Թուրքիայի և Ադրբեջանի իշխող վերնախավերը չեն կարող ադեկվատ պատասխան տալ արտաքին մարտահրավերներին. Սկակով

Voskanapat.info –ի հարցերին պատասխանում է ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:

-Ալեքսանդր Յուրևիչ, քանի որ ադրբեջանցիներն իրենց հրետանային դիվիզիաներն ու մարտկոցները տեղակայում են բնակավայրերի մոտակայքում, Արցախի հանրապետության պատասխան կրակի տակ է հայտնվում նաև քաղաքացիական բնակչությունը: Զոհեր են եղել նաև քաղաքացիական բնակչության շրջանում:

-Հիշենք 2008թ. օգոստոսի պատեազմը: Աբխազիայում վրացական բանակի ստորգետնյա զետեղարանը տեղակայված էր ուղիղ գյուղի կենտրոնում` դպրոցի և բնակելի տների կողքին, ինչն իմ աչքով եմ տեսել: Ցավոք, դա սովորական բան է դարձել, դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկա: Բայց պետք է հասկանալ, որ նման դեպքում քաղաքացիական բնակչության շրջանում անպայամն զոհեր կլինեն: Ովքեր զինվորականներին տեղակայել են բնակավայրերում, նրանք էլ այդ մասին պետք է մտածեին: Երևում է` չեն մտածել:

Երբ պատերազմ է ընթանում, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անխուսափելի են: Եվ դա պետք է նկատի ունենան նրանք, ովքեր ամեն անգամ լարվածությունն ավելի են ուժեղացնում: Ամեն դեպքում, հայկական կողմը զգուշորեն է վերաբերվում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին:

-Վերջին միջադեպից հետո, կարծես թե, հորիզոնում կրկին լայնամասշտաբ պատերազմի սպառնալիք երևաց: Ամեն դեպքում, քաղքենիների և «ինտելիգենցիայի» շութերից հնչել են պատերազմով Արցախ գնալու մասին կոչեր: Այդ միտքը, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի իշխանության բարձրագույն էշելոնների ներկայացուցիչներն են հնչեցրել:

-Պաշտոնական Բաքուն չի կարող հաշտվել Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի` ստատուս-քվոյի հետ: Հիշենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը ստատուս-քվոյի փոփոխությունն է »: Բայց, ըստ ամենայնի, մոտակա ամիսներին պատերազմի համար որևէ հիմք չկա: Քիչ թե շատ հավասարակշռություն է ստեղծվել հայկական ու ադրբեջանական բանակների միջև :Այսօր Թուրքիան Ռուսաստանի եհտ նորմալ հարաբերություններ ունի, և Թուրքիան Ադրբեջանին ռազմական գործողությունների կամ նոր ավանտյուրիզմի չի սադրի:
Պետք է հասկանալ, որ Անկարայի և Բաքվի հարաբերություններն ավելի բարդ են, քան երևում են առաջին հայացքից: Երկու երկրների առջև միանման մարտահրավերներ են կանգնած, միայն թե Թուրքիայի և Ադրբեջանի իշխող վերնախավերն ի վիճակի չեն ադեկվատ պատասխան տալու այդ մարտահրավերներին: Բայց Անկարային ձեռնտու չէ տարածաշրջանային առաջնորդ դառնալու Բաքվի ձգտումը, նրանց շահերը կարող են չհամընկնել: Թուրքիային չեն կարող դուր գալ նավթագազային գործոնը` որպես շանտաժի միջոց օգտագործելու Բաքվի փորձերը («Եթե ձեզ լավ չպահեք, կբարձրացնենք գները»): Մի խոսքով, Թուրքիային հիմա Ադրբեջանը պետք չի:

Հայտնի չէ ԱՄՆ-ի դիրքորոշումը, և Ադրբեջանը, սադրելով պատերազմ, կարող է լուրջ բացասական արձագանքի հանդիպել: Եվ, վերջապես, հիմա Ադրբեջանում տնտեսական ճգնաժամ չկա, որը կլինի ամենակարևոր գործոնը, ինչն այդ երկրին կմղի պատերազմի:

-Ալեքսանդր Յուրևիչ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ծանր հրետանային սպառազինության վերջին մատակարարումը` հատկապես այս ծանր շրջանում, կրկին վրդովել է հայ հասարակությանը:

-Զենքի մատակարարման պայմանագրերը սովորաբար երկար պատմություն են ունենում, և դրանք կապել այսօրվա իրադարձությունների հետ, իմաստ չունի: Զենքի մատակարարման վերաբեյալ ռուս-ադրբեջանական պայմանագրերը այսօրվա, անգամ երեկվա պատմություն չեն: Հիմա սկսել են ավելի հաճախ խոստովանել, որ այդ պայմանագրերը եղել են Մոսկվայի սխալը: Բայց աշխարհում ընդունված է կատարել պայմանագրերի պահանջները, այլապես վեճն անխուսափելի կլինի, որը ցանկալի չէ ոչ մեկին: Կարծում եմ, որ սպառազինության մատակարարման ոլորտում ռուս-հայկական կապերը վեր են բիզնեսից: Եթե Հայաստանին և Ռուսաստանին կապում են անվտանգության հարցը, արտաքին քաղաքական և ինտեգրացման առաջնահերթությունները, և, վերջապես, քաղաքակրթությունը, ապա Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են, առաջին հերթին, փոխշահավետ տնտեսական կապերը:

Եփրեմ ՍԱՐԳՍՅԱՆ

Կապված նյութեր