«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ-Մելիք Շահնազարյանի բացառիկ հարցազրույցը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
«Նովոստի–Արմենիա» – Ադրբեջանում վերջին շրջանում բուռն գործընթացներ են տեղի ունենում։ Կարծես՝ այնտեղ լուրջ խնդիրներ են առաջացել թե՛ քաղաքական, թե՛ ռազմական և թե՛ սոցիալ-տնտեսական ոլորտներում։ Ի՞նչ սպասել Ադրբեջանից, ի՞նչ նոր զարգացումներ եք ակնկալում։
Հ.Մելիք–Շահնազարյան – Կարծում եմ, այս ամենը մեկ բացատրություն ունի՝ Ադրբեջանի իշխանություններն այլևս չեն կարող քողարկել երկրի ներսում առաջացած խնդիրները։ Այսինքն, մենք այսօր գործ ունենք ոչ թե նոր խնդիրների, այլ դրանց առավել ընդգրկուն և ծավալուն դառնալու փաստի հետ։ Այո, Ադրբեջանում միշտ էլ եղել է ներքին լարվածություն։ Ընդ որում՝ դա արտահայտվել է տարբեր մակարդակներում՝ սկսած ազգամիջյան հակամարտություններից, վերջացնելով տարբեր աստիճանի մանր չինովնիկների հավակնություններով։ Այդ խնդիրներն ամենատարբեր ճանապարհներով մշտապես կոծկվել են հանրությունից։ Ալիևների կլանը մեթոդների ընտրության հարցում երբեք սահմանափակումներ չի ունեցել։ Պետք է եղել՝ վերացրել են քաղաքական ընդդիմախոսներին, կամ աքսորել, կամ ձերբակալել… Մանր հարցերը տեղեկատվական հոսքերի համապատասխան կառավարման միջոցով են լուծվել, մեծ խնդիրների պարագայում՝ սահմանում են իրավիճակ սրել, անգամ պատերազմ սկսելու փորձ կատարել։ Մի խոսքով, Ալիևի վարչակազմն ամեն ինչ արել է` Ադրբեջանում իրավիճակն իր հսկողության տակ պահելու համար։ Հիմա էլ նույնը։ Պարզապես վերոնշյալ խնդիրների քանակն է աճել, ինչի արդյունքում այլևս հնարավոր չէ ամեն ինչ կոծկել։ Շուտով ավելի վատ կլինի. նրանք այլևս չեն հասցնի ոչ միայն կոծկել, այլև լուծումներ գտնել դրանց համար։ Այդ իսկ պատճառով, կանխատեսումներս Ադրբեջանի հարցում միայն լավատեսական են։ Իհարկե՝ մեզ համար։ Ճգնաժամն այնտեղ հետզհետե խորանում է, և աստիճանաբար ի հայտ են գալիս ադրբեջանական պետական ապարատի կաթվածահար լինելու մասին նոր փաստեր։
«Նովոստի–Արմենիա» – Այնուամենայնիվ, եկեք մի քիչ ավելի մանրամասնենք խոսքը։ Դուք ասացիք, որ Ադրբեջանում տարբեր մակարդակներում միշտ լարվածություն է եղել։ Կարո՞ղ եք ասել, թե կոնկրետ մեր օրերում դա ինչպե՞ս է արտահայտվում։
Հ.Մելիք–Շահնազարյան – Այդ պարագայում սկսենք թերևս ամենակարևորից՝ իշխանության համար Ադրբեջանում գործող կլանների պայքարից։ Գիտեք, որ վերջերս Իլհամ Ալիևն իր տիկնոջը, որը Փաշաևների կլանի ներկայացուցիչն է իշխանական համակարգում, նշանակեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ։ Երկրորդ փոխնախագահ կնշանակվի Նախիջևանի ինքնավար հանրապետության մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովը, ով նախիջևանյան կլանի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկն է։ Երկու այս կլանների հարատև պայքարը ժամանակին դադարեցվել էր Իլհամի և Մեհրիբանի ամուսնությամբ։ Քաղաքական այդ համաձայնությունը, որից տարիներ շարունակ օգտվել են թե՛ Փաշաևները, թե՛ նախիջևանցիները, կարծես, հետզհետե սպառում է իրեն։ Փաշաևները տեսնում են Ալիևի կլանի թուլացումը, դրա առջև ծառացած խնդիրների քանակն ու բնույթը և հասկանում, որ դեպքերի նման զարգացումը դժվար կացության առջև կկանգնեցնի նաև իրենց։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանի երկու ամենաազդեցիկ կլանների միջև նոր մրցակցություն է սկսվել, որը դեռևս արտահայտվում է երկրորդ էշելոնի գործիչների մակարդակում, բայց ակնհայտ է, որ կոնֆլիկտը զարգանալու մեծ ներուժ ունի։
