխատել, որովհետև, պայմանավորված մի շարք պատճառներով, նման քաղաքականությամբ հաջողության հասնելն իրատեսական չէ, իսկ սադրիչ գործողություններ ձեռնարկելով` ընդհանրապես: Անգամ ոչ վաղեմի հակամարտությունը, որի ժամանակ խաղաղ բնակիչներ են զոհվել, միջազգային հանրության կողմից լուրջ արձագանքի չի արժանացել: Անգամ Թուրքիան, խոշոր հաշվով, չի միջամտել: Բաքվում միշտ հայտարարել են, որ մեկ ռազմական գործողությամբ կգրավեն Լեռնային ղարաբաղը, բայց ապրիլյան իրադարձությունները ցույց են տվել, որ անգամ ձեռք բերված հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինությունը չի կարող ապահովել նրանց հաղթանակը: Ամեն դեպքում, շատ հավանական է, որ Ադրբեջանը հասկացել է, որ չի կարող լրիվությամբ զավթել Լեռնային Ղարաբաղը և հիմա ստիպված է փոխել հիմունքները:

Բաքուն զրկվել է Թուրքիայի աջակցությունից, որը 2016թ. ապրիլին կարևոր դեր է խաղացել ռազմական գործողությունների սկսման գործում: Բացի Թուրքիայից, չկա այլ երկիր, որը կպաշտպանի Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, դրա համար էլ նահանջ է նկատվում նախկին դիրքերից: Բոլորը հիանալի գիտեն, որ Հայաստանի և ԼՂՀ բանակները հետխորհրդային տարածքում լավագույններից են: Նրանք լավ են պատրաստված` մոտիվացված մարտիկներով և ղեկավարման կուռ համակարգով: Հայկական բանակը խորհային բանակի լավագույն ավանդույթների կրողն է: Ես տեսել եմ, թե ինչպես է հայկական նորաստեղծ բանակին մանրակրկտորեն փոխանցվել խորհրդայինի ողջ փորձը: Ադրբեջանական բանակը, բնականաբար, չի կարող լինել խորհրդային բանակի`հաղթող բանակի ժառանգորդը, որովհետև այնտեղ օգտագործվում է տարբեր երկրների փորձը. ամերիկյան, հրեական, թուրքական: Բայց արդյունքում նրանք չկարողացան կառուցել ճիշտ բանակային կառույց: Խիստ խայտաբղետ է տարբեր բանակների ռազմական հիմունքների ներկապնակը, որոնք կոչված են լուծելու ոչ համարժեք առաջադրանքներ:

Եփրեմ ՍԱՐԳՍՅԱՆ

Կապված նյութեր