Կան մարդիկ, որոնց ընդունված է կոչել «կենդանի լեգենդներ», մարդիկ, որոնց մասին կենդանության օրոք բանաստեղծություններ են հյուսում, երգեր երգում և պատմում երեխաներին:
Մեր բազմադարյա պատմության ընթացքում նման անհատները քիչ չեն եղել մեր ազգում:
Բոլոր ժամանակներում ազգի առաջ ունեցած նրանց վաստակը գնահատվել է ոչ թե կոչումներով ու շքանշաններով, որոնք հաճախ ուշացել են, երբեմն էլ ընդհանրապես չեն հասել հասցեատիրոջը, ոչ իշխանավորների արած գովեստներով և ոչ էլ կիսապաշտոնական օրգանի աղմկալի գովաբանությամբ: Նրանց վաստակի ամենաազնիվ ու արժեքավոր գնահատականը բոլոր ժամանակներում էլ եղել է հասարակ ժողովրդի` նրանց հանդեպ տածած անկեղծ սերը: Սերը, որ չես կարող գնել, չես կարող կեղծել և ուժով չես կարող գրավել: Սերը, որը կարող ես վաստակել միայն քո ժողովրդին, քո պետությանը, քո հայրենիքին անձնուրաց ծառայելով:
Ժողովրդի հիշողության մեջ այդպիսի մարդիկ եղել և մնում են Աղբյուր Սերոբը և Գևորգ Չաուշը, Անդրանիկը և Գարեգին Նժդեհը: Այդպիսի մարդ է նաև մեր սիրելի Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը` մեր լեգենդար Կոմանդոսը:
Վաստակաշատ ռազմական սպա, ով ծառայել է Աֆղանստանում, Գերմանիաում, Չեխոսլովակիայում և Բելառուսում, նա հեշտությամբ կարող էր պաշտոնաթող լինել, իր տարիներն անցկացնել Ռուսաստանի որևէ հանգիստ վայրում` շատ-շատերի պես, ինչ որ մի բանով զբաղվել իր այգում կամ ամառանոցում:
Բայց նա նախընտրեց ամբողջությամբ սուզվել պաշարված և մարտնչող Արցախի տագնապալից եռուզեռի մեջ` անելով դա ոչ թե հրամանով կամ հրավերով, այլ սրտի թելադրանքով և հայկական արյան կանչով:
Դրանք հերոս-ռոմանտիկների ժամանակներ էին, ովքեր, հանուն հայրենիքի, պատրաստ էին ցանկացած զոհաբերության, բայց չունեին ոչ ռազմական գիտելիքներ, ոչ անհրաժեշտ փորձ, ոչ էլ մարտական գործողություններ վարելու հմտություններ: Դժվարին իրադրության պայմաններում այդ տղաներից իսկական մարտիկներ պատրաստելը, ձեռքի անջատ-անջատ մատները հավաքելն ու թշնամու համար ահեղ ու մահաբեր բռունցք կազմելը գերխնդիր էր, որը կարող էր լուծել միայն իր գործի իսկական «ֆանատիկոսը»: Ֆանատիկոսն, իհարկե, դրական իմաստով:
Եթե Արկադի Տեր-Թադևոսյանի գործունեությունը Հայաստանում և Արցախում սահմանափակվեր միայն աշխարհազորականներին սովորեցնելով, կադրեր պատրաստելով և պրոֆեսիոնալ զինվորական աշխատանքով, արդեն իսկ կարելի էր հիանալ այդ անձնավորությամբ: Բայց Կոմանդոսն այն մարդն է, ով մշակել և իրագործել է հայկական բնակավայրերի ազատագրման և Արցախի տարածքում տեղակայված թշնամու կրակակետերի ու հենակետերի ճնշման մի շարք փայլուն ռազմագործողություններ: Մեր փառավոր զորավարի ռազմական տաղանդի գագաթնակետը դարձավ Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման հայտնի «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը: Եվ Կոմանդոսի ու մեր մյուս փառավոր հրամանատարների ղեկավարությամբ` հայ զինվորն այդ «Հարսանիքը» փայլուն խաղաց` ստիպելով այդ գործողությունը ներառել բազմաթիվ երկրների զինվորական գործի մասին դասագրքերում:
Շատ բան կարելի է պատմել Արկադի Տեր-Թադևոսյանի, նրա փառավոր ռազմական ուղու, արած գործերի, արժանիքների, ռազմական պագևների, նրա ներկայիս գործունեության, Հայաստանի ԴՈՍԱԱՖ-ի ղեկավարի պաշտոնում նրա գործի, այսօրվա երիտասարդության հետ նրա դաստիարակչական-հայրենասիրական գործի, նրա մարդկային որակների` այդ թվում իր ընտրած գործին անհավատալի նվիրվածության մասին:
Բայց բառերն ընդամենը բառեր են: Իսկ Արկադի Տեր-Թադևոսյանի հանդեպ վերաբերմունքի իսկական չափանիշը հանդիսանում է նրա հանդեպ ժողովրդի տածած սերը:
Մի պահ մտածում ես. եթե մեր քաղաքագետներն իրենց աշխատանքը մեր Կոմանդոսի աշխատանքի արդյունավետության գոնե կեսի չափով արդյունավետ անեին, եթե կարողանային մեր հաղթաբեր Զինվոր-ազատարարների պայքարը ամրապնդել հստակ ազգային ուղղվածություն ունեցող փաստաթղթերով, հայ խոսքը վաղուց կհնչեր Գանձակում և Ոսկանապատում, Կարսում և Սուրմալուում:
Այսօր, Մեր ռազմական գեներալի ծննդյան օրը ուզում եմ նրան ամուր առողջություն, հիանալի տրամադրություն, ռազմական ավյուն մաղթել և ցանկանում եմ, որ նրա բոլոր պլաններն իրականություն դառնան:
Խորին հարգանքներս Ձեզ, Արկադի Իվանովիչ` այն ամենի համար, ինչ արել եք և անում եք և, ուղղակի, նրա համար, որ կաք, մեր կողքին եք:
ՊԱՆԴՈՒԽՏ