Կենտրոնը պետք է կառուցվի: Աջակցություն վիրավոր զիվորներին և զինհաշմանդամներին

Երբ 2015թ.-ի վերջերին Voskanapat.info կայքի ընթերցողներից մեկը, ճիշտն ասած, հիմա արդեն էլ չեմ հիշում թե ով, առաջարկեց որոշակի օգնություն ցուցաբերել զինհաշմանդամներին, նպաստել նրանց կենցաղային պայմանների բարելավմանն ու աջակցել աշխատանքով ապահովելու գործին, չէի կարող անգամ ենթադրել, որ կարճ ժամանակ անց այդ միտքը թևեր կառնի ու կդառնա հարյուրավոր և հազարավոր հայերի ամենօրյա զբաղմունքը: Հաճախ չի լինում, երբ փոքր նախաձեռնությունները մեծ գործի սկիզբ են դառնում: Անգամ երբ այդպիսի մտքերն արտահայտվում են մի միջավայրում, որտեղ հիմնականում հավաքված են գաղափարակից և գործունյա մարդիկ: Voskanapat.info-ն բացառություն չէ: Անցած տարիների ընթացքում մեր գումարտակում բազմիցս են լավ մտքեր հնչել, ծրագրեր մշակվել, բայց ամեն ինչ չէ, որ հետո իրականացվել է: Պետք է անկեղծ լինել:

Այս անգամ, սակայն, ամեն ինչ այլ ընթացք ստացավ: Խոսեցինք, որոշեցինք, գումար հավաքեցինք և սկսեցինք: Գործն էլ, կարծես, տեղից շարժվեց: Իհարկե, ոչ առանց մեր ընկերների օգնության: Մարդիկ, ովքեր սկզբից օգնեցին, հետո առաջնորդեցին, իսկ վերջում՝ ընդհանրապես իրենց ուսերին վերցրեցին աշխատանքի ողջ ծավալը: Խոսքս առաջին հերթին Հայկուհի Մինասյանի, ապա նաև Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի մասին է: Հետո նաև բոլոր այն անհատների, ովքեր անցած երկու տարիների ընթացքում պատասխանատվություն վերցրեցին իրենց վրա, միացան զինհաշմանդամներին և վիրավոր զինծառայողներին աջակցելու գործին ու դարձան այդ գաղափարի նվիրյալ զինվորներ:

Ամեն ինչ ճիշտ է: Ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ: Ոսկանապատը չէր կարող իրականացնել աշխատանքի այն ծավալը, որն այսօր արվում է «Աջակցություն վիրավոր զիվորներին և զինհաշմանդամներին» ծրագրի շրջանակներում: Թերևս ոչ ոք չէր կարող դա անել միայնակ: Հենց այդ պատճառով էլ Հայկուհի Մինասյանը հավաքեց մարդկանց, ովքեր պատրաստակամ են, ովքեր գիտակցում են այդ գործի կարևորությունը ոչ միայն զինհաշմանդամների, այլև ընդհանրապես մեր պետության և ժողովրդի համար: Նա միավորեց նվիրյալների մեծ բազմություն, ովքեր միասին գործ ու բանակ դարձան: Դա տարբեր աշխատանքային կոլեկտիվներ են, բժիշկներ, կինեզիստներ, արվեստի և մշակույթի գործիչներ, լրագրողներ, գործարար և այլն, և այլն: Ծավալուն ու չարչարանքով լի մի աշխատանք, որը Հայկուհին իրականացրեց, կարելի է ասել, բացառապես իր կամքի ուժի, հետևողականության ու նվիրվածության շնորհիվ:

Բնականաբար Հայկուհի Մինասյանի ջանասիրությունը չէր կարող աննկատ մնալ: Հատկապես, որ ընդամենը մի քանի ամիսների ընթացքում մեզ բոլորիս հաջողվեց մոտ երեք տասնյակ զինհաշմանդամների համար որոշակի խնդիրներ լուծել՝ սանհանգույցներ կառուցել, մարզասարքեր ձեռքբերել, անասուններ նվիրել և այլն: Ակնհայտ էր, որ ծրագիրը նոր թափ պիտի ստանա, նոր զարգացում ապրի: Դա ավելի ցայտուն երևաց հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ վիրավոր զինվորների խնդիրը նոր ակտուալություն ստացավ: Եվ ահա այդ կարևոր պահին ծրագրին միացավ Արմեն Մուրադյան՝ այն ժամանակ ՀՀ առողջապահության նախարարը, իսկ հիմա Բժշկական համալսարանի ռեկտորը: Վերջինս ամեն ինչ փոխեց այս ծրագրում՝ թե՛ խնդիրների դրվածքը, թե՛ տրամաբանություն և թե՛ գործի մաշտաբները: Արմեն Մուրադյանն այն մարդն է, ով զինհաշմանդամների խնդիրներ հաղթահարելու համակարգային լուծումների ծրագիր մշակեց և հենց այդ ուղղությամբ էլ առաջնորդեց ողջ շարժումը:

Նոր լուծումները նոր հնարավորություններ բերեցին: Արմեն Մուրադյանի ու Հայկուհինասյանի շնորհիվ այն խնդիրները, որոնք դրված էին բոլորիս առջև 2015թ.-ի վերջին այսօր արդեն շատ փոքր ու չնչին են երևում: Ավելի կարևոր ու մեծ գործ հիմա արդեն պետք է արվի՝ Հայաստանի և Արցախի ողջ տարածքը պետք է ծածկվի վերականգնողական կենտրոններով: Երևանում արդեն ունենք այդ պտղի առաջին սերմերը: Զինհաշմանդամների վերականգնողական օջախներ կան արդեն Առաջին հիվանդանոցում, Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, Զինվորական հոսպիտալում… Բայց դա բավարար չէ: Նոր մասնագիտացված կենտրոններ են պետք, որոնց ստեղծելու գործին ներգրավված են արդեն բազմաթիվ մարդիկ՝ սկսած Ոսկանապատի մեր գումարտակի որոշ անդամներից՝ վերջացնելով առաջին տիկին Ռիտա Սարգսյանով ու պաշտոնատար այլ անձանցով:

Եվ որքան շատ լինենք, այնքան ավելի շուտ կլուծվի մեր բոլորիս՝ համընդհանուր անվտանգության ու բարեկեցության հերթական խնդիրներից մեկը: Սա մի գործ է, որի գաղափարը, ինչպես արդեն ասացի, ծնվել է Ոսկանապատում: Եվ սա այն գործն է, որի ավարտը նույնպես պիտի նշենք Ոսկանապատում: Վերջերս մեր շատ սիրելի ոսկանապատցիներ Ֆիդելն ու իր տիկինը՝ Նունե Մովսիսյանը, 10.000 ԱՄՆ դոլար նվիրաբերեցին Կենտրոնի կառուցման գործին: Մեր մեծ թիմի այլ անդամներ երկու տարի շարունակ ամեն ամիս որոշակի գումար են զոհաբերում այդ գործին… Հիմա այս ամենին նոր տեմպ տալու ժամանակն է: Եվ հենց այս խնդրանքով եմ այսօր ես դիմում բոլոր ոսկանապատցիներին: Եկեք այնպես անենք, որ ստորև ներկայացվող տեսանյութի կենտրոնն արդեն այս տարի բացի իր դռները վիրավոր զինվորների և զինհաշմանդամների առջև: Որպես այդ նոր փուլի սկիզբ ինքս առաջինը կտրամադրեմ 100.000 ՀՀ դրամ:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Կապված նյութեր