Մենք հաճախ և արդարացիորեն խոսում ենք մեր բանակի մասին` որպես հայկական երկու պետությունների անկախության և հայ ժողովրդի խաղաղ կյանքի միակ երաշխավորի: Հպարտանում ենք մեր հերոսներով, միմյանց պատմում նրանց սխրանքների մասին: Այդ ամենն անհրաժեշտ է և ամենակարևորը` ճշմարիտ, քանի որ մեր Բանակը, հիրավի, արժանի է ամենաբարի խոսքերի և փառաբանման, համազգային սիրո:
Բայց մեր Բանակը ոչ միայն սիրո կարիք ունի, այլև` մեր իրական մասնակցության: Բանակում ծառայող, գիշեր-ցերեկ հայոց երկիրն իր կրծքով պահող զինվորի համար շատ կարևոր է իմանալ, որ ժողովուրդը գնահատում է իր մարտական գործը: Մենք վերաբերում ենք նրանց` որպես մեր հայրենիքի ամենակարևոր պաշտպանի, և դա, իրոք, այդպես է: Նրանց խիզախությունը միշտ տեղն է, բայց, ըստ էության, նրանք 18-20 տարեկան տղաներ են: Ցավոք, մենք, խրված լինելով սոցիալ-կենցաղային և տնտեսական խնդիրների մեջ, միշտ չէ, որ մեր տղաներին այնքան ուշադրություն ենք դարձնում, որքան պետք է:
Արդեն շուրջ 7 տարի է` մեր փառավոր գումարտակը` «Ոսկանապատը» և Voskanapat.info կայքը, իր հնարավորությունների սահմանում պարբերաբար աջակցում է մեր Բանակին: Այսօր էլ մենք շարունակում ենք մեր արշավը, որի շրջանակներում հուլիսի 10֊ին այցելեցի ՀՀ Տավուշի մարզում տեղակայված մեր մարտական դիրքերից մեկը։ Այս անգամ նվերները նախատեսված էին հրետանավորների համար։ 14 պերիսկոպ և հրետանային բուսոլներ՝ իրնեց ոտնակներով և համապատասխան այլ սարքավորումներով։ Այս ամենն արդեն սահմանում է և ծառայում է մեր պետականության անվտանգությանը։
Դիտարկման այս սարքավորումները «Մոնռեալ Զինվոր» խմբի անդամներն ու բոլոր ոսկանապատցիներին լավ ծանոթ Ֆիդելը ձեռք են բերել Կիպրոսից։ Տիգրան Սարգսյանը, ով «Մոնռեալ Զինվորի» ամենաակտիվ մասնակիցներից ու կազմակերպիչներից մեկն է, վաղուց էր կապ հաստատել վաճառող երիտասարդի հետ։ Վերջինս, իմանալով, որ սարքավորումները ծառայելու են Ադրբեջանի ագրեսիան զսպելու գործին, բավական զեղչեր արեց և հիմա պերիսկոպներն ու բուսոլներն այլևս մեր զինվորների տրամադրության տակ են։ Եվ դա շատ լավ է։
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