Վերջին տարիներին Ադրբեջանում գործերը լավ չեն գնում: Արցախի սահմանին ալիևյան դինաստիայի՝ 2014-ի հուլիս-օգոստոս ամիսներին նախաձեռնած ռազմական արկածախնդրությունն այդպես էլ հնարավոր չեղավ միջազգային հանրությանն ու Ադրբեջանի բնակչությանը որպես ադրբեջանական բանակի առավելության ցուցադրություն ներկայացնել: Խելքը վերջնականապես թռցրած Բաքվի միապետը ավելի բարձրացրեց խաղադրույքները՝ 2016-ի ապրիլին սանձազերծելով տեղային բնույթի մարտական գործողություններ: ԼՂՀ ՊԲ առաջամարտիկների անձնուրաց գործողությունների շնորհիվ խափանվեց հակամարտ զորքերի շփման գծի փոփոխության ալիևյան ծրագիրը, համաձայն որի ԵԱՀԿ ՄԽ պետությունները պետք է կայացած փաստի առաջ կանգնեին և բանակցային ձևաչափում ստիպեին հայկական կողմերին զիջումների գնալ:
Միևնույն ժամանակ, նավթադոլարներից գլխապտույտի մեջ հայտնված Ադրբեջանի իշխանությունը կանգեց մեկ այլ փաստի առաջ՝ պետության ֆինանսները «ռոմանսներ են երգում»: Պետության ֆինանսական համակարգի բառի բուն իմաստով կոլապսը նոր իրողություն է ստեղծել Ադրբեջանում՝ բռնապետությունը չի կարողանում ապահովել բարձր կենսամակարդակ, մեծանում է սոցիալական լարվածությունն ու միջկլանային մրցակությունը: Այս հանգամանքի հետ մեկտեղ պարզվում է, որ ալիևյան քարոզչամեքենայի կողմից ներկայացված «աշխարհի ամենահարուստ, ամենաբարեկեցիկ և ամենաանվտանգ պետություններից մեկի» զինված ուժերում հայկական հետախուզական ցանց է գործում: Պարզ է, որ Ալիևի վարչակազմը «1937թ. երկուս» ծրագիր է իրականացնում՝ ռեժիմի կամ վերադասի հետ անհամաձայնություն ունեցող ցանկացած մեկին հողի տակ ուղարկելով( ի դեպ, առանց դատ ու դատաստանի):
Ադրբեջանի համար այս տգեղ ու շատ տխուր պատկերը վերջերս համալրվեց մի նոր երանգով: Փաստացիորեն, Ալիևի հատուկ ծառայությունները տապալեցին նաև «հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության հաստատման հարթակ» ծրագիրը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի հատուկ ծառայություններն ու նրանց գործակալ լրագրողական խումբը՝ Է. Ֆաթուլաևի գլխավորությամբ, հավաքագրել էին ազգությամբ հայ մի քանի անձանց, որոնք ձրիակերության և «Շենգեն տիրույթի երկրներում» վիզա ստանալու մոտիվներով համագործակցում էին Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հետ: Հայ-ադրբեջանական վերոնշյալ «հարթակի» նպատակն այն էր, որ միջազգային հանրությանը փորձ արվի համոզել, թե Հայաստանի և Արցախի բնակչությունը կողմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Արցախը համարում է Ադրբեջանի մասը, բայց ՀՀ և ԼՂՀ իշխանությունները ճիշտ հակառակ տեսակետն ունեն:
Բայց, արի ու տես, որ Ադրբեջանի հատուկ ծառայություններն այնքան ապաշնորհ գտնվեցին, որ տապալեցին նաև այս ծրագիրը: «Հարթակը», ավելի շուտ՝ հավաքագրված ազգությամբ հայերի քարոզչական ցանցը, վերջերս քանդվեց, որովհետև դրա ստեղծողներից մեկը (Հայաստանում գողության կասկածանքով հետախուզման մեջ գտնվող ոմն Վահան Մարտիրոսյան) համացանցում պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում այս ցանցի ստեղծման նպատակների և գործողությունների մեխանիզմների մասին: Իսկ ոչ վաղ անցյալում նրան Բաքվում ընդունում և փիառում էին շատ բարձր մակարդակով՝ ներկայացնելով որպես Հայաստանի քաղաքական ընդդիմության առաջնորդի: Փստացիորեն, Բաքուն հսկայական ֆինանսական ներդրումներ կատարելով ֆաթուլաևյան ծրագրի մեջ՝ չկարողացավ վերահսկել գործընթացն ու Ադրբեջանի ժողովրդի և միջազգային հանրության աչքերում հայտնվեց ծիծաղելի վիճակում՝ և՛ «օպերացիայի» կազմակերպման պրիմիտիվության, և՛ այսքան կարճ ժամանակում տապալվելու համատեքստում:
Թե ի՞նչ հետևանքներ կունենա այս տապալումն Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների և նրանց գործակալ լրագրողների համար, այս պահին միայն կարելի է ենթադրել: Բայց, հաշվի առնելով Ի. Ալիևի բռնապետական էությունը, չի կարելի բացառել, որ այս ստորացումը նրա ենթակաները հեշտ չեն մարսելու: Ավելին՝ հնարավոր է, որ մի գեղեցիկ օր Է. Ֆաթուլաևի կայքում հոդված հրապարակվի այն մասին, որ նա և նրա համակարգողները հայերի հետ ի սկզբանե գործարքի մեջ են եղել, իսկ մի քանի օրից էլ նրանց կթաղեն գիշերով՝ 2-3 հարազատի ներկայությամբ, ինչպես այս օրերին տեղի է ունենում հայկական հետախուզության հետ կապեր ունենալու համար կասկածվող զինվորականների հետ:
Ինչևէ, թղթե տնակ հիշեցնող ադրբեջանական պետականությունը կանգնած է լրջագույն ցնցումների առաջ: Թե արտաքին, թե ներքին ոլորտում կուտակված խնդիրները և դրանց լուծման պրիմիտիվ փորձերը ստեղծել են մի այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ, երբ ամեն կայծը կարող է լրջագույն պայթյունի պատճառ դառնալ: Ալիևի վարչակազմը միգուցե և արդյունավետ կառավարում էր պետությունը, երբ համաշխարհային շուկայում մեկ բարել նավթը վաճառվում էր 100 դոլարով, և այդ նավթադոլարներով իրականացվող զենք-զինամթերքի ձեռքբերումով, տարատեսակ ֆորմուլամեկերով ու եվրատեսիլներով թոզ էր փչվում ժողովրդի աչքերին, հետևողականորեն փորձ էր արվում համոզել միջազգային հանրությանն, որ ինքն ավելի ուժեղ է, քան Հայաստանն ու Արցախը: Բայց ներկայից իրողություններն այլ են, Ադրբեջանի լավագույն տարիները թիկունքի հետևում են, իսկ իշխանությունը չունի ինտելեկտուալ, կամային և բարոյական ռեսուրսներ ոչ Ղարաբաղի հարցում կտրուկ և կոնկրետ քայլեր ձեռնարկելու, ոչ էլ ֆինանսական ճգնաժամը կառավարելու, առավել ևս՝ հաղթահարելու համար: Մեզ մնում է սպասել և ուշիուշով հետևել միջկլանային պայքարի ահագնացմանը: Ով գիտե, միգուցե և Ադրբեջանի սիրիականացումը սարերի հետևում չէ…
Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