Ադրբեջանը հայտնվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների աքցանի մեջ. Ս. Տարասով

Voskanapat.info-ի հարցերին պատասխանում է «Regnum» գործակալության Արևելյան խմբագրության գլխավոր խմբագիր Ստանիսլավ Տարասովը:

Ստանիսլավ Նիկոլաևիչ, տարբեր միջազգային կառույցներ, Ռուսաստանի փորձագիտական շրջանակի ներկայացուցիչներ հաճախ են պնդում սպասվելիք էսկալացիայի, անգամ` Ադրբեջանի և Արցախի հանրապետության միջև պատերազմի վերսկսման մասին: Ինչի՞ հետ է դա կապված:

-Իրոք, ղարաբաղյան հակամատության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին շատերն են խոսում և գրում: Բայց ո՞վ: Ինչպես միշտ, դրանք կամ ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու քաղաքագետներն են, կամ էլ արևմտյան փորձագետներն ու իրենց հայկական ընդդիմություն կոչած ուժերի ներկայացուցիչները: Այդ դեպքում զարմանալին հենց այն է, որ Ադրբեջանի ձայները խրոնիկ կերպով համընկնում, կամ էլ լրացնում են հայկական ընդդիմությանը: Բայց, ընդհանուր առմամբ, դրանք բոլորը տեղեկատվական պատերազմի տարրեր են` նախատեսված ներքին սպառման համար: Բաքուն հակամարտությունն օգտագործում է որպես գործիքակազմ` հասարակության մեջ անհրաժեշտ քաղաքական լարվածությունը պահելու համար: Արևմուտքն էլ, ինչպես ընդունված է, հակամարտությունը դիտարկում է գերազանցապես տարածաշրջանային քաղաքականության համատեքստում` կենտրոնանալով Մերձավոր Արևելքի իրադարձությունների վրա:

Ընդհանուր առմամբ նշենք, որ եթե նկատի ունենանք տեղեկատվական պատերազմը, ապա, ըստ իս, Ադրբեջանն այն տանուլ է տվել: Այդ փաստի գիտակցումը բաքվեցի քաղաքագետներին դրդում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ կիրառել ռազմական սպառնալիքի գործոնը: Եթե, օրինակ, գնահատենք 2016թ. ապրիլյան պատերազմի արդյունքները, որը Բաքուն ներկայացնում է որպես «հաղթանակ», ապա ադրբեջանական կողմին այդպես էլ չի հաջողվել այն որպես դիվանագիտական ձեռքբերում ներկայացնել: Ընդհակառակը, այն հայտնվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների աքցանի մեջ, որը ենթադրում է հակամարտող կողմերի շփման գծում մոնիթորինգի մեխանիզմների և միջազգային դիտորդների ներդրում, ինչը լրիվությամբ կարող է ձեռնտու լինել հայկական կողմին: Բայց հարցը միայն դա չէ: Հզոր ցնցումներն ու փոփոխությունները Մերձավոր Արևելքում` հատկապես Թուրքիայի զգալի թուլացումը, որը տեղի ունեցավ, այսպես կոչված, «արաբական գարնանը» չմտածված մասնակցությունից հետո, Ադրբեջանին զրկում է լուրջ ներքաղաքական և ռազմական հենարանից, ինչը սահմանափակում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսմանն ուղղված նրա գործողությունները: Համենայնդեպս, Արևմուտքում, ինչպես և Ռուսաստանում, գտնում են, որ այս էտապում անհրաժեշտ է ամեն կերպ նպաստել խնդրի` քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը: Բայց եթե, ամեն դեպքում, պատերազմն սկսվի, ապա այն կսկսվի միայն Ադրբեջանը և նրա պատճառները պետք է փնտրել այդ երկրի ներքաղաքական իրադրության մեջ: Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին պատերազմ պետք չէ և դա հասկանում են բոլորը:

Որոշ ադրբեջանցի փորձագետներ գտնում են, որ ԼՂՀ-ի վերադարձն Ադրբեջանին լուրջ խնդիրներ կառաջացնի հենց ադրբեջանական կողմի համար: Կխնդրեի մեկնաբանել այս տեսակետը:

Շատ հետաքրքիր հարց է: Եթե ամեն դեպքում ԼՂՀ-ն վերադարձվի Ադրբեջանի իրավասության տակ, ապա այդ ժամանակ Ադրբեջանը ստիպված կլինի, նախ և առաջ, արմատապես փոխել իր արտաքին քաղաքականությունը` հատկապես Թուրքիայի, ու` ոչ միայն նրա հանդեպ: Բացի այդ, Ադրբեջանի խորհրդարանում կհայտնվի, այսպես կոչված, հայկական խմբակցություն, որը, եթե անգամ ընդունակ չլինի չեղարկել Բաքվի բազմաթիվ որոշումներ, ապա առնվազն լրջորեն կշտկի դրանք: Իմ կարծիքով` Բաքուն այսօր պատրաստ չէ իրադարձությունների նման շրջադարձի և նա դեռ դիտարկում ԼՂ-ից հայերին դուրս մղելու ծրագիրը:

Ի՞նչ կփոխվի Ադրբեջանի ռազմավարության կամ մարտավարության մեջ, եթե ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գերիշխող գաղափարը ավելի կորցնի իր արդիականությունը:

Ադրբեջանը նոր դիվանագիտության պատրաստակամություն կամ ընդունակություն ցույց չի տալիս, հինն էլ ձախողվել է, այստեղից էլ` բանակցային գործընթացը վերաձևելու կամ այն ձախողելու, օրակարգը փոխելու կոպիտ փորձերը: Եթե սկսենք վերլուծել հակամարտության կարգավորման հեռանկարայնության հարցում ցանկացած մակարդակի ադրբեջանցի քաղաքագետի հայտարարությունները, ապա դժվար է նրանց կողմից օգտագործվող թեզերով հասարակ սիլլոգիմզ կազմել: Դա ճգնաժամ է, որը տեսնում են բոլորը: Բայց թե ինչ կլինի հետո, դժվար է ասել: Իմ կարծիքով` փոփոխությունները հնարավոր կդառնան միայն Մերձավոր Արևելքում հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում, որոնք անխուսափելիորեն կանդրադառնան նաև Անդրկովկասի վրա:

Ի՞նչ նպատակ են հետապնդում գործնականում հարատև Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան զորավարժությունները:

Այդտեղ ամեն ինչ ակնհայտ է, պատմության մեջ նման բան եղել է`անցած դարի 20-ական թվականներին` հենց տարածաշրջանի խորհրդայնացումից առաջ: Ըստ իս` նման ալյանսը կրում է ավելի շատ ցուցադրական բնույթ: Ադրբեջանն ու Վրաստանը համարվում են քաղաքական առումով վնասվածք ստացած երկրներ, քանի որ կորցրել են վերահսկողությունն իրենց տարածքների մի մասի վրա: Բացառված չէ, որ նույնը սպառնում է նաև Թուրքիային, եթե քրդական հարցը լուծվի այնպես, ինչ այսօր է լուծվում: Կարևոր իրադարձությունները դեռ առջևում են…

Եփրեմ ՍԱՐԳՍՅԱՆ

Կապված նյութեր