Ադրբեջանի «Silk Way Airlines» ընկերությունը դիվանագիտական թույլտվությամբ զենքեր է տեղափոխում Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի, Կոնգոյի համար:
Վերջին 3 տարիների ընթացքում «Silk Way Airlines» (Ադրբեջանի պետական ընկերություն) ընկերության կողմից իրականացված առնվազն 350 չվերթներ զենք են տեղափոխել աշխարհով մեկ՝ պատերազմական հակամարտությունների համար: Ադրբեջանի պետական ինքնաթիռները դիվանագիտական չվերթների քողի տակ ահաբեկիչների համար տեղափոխել են տասնյակ տոնաներով ծանր զինտեխնիկա ու ռազմամթերք:
Փաստաթղթերը, որոնցում զենքի մատակարարման գործում մատնանաշվում է «Silk Way Airlines» ընկերությունը, ինձ է ուղարկվել «Anonymous Bulgaria» թվիթերյան հաշվի կողմից:
Գաղտնազերծված փաստաթղթերը ներառում են Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության և Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանության միջև գրագրությունները՝ կցված փաստաթղթերով, որոնք վերաբերում են զենքերի առք ու վաճառքի գործարքներին և չվերթների դիվանագիտական հիմնավորումներին՝ ներառյալ վայրէջքներին Բուլղարիայում և եվրոպական շատ այլ երկրներում, ԱՄՆ-ում, Սաուդիան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում:
Փաստաթղթերի համաձայն՝ «Silk Way Airlines»-ը դիվանագիտական չվերթներ է առաջարկել մասնավոր ընկերություններին և զենք արտադրող ընկերություններին ԱՄՆ-ից, Բալկաններից ու Իսրայելից, ինչպես նաև առաջարկներ է արել Սաուդիան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, ԱՄՆ հատուկ հրամանատարությամբ զորքերին, ինչպես նաև Գերմանիայի և Դանիայի զորքերին՝ Աֆղանստանում և Շվեդիայի զորքերին՝ Իրաքում: Դիվանագիտական չվերթներն ազատված են ստուգումներից, օդային վճարներից ու հարկերից, ինչը նշանակում է «Silk Way Airlines»-ի ինքնաթիռներն ազատորեն հարյուրավոր տոնաներով զինամթերք է տեղափոխել աշխարհի տարբեր շրջաններ առանց կարգավորումների: Չվերթների ընթացքում մի քանի ժամից ընդուպ մինչ մեկ օր տևողությամբ տեխնիկական վայրէջքներ են կատարվել ինչ-որ միջանկյալ տարածքներում՝ առանց որևէ հիմնավոր պատճառաբանության, ինչպես օրինակ վառելիքի լիցքավորումն է:
Ըստ Միջազգային տրանսպորտային ասոցիացիայի՝ «Վտանգավոր ապրանքների կարգավորումներ»-ի, այն օպերատորները, որոնք քաղաքացիական ավիացիայով իրականացնում են տրանսպորտային փոխադրումների համար արգելված վտանգավոր իրերի փոխադրումներ, պետք է դիմեն օդային փոխանցումների համար բացառություն անելու թույլտվության ստացման համար:
Փաստաթղթերի համաձայն, Ադրբեջանի արտգործնախարարությունը հրահանգավորումներ է ուղարկել Բուլղարիայում և եվրոպական այլ երկրներում «Silk Way Airlines»-ի չվերթների համար դիվանագիտական թույլտվություն ստանալու նպատակով: Դեսպանատներն էլ տեղակայման համապատասխան երկրների արտգործնախարարություններ նոտաներ են հղել՝ նման թույլտվություն ստանալու համար: Տեղակայաման վայրերի արտգործնախարարություններն էլ իրենց հերթին հետ են ուղարկել նոտաները՝ ստորագրված տեղական քաղաքացիական ավիացիոն ծառայությունների կողմից՝ այս կերպ տրամադրելով վտանգավոր ապրանքների տեղափոխման թույլտվությունները:
