Ադրբեջանա-արցախյան սահմանում տիրող իրավիճակի, ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի ռազմական համալրումների շուրջ Times.am-ը զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ, ով վերջերս ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Արցախում էր:
-Պարոն Նահապետյան, ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում Ադրբեջանի ակտիվության աճը և միջազգային հանրության՝ արդեն ավանդույթ դարձած անհասցե արձագանքը:
-Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձ է անում իրավիճակը ավելի սրել, քանի որ բանակցությունների, հակամարտության խաղաղ կարգավորման որևէ նոր տեսլական չունի, և փորձ է անում ռազմական ճանապարհով առավելության հասնել։ Բնականաբար, չի կարող հասնել հաջողության, քանի որ Արցախի պաշտպանության բանակը և առաջապահ մեր ստորաբաժանումները խափանել են Ադրբեջանի այս նոր արկածախնդրությունը։ Անցած շաբաթվա ռազմական գործողությունները և դրանից հետո բարձրացրած այդ հիստերիան վկայում են մի բանի մասին՝ Ադրբեջանը փորձում է պատրվակ ստեղծել ավելի լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար։ Թիրախավորված և համարժեք պատասխաններ ստանալուց հետո, կարծում եմ, Ադրբեջանը փորձ կանի վերագնահատել ռազմաքաղաքական այդ իրավիճակը։ Հետևելով միջազգային հանրության վերջին արձագանքներին և տարբեր պետությունների պաշտոնական արձագանքներին՝ կարող ենք փաստել, որ, ցավոք, չկա հասցեական արձագանք։ Հավանաբար, ժամանակ է պետք, որ իրենք ամբողջապես ուսումնասիրեն միջադեպը և հստակ պարզաբանեն, թե ով է եղել նախահարձակ, և գնահատական տրվի հենց Ադրբեջանի ռազմական գործողություններին։ Հայկական զինված ուժերի, Արցախի պաշտպանության բանակի գործողությունները բխում են ստեղծված իրավիճակից, դրանք կրում են պատժիչ բնույթ։ Կարող եմ արձանագրել, հաշվի առնելով այն դիտարկումները, որ ունեցել ենք նաև վերջին ժամանակահատվածում այցելություններ իրականացնելով Արցախի Հանրապետություն, մենք ունենք բավարար և մարդկային ներուժ, և ռազմական ներուժ, ռազմական սպառազինություններ, տեխնիկա, ոչ միայն դիմակայելու այդ արկածախնդրությանը, այլ նաև անհրաժեշտության դեպքում իրականացնելու հարձակողական գործողություններ։
-Ապրիլից հետո ռազմական ի՞նչ համալրումներ են իրականացվել, ինչպե՞ս են ամրացվել դիրքերը:
-Վերջին մեկուկես տարվա ընթացքում կամ ապրիլյան պատերազմից անմիջապես հետո հատկապես, մեծածավալ աշխատանքներ են կատարվել և ռազմական տեխնիկայի, տեխնիկական նոր միջոցների համալրման, և բանակաշինական նոր կառույցների առումով, խնդիրներ, որոնք վեր են հանվել ապրիլյան պատերազմից հետո ուղղակի պահանջում էին մեզանից համարժեք քայլեր։ Մեր դիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ իսկապես հսկայածավալ աշխատանք է իրականացվել։ Այդ միջոցները ձեռք են բերվել տարբեր աղբյուրներից։ Դրանք այն միջոցներն են, որոնք անհրաժեշտ են պաշպանություն իրականացնելու համար, և ջերմատեսիլներ, և գիշերային տեսանելիության սարքեր, բազմաթիվ նոր այլ միջոցներ։ Բնականաբար, չեմ կարող բոլոր այդ միջոցների ցանկը հրապարակել, բայց կարող եմ վստահեցնել, որ իսկապեա շատ մեծ ծավալի համալրում է իրականացվել Արցախի պաշտպանական բանակում։ Մենք այս ուղղությամբ հետևողական աշխատանք ենք իրականացնում, դա բնավ չի նշանակում, որ հետագա համալրման կամ պաշտպանական բանակի կարողությունների կատարելագործման կարիք չկա բոլոր ուղղություններով։ Խնդիրը մեր ամենօրյա հոգածության առարկան է։ Այդ իմաստով շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ամբողջապես գնահատել մեր կարիքները։ Եվ այդ կարիքների բավարարմանն ուղղված, նախևառաջ ռազմական կարիքներին ուղղված նոր նպատակային քայլեր ձեռնարկենք։
Առաջիկայում նույնպես նախատեսում ենք այց իրականացնել Արցախի Հանրապետություն՝ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովի նախագահների կազմով։ Եվս մեկ անգամ կփորձենք վերագնահատել իրավիճակը հատկապես վերջին ռազմական այս արկածախնդրությունից հետո, տեղում մեր գործընկերների հետ կազմակերպելով նաև քննարկումներ, հնարավոր տարբեր սցենարներ տեսադաշտում ունենալով։
