Այս օրը` հունիսի 13-ը, Շահումյանի հայերի համար ողբերգական օր է: Ուղիղ 25 տարի առաջ ադրբեջանական հորդան, նախկին խորհրդային բանակի մնացորդների օժանդակությամբ իրականացրեց «Օղակ» գործողությունը, որի արդյունքում շրջանի հայկական բնակչությունը ամբողջությամբ տեղահանվեց:
Մինչև 1988թ. Շահումյանի շրջանը չէր մտնում ԼՂԻՄ կազմի մեջ: 1988թ. մարտի 17-ին, այն բանից հետո, երբ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների հերթական նստաշրջանը դիմեց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին, Ադրբեջանի ԽՍՀ-ին և ԽՍՀՄ-ին` ինքնավարությունն Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանի հանձնելու հարցը վերանայելու և դրական լուծում տալու խնդրանքով, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի խորհրդային իշխանության մարմինները դրանք ԼՂԻՄ կազմի մեջ մտցնելու մասին միջնորդություն ուղարկեցին:
Այդ ժամանակ շրջկոմի առաջին քարտուղարը Միրզոյանն էր, ում պաշտոնից հեռացրին` այն պատճառով, որ նա, Բաքվի պահանջով, շահումյանիցներին առաջարկել էր ինքնակամ լքել հայրենի երկրամասը` ինչ-որ «ձեռնտու» պայմաններով: Այդ ժամանակ մարդիկ նրան համարեցին դավաճան, չնայած, կարծում եմ, նա այդպիսին չէր, այլ, ուղղակի, իր ձևով էր մտածում և անհանգստանում իր ժողովրդի համար: Բայց շահումյանցիներն անդրդվելի էին և որոշեցին պահպանել Հյարենիքն ու նախնիների գերեզմանները:
Այսօր կան մարդիկ, ովեր կարծում են, որ պետք էր լսել Մարիզոյանին և ընդունել նրա առաջարկը: Կան և այնպիսիք, ովքեր վստահ են, որ պետք չէր բարձրացնել արցախյան հարցը` կարծելով, որ այդ դեպքում մենք չէինք լքի մեր երկրամասը: Չնայած շատերը գիտակցում են, որ Շահումյանի շրջանը կամաց-կամաց, բայց հաստատուն քայլերով ադրբեջանացել էր: 1939թ., երբ կազմավորվեց Շահումյանի շրջանը, մարդահամարի տվյալներով այնտեղ մշտապես ապրում էր 12048 հայ, 1446 ռուս և ւընդամենը` 429 ադրբեջանցի, իսկ 1979թ. ժողովրդագրական պատկերը անճանաչելիորեն փոխվել էր. հայերը կազմում էին 14.623, ադրբեջանցիները` 4150, իսկ ռուսները` 1147:
Մի քանի անգամ փորձ է արվել լուծարելու Շահումյանի շրջանը և այն միացնելու Գետաշենին, որպեսզի հայերը դառնան փոքրամասնություն: Այդ ճակատագրին են արժանացել մի շարք հայկական շրջաններ` Խանլարի, Դաշքեսանի, Շամխորի և այլն: Մեր շրջանի ճակատագիըը կանխորոշված էր Խորհրդային Ադրբեջանում և միայն ԽՍՀՄ-ի փլուզումը հույս տվեց մեր սեփական ուժերով վճռելու մեր ճակատագիրը: Մենք լիովին օգտագործեցինք այդ հնարավորությունը:
Ապարդյո՞ւն էին, արդյոք, մեր հույսերը, իզո՞ւր էին մեր զոհերը: Համոզված եմ, որ ոչ: Եթե շահումյանցիները լքեին իրենց տները` հետևելով դաշքեսանցիների, խանլարցիների և շամխորցիների օրինակին, հավանաբար, Արցախը դժվար կնախապատրաստվեր և կզինվեր, որ հետո փառավոր հաղթանակ տաներ: Չէ՞ որ բոլորին հայտնի է, որ Շահումյանի շրջանի վրա ադրբեջանցիները մեծ ուժեր և միջոցներ են կորցրել: Նրանք առաջին անգամ կիրառել են օդուժ, «Գրադ», տանկեր հենց շահումյանցիների դեմ մարտերում:Անգամ Շահումյանի լքված անտառներում հերոսաբար է կռվել լեգենդար Շահեն Մեղրյանի գլխավորած պարտիզանական ջոկատը:
Շահումյանցիները չպիտի զղջան իրենց ընտրության համար, մենք արժանավայել փորձեցինք պաշտպանել մեր գյուղերն ու տները: Արդեն 25 տարի է անցել, որ կորցրել ենք մեր Հայրենիքը, բայց վերադառնալու հույսը չի լքում մեզ: Նրանք, ովքեր հիշում են հայրական տները, հայրենի գյուղերը, այսօր արդեն մեծահասակներ են, տարիքներն առած մարդիկ:Տարիները գլորվում են, իսկ հույսը մարում, բայց չի լքում մեզ: Ուզում եմ շեշտել, որ օտարության մեջ էլ շահումյանցիները չեն մոռանում իրենց Հայրենիքը, շատերն ակտիվորեն մասնակցում են տարբեր նախագծերի` օգնելով բանակին, վիրավոր զինվորներին և Արցախի հանրապետության վերաբնակիչներին: Բա անում են այնպիսի հովանավորներ, ինչպիսիք են` Կարեն Խաչատուրյանը, Վիտալի Գրիգորյանցը և այլոք: Հիմա շահումյանցիները ցրված են ամբողջ աշխարհով մեկ. նրանց մեծ մասն ապրում է ՌԴ-ում, Ուկրաինայում, որոշներն էլ` ԱՄՆ-ում, բայց շահումյանցիների մի մասն այսօր ապրում է Արցախի հանրապետության Նոր Շահումյանի շրջանում`բնակեցնելով այդ հողը:
Հայաստանի իշխանությունները բանակցություններին գրեթե չեն բարձրացնում Շահումյանի հայերի հարցը, ինչը, ըստ իս, անթույլատրելի սխալ է: Հյուսիսային Արցախի և Ուտիքի լայնարձակ հողատարածքները, որտեղ ոչ վաղ անցյալում հարմարավետ ապրում էին հայերը, Մայր Հայրենիքի մի մասը դառնալու նույնքան իրավունք ունի, որքան որ նույն Արցախը: Հայաստանի իշխանություններն, ուղղակի, պարտավոր են արցախյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանն ուղղված բանակցություններում ուշադրություն դարձնել այդ խնդրին:
Երբ խոսում են զիջումների մասին, չգիտես ինչու, մոռանում են Շահումյանի, Խանլարի, Դաշքեսանի և Շամխորի մասին, որտեղից հայերը, կազմելով այդ շրջանների գերակշիռ մեծամասնությունը, պատերազմի սկզբում` խորհրդային զորքերի օգոնւթյամբ, արտաքսվել են: Հուսով եմ` Հայաստանի և Արցախի իշխանությունները կլսեն ընդամենը 25 տարի առաջ Մռավի մյուս կողմում ապրող հայերի ձայնը:
Մեզ համար դժվար է ջնջել, առավել դժվար` ոչնչացնել մեր հիշողությունը: Մենք ապրում ենք և կշարունակենք ապրել: Եվ կենդանի է Հայրենիքի մասին մեր հիշողությունը:
Կարեն ԱՂԱԲԵԿՅԱՆ