Դիվանագիտական ձևակերպումները ներառում են վտանգավոր ապրանքների՝ ծանր զինտեխնիկայի ու ռազմամթերքի, տեսակների և որակական բնութագրերի մասին տեղեկություններ: Ինչևէ, շատ երկրների (Բուլղարիա, Սերբիա, Ռումինիա, Չեխիա, Հունգարիա, Սլովակիա, Լեհաստան, Թուրքիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Հունաստան և այլն) իշխանություններ աչք են փակել ու թույլատրել ռազմական նպատակներով քաղաքացիական ավիացիայի միջոցով ծանր զինտեխնիկայի տեղափոխումները:
Միջազգային օդային տրանսպորտային ասոցիացիայի կարգավորումներով ռազմական բեռի տեղափոխումը քաղաքացիական ինքնաթիռներով արգելված է: Այս օրինական սահմանափակումը շրջանցելու համար «Silk Way Airlines»- դիվանագիտական ձևակերպումներ ստանալն իրականացրել է տեղական գործակալությունների միջոցով:
ԱՄՆ-ն 1մլրդ դոլար արժողությամբ զենք է ուղարկել
«Silk Way Airlines» ընկերության առաջարկած «դիվանագիտական թույլտվությամբ չվերթներ»-ի ծառայությունից օգտվողների շարքում են ամերիկյան ընկերությունները, որոնք զենք են մատակարարել ԱՄՆ բանակին ու ԱՄՆ հատուկ գործողությունների համար հրամանատարությանը: Այս բոլոր օրինակներում ընդհանրությունն այն է, որ բոլորն էլ մատակարարել են ԱՄՆ չափորոշիչներին չհամապատասխանող զենքեր, ինչը նշանակում է, որ այդ զենքերը չեն օգտագործվել ԱՄՆ զինված ուժերի կողմից:
ԱՄՆ կառավարության դաշնային պայմանագրերի համաձայն, վերջին երեք տարիներին ամերիկյան ընկերությունները Կառավարության ծրագրով ավելի քան 1 մլրդ դոլար են ստացել նման զենք մատակարարելու համար։ Այդ բոլոր ընկերությունները օգտվել են Silk Way-ից։ Բոլոր այն դեպքերում, երբ «Silk Way Airlines»-ի ինքնաթիռները զբաղված են եղել, Ադրբեջանի Օդային Ուժերի ինքնաթիռներն են տեղափոխել ռազմական բեռը՝ չնայած, որ այդ բեռները երբեք Ադրբեջան չեն հասել:
Դեսպանատնից գաղտնազերծած փաստաթղթերը զենքերի տեղափոխման ցնցող օրինակների մասին են վկայում, ինչպես օրինակ. 2015թ. մայիսի 12-ին Ադրբեջանից ռազմական օդանավը, ըստ փաստաթղթերի, 7․9 տոննա PG-7V նռնակ ու 10 տոննա PG-9V է տեղափոխել բուլղարական Բուրգասից թուրքական Ինջիրլիկ բազա, որտեղից վերադարձել է Բուրգաս, իսկ այնտեղից էլ Ադրբեջան Նասոսնայա ավիաբազա։ Բեռն ուղարկողը ամերիկյան Purple Shovel ընկերությունն էր, իսկ ստացողը՝ Ադրբեջանի ՊՆ-ն։ Ըստ փաստաթղթերի, երկու խմբաքանակները բեռնաթափվել են Ինջիրլիկում ու չեն հասել ստացողին։ Զենքը գնվել է բուլղարական Alguns ընկերությունից, իսկ արտադրողը Բուլղարիայի պետական զենքի գործարանն էր։
Դաշնային պայմանագրերի համաձայն, 2014 թվականի դեկտեմբերին, USSOCOM-ը Purple Shovel-ի հետ 26.7 մլն դոլարի պայմանագիր է կնքել: Բուլղարիան էլ մատնանշվել է որպես զենքի ծագման երկիր:
