Publika.az ադրբեջանական կայքն անդրադարձել է հունիսի 17-ին Ստեփանակերտի օդանավակայանում կայացած «Artsakh Air Fest» օդային փառատոնին: Փառատոնը կազմակերպել էին Արցախի հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն ու «Yell Exteme Park» ընկերությունը:
«Փառատոնի նպատակը արտասահմանցի զբոսաշրջիկների համար Լեռնային Ղարաբաղը գրավիչ դարձնելն է»,-գրում է ադրբեջանական կայքը` ընդգծելով ամերիկյան արտադրության թեթևշարժիչային ինքնաթիռների առկայությունն ու արտասահմանցի զբոսաշրջիկների առատությունը հայկական երկրորդ հանրապետությունում:
«Ուշագրավ են հատկապես Լեռնային Ղարաբաղի հանրապետության դրոշի տակ թռչող ամերիկյան արտադրության CH 701 ինքնաթիռները»,-արձանագրում է կայքը` նշելով, որ թռիչքներն իրականացվում են Ստեփանակերտ-Շուշի-Ստեփանակերտ երթուղով:
Կայքը նաև ահազանգում է` իր ընթերցողների ուշադրությունը հրավիրելով Ստեփանակերտի օդանավակայանի` միջազգային, ինչպես նաև Հայաստանի այլ շրջաններից թռիչքներ ընդունելու հնարավորության վրա: Միևնույն ժամանակ, պատահական կես բերան ասված արտահայտությունը` Հայաստանի այլ շրջաններ, գեղեցիկ կերպով ցույց է տալիս, որ անդրկովկասյան թուրքերը վաղուց արդեն Արցախը համարում են Հայաստանի մի մաս:
«Բայց միջազգային պայմանագրերի համաձայն` որևէ ինքնաթիռ Ադրբեջանի օկուպացված տարածքների օդային տարածքով թռչելու իրավունք չունի,- ի վերջո նշում է կայքը, անմիջապես էլ վրիպում: -Բայց բացառված չէ, որ այդ փառատոնը հետագա թռիչքների իրականացման նախապատրաստությունն է»:
ՊԱՆԴՈՒԽՏ