Մեր օրերի համար շատ արդիական են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներքին տարաձայնությունները։ Այստեղ գլխավոր գործող անձինք պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադըկովն են։ Մեկը` Ալիևի, երկրորդը՝ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության դրածոն։ Մարդիկ, ովքեր ամիսներ շարունակ իրար «միս են կրծում», իսկ բոլորովին վերջերս էլ անցել են մրցակցի կողմնակիցներին չեզոքացնելու մարտավարության։ Մե՛կ մարդկանց են ձերբակալում, հետո սպանում՝ մեղադրելով հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ, մե՛կ համացանցում տեղադրում բարձրաստիճան սպաների։ Սրանք, մեղմ ասած, 18+ ոճի տեսանյութեր են։ Հիրավի, այս երկուսը ոչ մի բանի առջև կանգ չեն առնում` միմյանց ոչնչացնելու համար։
Նույնը կարելի է ասել նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների մասին։ Այստեղ էլ պայքարը Ադրբեջանի նորաստեղծ պետանվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևի և Ազգային անվտանգության նախկին նախարարության վերնախավի միջև է։ Ինչպես և զինված ուժերի պարագայում, այստեղ էլ կողմերը զերծ չեն մնում ամենակեղտոտ տեխնոլոգիաների կիրառությունից։ Արդյունքում, արդեն քանի ամիս է` ողջ Ադրբեջանը, ինչու՞ ոչ՝ նաև մենք, համացանցում հետաքրքիր տեսանյութեր ենք դիտում ադրբեջանցի դիվանագետների և այլ գործիչների մասնակցությամբ։
Մի խոսքով, ամեն բան իրար է խառնվել Ադրբեջանում, ինչը չի կարող չուրախացնել մեզ։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ Ադրբեջանի հետ կապված մեր խնդիրներն ինքնաբերաբար կլուծվեն։ Ո՛չ։ Աշխատել է պետք։ Ջանասիրաբար աշխատել։
«Նովոստի–Արմենիա» – Այս ամենին վերջերս գումարվել է նաև, այսպես կոչված, «խաղաղության պլատֆորմի» քայքայման գործընթացը։ Բաքու փախած հայազգի դերակատարները հերթով սկսել են այդ ծրագրի բուն էությունը բացահայտող հայտարարություններով հանդես գալ։ Ի՞նչ վտանգներ է պարունակում այս գործընթացն Ադրբեջանի համար։
Հ.Մելիք–Շահնազարյան – Այո, միանգամայն ճիշտ եք՝ Բաքվի սնած և աճեցրած ևս մեկ ծրագիր Վերին Երուսաղեմ համբառնեց։ Ընդ որում, կրկին ի ցույց դնելով Ադրբեջանի հատուկ ծառայությունների ոչ պրոֆեսիոնալ, անգամ` պրիմիտիվ գործունեությունը։ Ամեն ինչն է այդ պետությունում հիմնված ստի և կեղծիքի վրա։ Եվ հիմա այն, ինչն ակնհայտ էր հայերիս ու Ալիևի գործելաոճի գիտակների համար, պարզ դարձավ նաև միջազգային տարբեր կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների համար։ Համենայն դեպս՝ վերջիններս զրկվեցին այդ «պլատֆորմը» շահարկելու, դրա միջոցով Ալիևին գովաբանելու վերջին հնարավորություններից։ Դա կարևոր է։ Իսկ մենք ավելի լավ պատկերացում կազմեցինք թշնամու ճամբարում տիրող իրավիճակի, նրանց պրոֆեսիոնալիզմի ու մասնագիտական պիտանելիության մասին։
Ի դեպ, նշեմ, որ ոչ մի վարկյան չէի կասկածում, այսպես կոչված, «խաղաղության պլատֆորմի» այդ ճակատագրի մասին։ Սա պաշտոնական Բաքվի քարոզչամեքենայի առաջին տապալումը չէր։ Մինչ այդ շատ ուրիշ թեզեր էլ էին մշակվել Ալիևի վարչակազմում, որոնք հերթով հօդս ցնդեցին։ Ինչպես օրինակ, այն միտքը, թե Ադրբեջանը շատ հզոր է և ամեն վարկյան կարող է ռազմական ճանապարհով ղարաբաղյան հարցը հօգուտ իրեն լուծել։ Այնպես որ, ամեն ինչ կանխատեսելի էր։
«Նովոստի–Արմենիա» – Այդ դեպքում թույլ տվեք, այնուամենայնիվ, վերադառնալ առաջին հարցադրմանս։ Ի՞նչ սպասել Ադրբեջանից։ Ինչպե՞ս նրանք կփորձեն հաղթահարել այդ ճգնաժամը։
Հ.Մելիք–Շահնազարյան – Թե ինչպես կփորձեն դուրս գալ այդ իրավիճակից, իրենց խնդիրն է։ Բայց մտահոգվելու կարիք իսկապես կա՝ որքան դժվարանում են Ադրբեջանի գործերը, այնքան անկանխատեսելի է դառնում Ալիևի իշխանություները։ Դրա համար Ադրբեջանից միշտ պետք է սպասել վատագույնը։ Չհուսալ, թե, օրինակ, պատերազմ սկսելու և հաջողության հասնելու ռեսուրս չունեն, որն իրապես այդպես է։ Պետք է պատրաստ լինել ամեն ստորության։ Միայն այդ պարագայում կարող ենք քիչ թե շատ վստահ լինել կայունության և խաղաղության գոնե թե այս մակարդակի համար։ Ցավոք, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Ալիևի ախորժակը զսպելու քաղաքական մեխանիզմներ գրեթե չկան։ Ուրեմն պետք է լինել ուժեղ և, ստիպել հակառակ կողմին հետ կանգնել մեր միջոցով իրենց խնդիրները քողարկելու մարտավարությունից։