2015 թվականի հունիսի 6-ին 46 ամյա ազգությամբ ամերիացի Ֆրենսիս Նորվելոն՝ Purple Shovel-ի աշխատակիցը, սպանվել էր այն բանից հետո, երբ Բուլղարիայի Անեվո գյուղի մերձակա ռազմակայանում անսարքության հետևանքով պայթել էր ՌՊԳ տիպի նռնակ: Դեպքի հետևանքով ևս երկու ամերիկացիներ ու երկու բուլղուրացիաներ վնասվածքներ էին ստացել: Բուլղարիայում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ԱՄՆ կառավարության պայմանագրայինները ԱՄՆ զինուժի ռազմական ծրագրի շրջանակներում ուսուցանում և զինում էին Սիրիայի ապստամբներին, ինչի արդյունքում Սոֆիայում ԱՄՆ դեսպանն իսկույն հետ կանչվեց: Այն նույն զենքերը, որոնք մատակարարվել են Purple Shovel- կողմից չեն օգտագործվել սիրիական ապստամբների կողմից: Նախորդ տարվա դեկտեմբերին, երբ, որպես բուլղարացի լրագրող, լուսաբանում էի Հալեպյան մարտերը, ես գտա և նկարահանումներ արեցի ստորգետնյա թվով 9 պահեստներում, որտեղ առկա զենքերի վրա Բուլղարիան մատնանշված էր որպես ծագման երկիր: Դրանք օգտագործվել են «Ալ Նուսրա ճակատ»-ի կողմից:
Նույն ծրագրում ընդգրկված մեկ ուրիշ ամերիկյան պայմանագրային ընկերություն է «Orbital ATK»-ն: Նախորդ 2 տարիների ընթացքում այս ընկերությունը ստացել է 250 մլն դոլար: Զենքի մատակարարման հասցեատերերի ու քանակների մասին տեղեկությունները գաղտնի են:
Ըստ փաստաթղթերի, Orbital ATK-ն զենքի տեղափոխումն իրականացրել է 2015 թվականի հուլիս-օգոստոս միջակայքում՝ «Silk Way Airlines»-ի վեց չվերթներով՝ Բաքու-Թուզլա (Բոսնիա և Հերցեգովինա)-Բաքու- Քաբուլ օդուղով: Զենքի գնորդ է նշվում բոսնիական IGMAN j.j. Konjic ընկերությունը՝ Orbital ATK-ի անունից, իսկ ստացողը՝ Աֆղանստանի ոստիկանությունն է: Հատկանշական է, որ բոլոր այս դիվանագիտական չվերթներն ունեցել են Բաքվում տեխնիկական վայրէջքներ՝ 7 ժամ 30 րոպե տևողությամբ մինչ կհասնեին իրենց նշանակման կետին՝ Քաբուլ:
Ադրբեջանական օդանավերը այդ նույն տարվա ապրիլ-մայիս ամիսներին 10 դիվանագիտական չվերթ են իրականացրել ու 282 տոննա նռնակ (PG-7VL և այլն) և այլ սպառազինում տեղափոխել Բաքվից խորվաթական Ռիեկա, հետո նորից Բաքու։ Ուղարկողը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է նշված, իսկ ստացողը՝ Culmen International LLC (ԱՄՆ), որը ոչ ամերիկյան ստանդարտի զենք մատակարարող ֆիրմաներից մեկն է։ Այս նույն ընկերությունը ևս երկու պայմանագիր ունի՝ յուրաքանչյուրը 47 մլն արժողությամբ՝ ի դեմս այլ ընկերությունների հետ, որոնք մատակարարումներ են իրականացրել 2016 թվականի փետրվարի 18-ին և 2017 թվականի ապրիլի 19-ին: Culmen International LLC (ԱՄՆ) ևս 26.7 մլն-ի՝ արտասհամանյան զենքերի պայմանագիր ունի Պաշտպանական դեպարտամենտի և 3.9 մլն-ի պայմանագիր նոր արտադրված ամերիկյան ստանդարտներին չհամապատասխանող զենքերի համար:
Chemring Military Products-ը ծրագրի ևս մեկ կարևոր մասնակից է, որը «Silk Way Airlines»-ի միջոցով ամերիկյան ստանդարտներին չհամապատասխանող զենքեր է մատակարարել ԱՄՆ զորքին: Այս մատակարարումներն իրականացվել են 4 պայմանագրերի միջոցով՝ ընդհանուրը 302.8 մլն: Զենքերը ձեռք են բերվել Սերբիայի, Բուլղարիայի և Ռումինիայի տեղական արտադրողներից և համաձայն փաստաթղթերի՝ դիվանագիտական չվերթներով տեղափոխվել են Իրաք ու Աֆղանստան:
Այս չվերթներից մեկը մասնավորապես 2016 թվականի հոկտեմբերի 18-ին Սերբիայից՝ Բելգրադից 15.5 տոննա 122 մմ հրթիռներ տեղափոխելիս սահմանված Քաբուլի փոխարեն վայրէջք է կատարել Լահորում (Պակիստան): Գնորդի դերում հանդես է եկել Chemring ընկերությունը: 2 ժամ անց ինքնաթիռն ուղևորվել է Աֆղանստան: Բացատրությունը մեկը կարող է լինել՝ բեռն իջեցվել է Պակիստանում, չնայած այն հանգամանքին, որ փաստաթղթերով այն ուղարկված է Աֆղանստան:
Alliant Techsystems Operations-ը ԱՄՆ բանակին ԱՄՆ չափորոշիչներին չհամապատասխանող զենքի մատակարարող ամենախոշոր ընկերությունն է՝ 490.4 մլն դոլարի պայմանագրային արժողությամբ: 2016 թվականի դեկտեմբերին այս ընկերությունը տոնաներով նռնակներ (API 23×115 մմ, HE 23×115 մմ, GSH 23×115 մմ) է մատակարարել Սերբիայի Յուգոիմպորտ ընկերությունից Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը՝ Բաքու-Բելգրադ-Քաբուլ օդուղով, դիվանագիտական չվերթով:
Սաուդիան Արաբիա- հովանավոր և զենքի մատակարար
ԱՄՆ-ից բացի մյուս երկիրը, որը մեծ քանակությամբ արևելա-եվրոպական զենքեր է գնել ու դրանց տեղափոխումն իրականացրել «Silk Way Airlines»-ի կողմից Սաուդիան Արաբիան է: 2016 և 2017թթ-ին շուրջ 23 դիվանագիտական չվերթ է իրականացվել Բուլղարիայից, Սերբիայից ու Ադրբեջանից դեպի Ջեդահ ու Ռիադ: Ստացողներն են եղել VMZ ռազմական գործարանը և Տրանսմոբայլը Բուլղարիայից, Յուգոիմպորտը՝ Սերբիայից և CIHAZ-ը Ադրբեջանից:
Սաուդիան Արաբիան այս զենքերն ինքը չի գնել, որքանով որ սաուդյան բանակը միայն արևմտյան զենքեր է օգտագործում և այս զենքերը չեն համապատասխանում նրանց ռազմական չափորոշիչներին: Հետևաբար, դիվանագիտական չվերթներով տեղափոխված զենքերը ընկել են ահաբկիչների ձեռքերում՝ Սիրիայում և Եմենում, որոնց իր պաշտոնական աջակցությունն է հայտնում Սաուդիան Արաբիան:
Սաուդիան Արաբիան ռազմական բեռներ է տեղափոխել նաև Հարավային Աֆրիկա՝ տարածաշրջան, որը տառապում է ոսկու և ադամանդի պաշարների համար պայքարի բովում:
Այս տարվա ապրիլի 28-ին և մայիսի 12-ին «Silk Way»-ն երկու դիվանագիտական չվերթ է իրականացրել Բուրգաս-Ջեդահ-Բրազավիլե (Կոնգո) ուղղությամբ: Երկու չվերթների դեպքում էր ռազմամթերքի համար վճարումները կատարվել են Սաուդիան Արաբիայի կողմից: Այս մասին են վկայում Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանությունից գաղտնազերծված փաստաթղթերը: Ինքնաթիռը տեխնիկական վայրէջք է կատարել Ջեդահում 12 ժամ 30 րոպե առաջին չվերթի ընթացքում և 14 ժամ երկրորդ չվերթի համար:
Ինքնաթիռի վրա տեղակայված են եղել ականանետներ և հակատանկային նռնակներ, այդ թվում՝ SPG-9 և GP-25: Իրաքյան բանակի կողմից նույն այդ զենքը մեկ ամիս առաջ հայտնաբերվել է Մոսուլում գտնվող ԻՊ ռազմամթերքի պահեստում: Իսլամական պետության զինյալներն այդ կազմակերպության կողմից համացանցում տարածվող քարոզչական նյութերում երևում են նշված զենքերի ուղեկցությամբ: Հետաքրքիր է, որ տրանսպորտային փաստաթղթերում որպես ստացող կողմ նշվում է Կոնգոյի Հանրապետական գվարդիան:
2017թ-ի փետրվարին և մարտին Սաուդյան Արաբիան ստացել է 350 տոննա զենք «Silk Way» կազմակերպության կողմից իրականացված դիվանագիտական թռիչքների միջոցով, որոնք կատարվել են Բաքու-Բելգրադ-Պրինս Սուլթան-Բաքու չվերթներով: Բեռը պարունակել է 27350 հատ 128 մմ տրամաչափով «Palmen-a» տեսակի հրթիռներ և 10000 հատ 122 մմ տրամաչափով Գրադ հրթիռներ: Մատակարարող կողմ է հանդիսացել սերբական «Tehnoremont Temerin» կազմակերպությունը՝ կիպրական «Famеway Investment LTD» կազմակերպության պատվերով:
2016թ-ի մարտի 5-ին Ադրբեջանի ՌՕՈւ պատկանող ինքնաթիռի միջոցով տեղափոխվել է 1700 հատ RPG-7 (մատակարար՝ Ադրբեջանի ՊՆ) և 2500 հատ PG-7VM (մատակարար՝ «Transmobilе Ltd», Բուլղարիա) Սաուդյան Արաբիայի ՊՆ համար: Բուրգասի օդանավակայանից դիվանագիտական թռիչքները դեպի Պրինց Սուլթան 2017թ-ի փետրվարի 18-ին և 28-ին փոխադրել են յուրաքանչյորը 5080 հատ 40 մմ PG-7V/RPG-7 և 24 978 հատ RGD-5: Զենքը մատակարարվել է «Transmobile» (Բուլղարիա) կազմակերպության կողմից, իսկ ստացող է հանդիսացել Սաուդյան Արաբիայի ՊՆ-ն: Նման զինամթերք և RPG-7, որոնց ծագման երկիրը Բուլղարիան է, կարելի է հաճախ հանդիպել ԻՊ կողմից հրապարակված տեսանյութերում և նկարներում:
Մեկ այլ արաբական երկիր՝ ԱՄԷ-ն, նույնպես ձեռք է բերել արևելաեվրապական զենք, սակայն դրանք համատեղելի չեն իր սպառազինության հետ և, ամենայն հավանականությամբ, փոխանցվել են երրորդ կողմի: Բուրգաս-Աբու Դաբի-Սուայհան երեք չվերթերով 2017թ-ի մարտից մինչև ապրիլ «Silk Way»-ը յուրաքանչյուր թռիչքով տեղափոխել է 10,8 տոննա PG7VM HEAT՝ 40 մմ տրամաչափով RPG-7-ի համար, որոնց ընթացքում կատարել է 2 ժամ տևողությամբ տեխնիկական վայրեջք Աբու Դաբիում: Արտահանող կողմը «Samel-90» (Բուլղարիա) կազմակերպությունն է, ներկրողը՝ «Al Tuff International Company LLC»-ն: Վերջին կազմակերպությունը կապված է « Orbital ATK LLC» կազմակերպության հետ, որը հանդիսանում է Մերձավոր Արևելքում ամերիկյան «Orbital ATK» կազմակերպության դուստր ձեռնարկությունը: Չնայած վերջնական ստացող է նշվում ԱՄԷ-ի բանակը, թռիչքների փաստաթղթերը ցույց են տալիս, որ հովանավորող կողմ է հանդիսանում Սաուդյան Արաբիան:
Կանխիկ վճարումներ
2016թ-ի փետրվարի 26-ին Ադրբեջանի օդուժի օդանավերից մեկը Բաքվից մեկնում է ԱՄԷ, որտեղ բեռնում է երկու զրահապատ մեքենա և մեկ Լեքսուս ավտոմեքենա: Դիվանագիտական ձևակերպումներում այս գործարքի համար նշված է, որ վճարումներն իրականացվել են կանխիկ ԱՄՆ դոլարով: Այնուհետև օդանավը վայրէջք է կատարում Հյուսիսային Սուդանում, իսկ հաջորդ օրը՝ Կոնգոյի Հանրապետությունում: Գործարքի մատակարարող կողմ է հանդիսացել ԱՄԷ-ի «Safe Cage Armour Works» ՍՊԸ-ն, իսկ ստացողը՝ Կոնգոյի Հանրապետական գվարդիան: Մինչդեռ հովանավորող կողմը Սաուդյան Արաբիան է եղել:
Դիվանագիտական թռիչքներով մատակարարվում է մահացու սպիտակ ֆոսֆոր
Սպիտակ ֆոսֆորը հրկիզող ռազմամթերք է, որի կիրառումը բարձր մահացու ազդեցության հետևանքով խիստ վիճելի խնդիր է: 2015թ-ի մարտի 31-ին «Silk Way»-ը տեղափոխել է 26 տոննա ռազմամթերք, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆոր Սերբիայից (արտահանողը՝ «Yugoimport») և 63 տոնա Բուլղարիայից (արտահանողը՝ «Arsenal»): Մարտի 22-ին «Yugoimport»-ի կողմից ևս 100 տոննա սպիտակ ֆոսֆոր է արտահանվել Քաբուլ: Այս թռիչքների փաստաթղթերին որևէ պայմանագիր կցված չէ:
2015թ-ի մայիսի 2-ին «Silk Way»-ին պատկանող օդանավը 17 տոննա զինամթերք է բեռնել Բուրգաս օդանավակայանում, որի մեջ եղել է նաև սպիտակ ֆոսֆոր: Օդանավը տեխնիկական վայրէջք և 4 ժամ տևողությամբ կանգառ է կատարել Բաքվում՝ մինչև նպատակային կետին՝ Քաբուլին հասնելը: Բեռի ստացողը աֆղանական ոստիկանությունն է եղել: Կրկին որևէ պայմանագիր կցված չէ որպես հիմնավորում:
Բաքուն որպես զենքի միջազգային կենտրոն
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բազմիցս հանդիսացել է զենքի մատակարարումների ստացող, ինչը, սակայն, փաստացի չի ստացել: 2015թ-ի մայիսի 6-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող օդանավը կատարել է Բուրգաս
(Բուլղարիա)-Ինջիրլիք (Թուրքիա)-Բուրգաս թռիչք: Այն Բուլղարիայից Թուրքիա փոխադրել է ավիացիոն սարքավորումներ, որոնց մատակարարը եղել է «EMCO LTD»-ն, իսկ ստացողը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ինչևիցե, բեռը դատարկվել է Թուրքիայում և երբեք չի հասել Ադրբեջան:
Դիվանագիտական թռիչքներով Ադրբեջանի կողմից փոխադրված զինամթերքի մի մասն իր զորքերի կողմից օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ: 2016թ-ին Ադրբեջանը Հայաստանին մեղադրել էր սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ: Հայաստանը հերքել էր այդ պնդումները և իր հերթին Ադրբեջանին էր մեղադրել դրա արտադրության մեջ, քանի որ միակ ապացույցն այն էր, որ ադրբեջանցի զինվորը գտել էր մեկ չպայթած նռնակ: Համաձայն Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան փաստաթղթերի՝ սպիտակ ֆոսֆորով զինամթերքը նախորդ տարի Բաքվով տեղափոխվել է դիվանագիտական թռիչքների միջոցով:
Բաքուն զենքի միջազգային կենտրոնի դեր է խաղում: Թռիչքների մեծ մասը մի քանի ժամով տեխնիկական կանգառ են կատարում Բաքվի օդանավակայանում կամ վերջնական նպատակակետի ճանապարհին գտնվող միջանկյալ օդանավակայաններում: Խնդիրն այն է, որ ինքնաթիռների այդ տեսակները, որոնք թռիչքներ են կատարում դեպի միևնույն նպատակակետ, սովորաբար տեխնիկակն վայրէջքներ չեն կատարում: Հետևաբար վառելիքի վերալիցքավորման նպատակով վայրէջքների կարիք ամենևին չկա: Չնայած դրան, «Silk Way»-ի օդանավերը մշտապես կատարում է տեխնիկական վայրէջքներ: Այսպես, 2015թ-ի դեկտեմբերին «Silk Way»-ն իրականացրել է 14 թռիչք յուրաքանչյուրը՝ 40 տոննա ռազմական բեռով, որի թռիչքուղին եղել է Օստրավա (Չեխիա)-Օվդա (Իսրայել)-Նոսոսնի (Ադրբեջան): Փաստաթղթերում արտահանողը նշված չէ, մինչդեռ որպես ստացող մշտապես նշվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Որքան տարօրինակ է՝ օդանավը շեղվել է թռիչքուղուց և վայրէջք է կատարել Օվդա օդանավակայանում (ռազմաբազա Իսրայելի հյուսիսում), որտեղ այն մնացել է 2 ժամ:
2017թ-ին իրականավել է 5 թռիչք Նիշից (Սերբիա) Օվդայով (Իսրայել) դեպի Նասոսնի (Ադրբեջան): Յուրաքանչյուր թռիչքի միջոցով փոխադրվել է 44 տոննա բեռ՝ «SPG Howitzer», «RM-70/85»: Մատակարարը «MSM Martin» (Սերբիա) ընկերությունն է, ստացողը՝ «Elbit Systems» (Իսրայել) և Ադրբեջանի պաշտպանության նախարարություն: Նշված բոլոր օդանավերը վայրէջք են կատարել Իսրայելում և այնտեղ են մնացել 2 ժամ:
Միևնույն իսրայելական «Elbit Systems» կազմակերպությունը Բրնո (Չեխիա) – Թել Ավիվ (Իսրայել) – Բրատիսլավա (Սլովակիա) թռիչքով վերաարտահանել է զրահապատ մեքենաներ (TATRA T-815 VP31, TATRA T-815 VPR9): Դրանք ուղարկված են եղել «Real Trade» (Պրահա) ընկերության կողմից «Elbit Systems» ընկերությանը: Մինչդեռ բեռի վերջնական ստացողը եղել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Օդանավը մեկնել է Թել Ավիվ և այնուհետև Բրատիսլավա, որտեղ բեռը ներմուծվել է մեկ այլ կազմակերպության անունից՝ «MSM Martin» (Սլովակիա): Այստեղ պարզ չէ, թե ինչու օդանավը թռչել է Եվրոպայից դեպի Ասիա և այնուհետև՝ կրկին Եվրոպա միևնույն ապրանքով: Վերջնական հաշվով այն չի հասել իր վերջնական նպատակին՝ Ադրբեջան: IL 76TD տեսակի օդանավերը կարող են փոխադրել մինչև 50 տոննա բեռ: Այս մեկը համաձայն ներկայացված փաստաթղթերի՝ տեղափոխել է ընդամենը 30 տոննա: Հետևաբար, այն կարող էր տեղափոխել հավելյալ 20 տոննա բեռ: Քանի որ թռիչքը դիվանագիտական էր, այն չի ենթարկվել ստուգումների:
Ռազմական հեղաշրջում դեպի Բուրուկինա Ֆասո դիվանագիտական թռիչքից հետո
Որոշ դիվանագիտական թռիչքների միջոցով զենք է մատակարարվել Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում կոնֆլիկտային գոտիներին: Նման իրավիճակ է նաև ադրբեջանական ՌՕՈւ օդանավերի իրականացրած երկու էռիչքների պարագայում, որոնք տեղի են ունեցել 2015թ-ի օգոստոսի 30-ին և սեպտեմբերի 5-ին Բաքու-Բելգրադ-Ջեդդա-Բրազավիլ-Բուրուկինա Ֆասո ուղղությամբ: Մատակարար կողմերն են եղել «CIHAZ» (Ադրբեջան) և «Yugoimport» (Սերբիա) կազմակերպություները: Ստացող կողմը եղել է Կոնգոյի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: Օդանավը երկու տեխնիկական կանգառ է կատարել Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում:
41.2 տոննա կշռով բեռը, որը Բաքվից ուղարկվել է Բելգրադ, պարունակել է 7,62մմ տրամաչափի փամփուշտներ, 12 հատ դիպուկահար հրացան, 25 հատ 12,7х108 մմ տրամաչափի M12 «Սև նետ» դիպուկահար հրացան, 25 հատ RBG՝ 40 × 46 մմ / 6M11 և 12,7х108 մմ տրամաչափի 25 հատ Կոյոտ ինքնաձիգ գնդացիրներ՝ իրենց շտատիվներով: Այդ նույն ծանր գնդացիրները մի քանի ամիս անց երևում են Սիրիայի Իդլիբ և Համա նահանգներում գտնվող ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների կողմից սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում և տեսանյութերում: Ինքնաթիռը նաև փոխադրել է 1999 հատ 7,62х39 մմ տրամաչափի M70B1 և 25 հատ 82 մմ տրամաչափի M69A ինքնաձիգ հրացաններ: 2016թ-ի փետրվարի 26-ին YouTube-ում տեղադրվել է միևնույն տեսակի 82 մմ տրամաչափի M69A ինքնաձիգ հրացաններով զինված զինյալների մասնակցությամբ տեսանյութ, ովքեր իրենց անվանում էին «13-րդ ստորաբաժանում» և մարտեր էին մղում Հալեպի հյուսիսում:
Թուրքիայից հետո օդանավը ժամանել է Սաուդյան Արաբիա և այնտեղ է մնացել մեկ օր: Դրանից հետո այն ժամանել է Կոնգո և Բուրուկինա Ֆասո: Մեկ շաբաթ անց Բուրուկինա Ֆասոյում ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվել:
300 տոննա RPG, գնդացիր և ռազմամթերք քրդերի համար
Ինչպես հաղորդվում է՝ 2017թ-ի մարտին ավելի քան 300 տոննա զենք է ուղարկվել Սիրիայի հյուսիսում գտնվող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներi» (YPG) համար: 6 դիվանագիտական թռիչքներից յուրաքանչյուրով տեղափոխվել է 43 տոննա նռնակ « VMZ Military Plant»-ից (Բուլղարիա) դեպի Իրաքի պաշտպանության նախարարություն: Սակայն որևէ պայմանագիր այդ մասով չկա: Մարտի 28-ին 82 տոննա բեռ (AKM 7,62×39 մմ և AG-7) ուղարկվել է ռումինական Օտոպենիից դեպի Իրաքի Քուրդիստանի Էրբիլ: Մատակարար կողմը եղել է «Romtechnica S.A.»-ն, իսկ ստացողը՝ կրկին Իրաքի պաշտպանության նախարարությունը: Այս մատակարարման համար ևս պայմանագրերը բացակայում են:
2016թ-ի մարտի 16-ին «Silk Way»-ը ևս մեկ դիվանագիտական թռիչքով փոխադրել է 40 տոննա ռազմական բեռ Սլովենիայից Էրբիլ. մատակարարն այս դեպքում «ELDON S.R.O.» (Սլովակիա) կազմակերպությունն է, իսկ ստացողը՝ «Wide City Ltd. Co» կազմակերպությունը, որը տեղակայված է Էրբիլում, իսկ վերջնական ստացող է հանդիսանում Քուրդիստանի կառավարությունը:
«Wide City Ltd. Co» կազմակերպությունն ունի երեք գրասենյակ՝ Լիմասոլում (Կիպրոս), Սոֆիայում (Բուլղարիա) և Էրբիլում: Բուլղարական «Techno Defence Ltd» կազմակերպության գրասենյակը գտնվում է Սոֆիայում: Կազմակերպության վեբ կայքում Techno Defence Ltd» կազմակերպության սեփականատեր Հաիր Ալ Ահմեդ Սալեհը պնդում է, որ ինքն ունի գրասենյակ Էրբիլում և որ իր կազմակերպությունն արտադրում է «Zagros» զենք Ադրբեջանում (K15 զագրոս, 9×19 մմ և ավտոմատ K16 զագրոս): Այս տեսակի զենքերը հայտնվել են քարոզչական տեսանյութերում, որոնք հրապարակվել են քրդական PKK կուսակցության ռազմական թևի ներկայացուցիչների կողմից (այն Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն): Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևը նույնպես էթնիկ քուրդ է:
Ես դիմել եմ բոլոր շահագրգիռ կողմերին՝ առաջարկելով ներգրավվել իմ հետաքննության մեջ: Սակայն որևէ մեկնաբանություն չեմ ստացել:
Դիլյանա ԳԱՅՏԱՆՋԻԵՎԱ