Բաքվի կողմից ցանկացած ռազմական հարվածի պետք է պատասխանել ռազմական ուժով. Վ. Եվսեև

Voskanapat.info-ի հարցերին պատասխանում է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը:

-Միջազգային ճգնաժամային խումբը Լեռնային Ղարաբաղին վերաբերող հերթական զեկույցներում, համառորեն պնդում է նոր պատերազմի բռնկման հնարավորության մասին` ցույց տալով անգամ սպառազինությունները տեսակները, որոնք կարող են օգտագործվել: Այնպիսի զգացողություն է, որ այդ զեկույցները հրահանգներ են կամ էլ գործողություների կոչող բացման խոսք: Նույնն են անում նաև Հայաստանի հանդեպ ոչ այնքան բարյացակամ փորձագետները:

-Ենթադրում եմ, որ Ադրբեջանում փորձ է արվում շրջանցել էներգակիրների ցածր գնի պայմաններում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման հետ կապված ներքաղաքական խնդիրները` արտաքին (և ներքին) թշնամիներ փնտրելով, և, բնականաբար, առաջին հերթին, թշնամին Հայաստանն է: Ըստ որոշ տվյալների` Ադրբեջանում ռազմական հեղաշրջման փորձ է արվել, և նման պայմաններում, երբ իրավիճակը երկրի ներսում դառնում է անկայուն, իշխանություններին անհրաժեշտ է արտաքին թշնամի: Իսկ Ադրբեջանի համար արտաքին թշնամիներ կարող են լինել միայն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Հետևաբար, պատերազմը կարող է սկսվել նաև Ադրբեջանի ներքին խնդիրների պատճառով:

Բաքուն կարող է ռազմական գործողություններ սկսել ոչ միան Իլհամ Ալիևի, այլև` Մեհրիբան Ալիևայի անձնական իշխանության ամրապնդման նպատակով: Վերջինը, որոշակի պայմանների դեպքում, կարող է փոխարինել Իլհամ Ալիևին` նախագահի պաշտոնում: Նաև կարծում եմ, որ ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառն այն է, որ Ադրբեջանին չեն բավարարել 2016թ. ապրիլյան պատերազմի արդյունքները: Ադրբեջանն այնպիսի զգացողություն ունի, որ կարելի է և առաջիկայում շարունակել «կորզել» որոշ տարածքներ:

Բացի այդ, լարվածության պահպանումը ձեռնտու է նաև Թուրքիային, ով փորձում է անպայման Ռուսաստանին շեղել սիրիական խնդրից, նվազեցնել հայերի Ցեղասպանության ճանաչման խնդրի հետ կապված բոլոր տեսակի կորուստները, իսկ Ադրբեջանը, թիկունքում կանգնած տեսնելով Թուրքիային, կարող է պատերազմ սկսել: Ես գտնում եմ, որ նման պայմաններում Ռուսաստանն Անկարայի հետ բանակցությունների ընթացքում պետք է ավելի ակտիվորեն բարձրացնի ղարաբաղյան խնդրում թուրքական միջամտությունը սահմանափակելու հարցը: Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ է, Ադրբեջանի հետ` գործընկերային: Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազա:

Լարվածության պահպանումը ձեռնտու է նաև Իսրայելին, որն Ադրբեջանի հետ արդեն երկար տարիներ կնքում է զենքի մատակարարման բազմամիլիարդանոց պայմանագրեր, և նկատի ունենալով նաև Իրանի թեման, ուզում է Ադրբեջանին իր ազդեցության տակ պահել: Համոզված եմ, որ ադրբեջանական կողմն ավելի սադրիչ գործողությունների կդիմի: Կարծում եմ` ներկա սրացումն առաջացել է ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում և վստահ եմ` Ադրբեջանի ցանկացած ռազմական հարվածին պետք է պատասխանել ռազմական ուժով, որովհետև հակառակ դեպքում այդ հարվածները վերջ չեն ունենա: Ադրբեջանը պետք է հասկանա, որ ցանկացած ռազմական հարված հետևանքեր կունենա և կհանգեցնի իրենց կողմից զոհերի: Ուզում եմ հիշեցնել, որ փետրվարի 25-ի գիշերը ևս ադրբեջանական կողմից սադրիչ գործողություններ են եղել` երկու դիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Կրկնում եմ` Ադրբեջանի կողմից նոր փորձերը պայմանավորված են տարածքներ «կորզելու» քաղաքականությունը շարունակելու ձգտմամբ:

-Ձեր գործընկերներից ոմանք գտնում եմ, որ Ադրբեջանի ռազմական ներուժը բավարար չէ ղարաբաղյան հարցը հօգուտ նրանց լուծելու համար: Կարո՞ղ է, արդյոք, հայկական կողմը ձեռնարկել կանխիչ միջոցառումներ:

-Արդեն այս տարվա ընթացքում Ադրբեջանը կարող է լայնամասշտաբ հարձակման փորձ ձեռնարկել: Փաստ չէ, որ այդ գործողությունները հաջող կլինեն և չեն հանգեցնի արդեն ադրբեջանական տարածքների կորստի: Հնարավոր չէ բացառել ռազմական գործողությունների վերսկսումը, ինչպես նաև այնպիսի գործողությունների, որոնք 2016թ. ապրիլին են եղել: Շատ հնարավոր է, որ արդեն այս տարի Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսի, իսկ այս իրադարձություններն ընդամենը դրանց նախապատրաստությունն են: Այդ պատճառով էլ ԼՂ բանակը, Հայաստանի ԶՈՒ-ն, որոնք ներքաշված են հակամարտության մեջ, պետք է պատրաստ լինեն իրականացնել ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական գործողություններ, որպեսզի կարողանան Ադրբեջանական որոշ տարածքներ գրավել և վերջում փոխանակել ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զավթած տարածքների հետ: Կանխիչ հարվածի հարցին պետք է զգուշորեն մոտենալ: Երկիրը, որը նոր բախում կհրահրի, միջազգային հանրության աչքում ագրեսոր կերևա: Եվ այդ ուղղությամբ Ադրբեջանն արդեն որոշ «հաջող» քայլեր է արել:

-Ես փորձագետներին միշտ հարց եմ ուղղում` կապված Ադրբեջանում «լրտեսական սկանդալ»-ի հետ: Ի՞նչ էր դա:

-Ես կարծում եմ` ով փնտրում է, միշտ գտնում է: Ոչ այնքան հաջող գործողությունները միշտ հանգեցնում են թշնամիներ փնտրելուն: Կոնկրետ Ադրբեջանում զինվորականները շատ են փնտրել այդ «լրտեսներին» և «գտել են»: Չէ՞ որ Ադրբեջանում բոլորը չէ, որ համաձայն են տարվող քաղաքական կուրսի հետ: Կրկնում եմ` որոշ տվյալներով`Ադրբեջանում ռազմական հեղաշրջման փորձ է եղել: Բնականաբար, կան մարդիկ, որոնք, այսպես թե այնպես, կարտահայտեն իրենց անհամաձայնությունը և կհայտնվեն ճնշումների մամլակի տակ: Իսկ դա արդեն կարելի է մատուցել տարբեր կերպ:

-Հնարավո՞ր եք համարում Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազայի տեղակայումը:

-Գիտե՞ք, երբ 2012թ. դեկտեմբերին Մոսկվան հայտարարեց Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի շահագործումը դադարեցնելու մասին, որը եղել է խորհրդային համակարգի մի մասը, այն պատճառով, որ չի հաջողվել վարձակալության ժամկետը երկարաձգելու հարցով պայմանավորվածություն ձեռք բերել Ադրբեջանի հետ, Ադրբեջանում փորձել են դա բացատրել նաև սահամանդրական նորմով, որն արգելում է երկրի տարածքում երրորդ երկրների ռազմաբազաների տեղակայումը: Իսկ արդեն 2016թ. հունիսին Ադրբեջանի տարածքում թուրքական բանակի համար երկու օբյեկտ է առանձնացվել, որպեսզի այնտեղ տեղակայվեն Թուրքիայի զինվորականները, տեխնիկան և ռազմական ինքնաթիռները: Նախագահ Իլհամ Ալիևի հրամանով միլիոնատեր Զեյնալաբդին Թագիևի անվան «Ղըզըլ Շարղ» զինվորական ավանում Թուրքիայի հանրապետության զինված ուժերին է փոխանցվել շենքեր և շինություններ: Այդ կերպ, ինչպես այն ժամանակ հաղորդել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, հաստատվել է Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների` այդ տարվա հունիսի 3-ին կնքած արձանագրությունը: Մի՞թե դա երկակի ստանդարտի դրսևորում չէ:

Եփրեմ ՍԱՐԳՍՅԱՆ

Կապված նյութեր