Կարելի է տարբեր կանխատեսումներ անել զարգացման տարբեր սցենարներ քննարկել, բայց շատ կարևոր է, որ մենք հստակ հասկանանք, որ փաստացի պատերազմական վիճակը պահանջում է մեզանից համազգային համախմբում և ապրիլյան պատերազմը նաև բոլորիս համար պետք է դաս լինի այդ առումով, պատերազմը չի ավարտվել, և այդ զգացողությունը ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև Երևանում պետք է հստակ գիտակցվի հասարակության տարբեր շերտերի կողմից։ Ոչ թե պետք է առաջ գան որոշակի հետևանքներ, նոր մենք փորձենք գնահատել այդ հետևանքները, այլ շատ դեպքերում մենք պետք է փորձենք կանխել այդ հետևանքների առաջացումը, նկատի ունեմ առաջնագծում լարման կամ իրավիճակի սրման որոշակի աստիճանի պարագայում մեզանից պահանջվող ջանքերը կլինեն շատ ավելի մեծ։
Մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք և, ըստ էության, նաև քննարկումները տարբեր մակարդակներում ընթանում են, ռազմավարական պլանավորման և ռազմական գործողությունների իրականացման տարբեր սցենարներ մեր տեսադաշտում կան։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք այդ սցենարներին համարժեք գործողություններ իրականացնելու համար։ Պարբերական մեր խորհրդակցությունները Արցախի մեր գործընկերների հետ շատ կարևոր եմ համարում, օպերատիվ կապը և հնարավոր գործակցության նոր ձևերը պետք է լինեն մեր աշխատանքի անբաժանելի մասը։ Մենք այդ սկզբունքով էլ աշխատում ենք։ Հուսով եմ, որ առաջիկայում կունենանք նաև մեզ համար ցանկալի իրավիճակ և զարգացումներ, և այս առումով միջազգային տարբեր կազմակերպությունների հետ տարվող մեր աշխատանքը նույնպես սկզբունքային նշանակություն ունի՝ պատշաճ կերպով ներկայացնելու իրադարձությունները, այդ իրադարձությունների հետևանքները ոչ միայն տարածաշրջանի,այլ ողջ միջազգային հանրության համար։
-Պարոն Նահապետյան, փորձագետները նշում են, որ տեխնիկական համալրումներից հետո վերջին մեկ տարվա ընթացքում փոխվել են դիվերսիաների բնույթը, այսինքն՝ երբ մեր զինծառայողները կարողանում են շուտ տեսնել կամ տեսնել հակառակորդին, կարողանում են նաև ճիշտ և ժամանակին կանխել։ Ճի՞շտ են այդ տեսակետները։ Դուք ի՞նչ կավելացնեք։
-Ես համաձայն եմ փորձագետների այսպիսի դիրքորոշման հետ։ Վերջին շրջանում տեխնիկական այս նոր համալրումը հնարավորություն է տվել նաև ժամանակին և ճիշտ վնասազերծել և կանխել դիվերսիոն գործողությունները, հակառակորդի ներթափանցման փորձերը։ Մենք կարող ենք այդպիսի օրինակներ բերել, հրապարակային այդ մասին խոսել։ Շատ կարևոր է տեխնիկական այդ միջոցներով համալրումը։ Մեր զինծառայողները հերթական անգամ ապացուցել են, որ կարողանում են ոչ միայն ժամանակին հակառակորդին դիտարկել, այլ նաև կարողանում են պատշաճ կիրառել այն զինանոցը, որն ունեն։ Այդ իմաստով միանշանակ պետք է դրական գնահատել Արցախի պաշպանության բանակի վերջին շրջանում իրականացվող գործողությունները։ Միշտ պետք է զգոնությունը բարձր պահել, սա չափազանց կարևոր է։ Մենք, իսկապես, հետևողական քայլեր ենք անում առաջնագծի պահպանական և պաշտպանական մեր կարողությունների ամրապնդման ուղղությամբ՝ առաջնահերթություն ունենալով նաև մեր զինծառայողների անվտանգությունը։
Զրուցեց Ժիրայր ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Նշենք, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներ զգալի նյութական և տեխնիկական աջակցություն ուղղեցին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ամրացման ու համալրման նպատակով: Թե՛ պաշտոնյաները, թե՛ փորձագիտական շրջանակներն այսօր փաստում են, որ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել առաջնագծում՝ վստահեցնելով, որ գործողությունները շարունակական բնույթ են կրելու: Մասնավորապես, Արցախի կառավարության ղեկավարը իր հարցազրույցներից մեկում նշել է, որ գործարարներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների աջակցությամբ առաջնագիծը համալրվել է տեսադիտարկող սարքերով և մասնագիտական խորհրդատվություն է անցկացվել ինչի արդյունքում զգալիորեն կրճատվել է հակառակորդի կողմից ձեռնարկվող դիվերսիաների քանակը: