Անդրկովկասյան թուրքերի փորձերը՝ «թրքացնել» Հայաստանի և տարածաշրջանի պատմական գործիչներին – Առաջին մաս

Անդրկովկասյան թուրքերի (այսուհետև՝ անդրթուրքեր) կազմած, բազմիցս հիշատակված «Mea culpa…» ժողովածու-կեղծարարության մեջ այնքան շատ են սուտը, հերյուրանքն ու աղավաղումները, որ բնական հարց է առաջանում. հոգեպես առո՞ղջ են, արդյոք, այդ անմտությունը կազմողները: Պատասխանը միանշանակ է՝ ոչ:

Այդ հանճարեղ բթությունը կազմողները մի տեղ հավաքել են այստեղից-այնտեղից քաղած նյութեր, որոնք հիմնականում կապ չունեն միմյանց հետ, բայց խեղաթյուրումների և շինծու մեկնաբանությունների միջոցով օգտագործվում են Հայաստանի և տարածաշրջանի պատմությունը կեղծելու համար: Այդտեղ կարելի է գտնել տարբեր հեղինակների՝ սկսած անտիկ շրջանից և վերջացրած հայ բոլշևիկների և գիտնականների, խեղաթյուրված և որոշակի միտումով մեկնաբանված քաղվածքներ: Ըստ որում, որոշակի քաղվածքներ հետապնդում են հստակ նպատակ: Ես կանդրադառնամ այն քաղվածքներին, որոնցում անդրթուրքերը նպատակ են դնում «թրքացնել» հայոց և տարածաշրջանի պատմական դեմքերին: «Թրքացման» մեկ քաղվածքը գտնվում է 57-րդ էջում, որտեղ հիշատակվում է «անտիկ հեղինակ Հուլիոս Կապիտոլիումը»(1):

Ահա այդ քաղվածքի բնագիրը. «Արտաշից հետո իշխանությունն անցավ նրա որդուն, Արտավազին: Անտիկ հեղինակ Հուլիոս Կապիտոլիումը նրան անվանում է Արտաբաստ: Հին թյուրքերեն լեզվով այդ անունը կազմված է «արդա», ինչը նշանակում է՝ աշխույժ, կենսուրախ, ժիր, արագ, ինչպես նաև «բաս»՝ պարագլուխ, բառերից: Դա ասում ենք ոչ թե մենք, դա ասում է հայտնի հայ գիտնական Սևորտյանը(2):

Այս քաղվածքը բազմաստիճան կեղծարարության օրինակ է: Նախ, ովքե՞ր են Արտաշը և Արտավազը, որտեղի՞ց հայտնվեցին նրանք: Երկրորդ, ինչու՞ «Կապիտոլիումը» Արտավազին չի անվանում Արտավազ, այլ անվանում է Արտաբաստ: Երրորդ, որտեղի՞ց հայտնվեց «արդա» բառը: Առաջին և երրորդ հարցերը կպարզվեն մի փոքր ուշ: Իսկ երկրոդ հարցի պատասխանը գտնում ենք քաղվածքի երրորդ նախադասության մեջ. «Հին թյուրքերեն լեզվով այդ անունը կազմված է «արդա», ինչը նշանակում է՝ աշխույժ, կենսուրախ, ժիր, արագ, ինչպես նաև «բաս»՝ պարագլուխ, բառերից»:

Ահա թե ինչ. «Կապիտոլիումը» Արտավազին անվանում է Արտաբաստ, որպեսզի անդրթուրքերը կարողանան բացատրել այդ անվան թյուրքական ծագումը: Եվ դա հաստատում են ոչ թե անդրթուրքերը, այլ (ծանրակշռության համար – Ս.Ս.)՝ «հայտնի հայ գիտնական Սևորտյանը»:

Կրկնում եմ, ովքե՞ր են Արտաշը, Արտավազը, որը դարձել է Արտաբաստ: Ինչու՞ է բացատրվում չգիտես որտեղից առաջացած «արդա» բառը և ոչ՝ «արտա»-ն` Արտաբաստ անվան մեջ, և ու՞ր չքվեց «տ» տառը «բաստ» բառից: Սակայն անդրթուրքերի համար ի՞նչ նշանակություն ունեն այնպիսի մանրուքները, ինչպիսին են նոր ծլած «արդա» բառը կամ անհետացած «տ» տառը, երբ հարկավոր է «ապացուցել» Արտավազի, նույն ինքը՝ Արտաբաստի, «թյուրքական ծագումը»:

Սակայն, պետք է հիասթափեցնեմ անդրթուրքերին. անտիկ աշխարհում գոյություն չի ունեցել Հուլիոս Կապիտոլիում անունով հեղինակ: Հուլիոսը (Julius) հռոմեական անուն է (nomen), իսկ Կապիտոլիումը (Capitolium) բլուր է Հռոմում, ուր գտնվում են Յուպիտերի, Յունոնայի և Միներվայի տաճարները: Իսկ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում, Կապիտոլիումը (անգլ. Capitol) կոնգրեսի շենքն է:

Հեղինակի իրական անունը, որը անդրթուրքերը, սովորության համաձայն, աղավաղել են, Հուլիոս Կապիտոլինոս (Julius Capitolinus) է: Նա հռոմեական կայսրների մասին «Օգոստոսների կենսագրությունը» (Historiae Augustae) աշխատության վեց հեղինակներից մեկն է: Հուլիոս Կապիտոլինոսն ապրել է III դ. վերջին և IV դ. սկզբին:

Նա գրել է հռոմեական տասնչորս կայսրների՝ Անտոնինոս Պիոսի, Մարկոս Ավրելիոսի, Լուկիոս Վերոսի, Հելվիոս Պերտինաքսի, Դիդիոս Հուլիանոսի, Կլոդիոս Ալբինոսի, Օպիլիոս Մակրինոսի, երկու Մաքսիմինոսների, երեք Գորդիանոսների, Պուպիենոս Մաքսիմոսի և Կալվիոս Բալբինոսի կենսագրությունները: Ես կարդացի այդ կայսրների կենսագրությունները: Եվ, իհարկե, նրանցում ակնարկ անգամ չկա ո՛չ Արտաշի, ո՛չ Արտավազի, և ո՛չ էլ Արտաբաստի մասին: Եվ չէր էլ կարող լինել, որովհետև հայ և պարթև Արշակունիների արքայացանկերում, II-III դդ. (Կապիտոլինոսի նկարագրած ժամանակաշրջանը), չկա ո՛չ Արտաշ, ո՛չ Արտավազ, և ո՛չ Արտաբաստ: Սակայն Օպիլիոս Մակրինոսի (կայսր 217-218 թթ.) կենսագրության մեջ, ես հանդիպեցի հիշատակություն Արտաբանի մասին (Macrinus, 8, 3, ուղղական հոլովում՝ Artabanus): Այնտեղ խոսքը գնում է Պարթևաստանի արքա Արտավան V-ի (մոտ 209-224 թթ.) մասին:

Հիշեցնեմ. կեղծարարները, իրենց հերյուրանքներին կշիռ տալու նպատակով, Կապիտոլինոսի հնարովի նյութը հղում են Սևորտյանին, իբրև հայ գիտնականի և նրա «Թյուրքական լեզուների ստուգաբանական բառարանը»: Անդրթուրքերը հղում են կատարում Սևորտյանին ոչ միայն նրա համար, որ նա այդ բառարանի հեղինակն է, այլև նրա համար, որ նա ազգանունով հայ է, իսկ «Mea culpa…»-ի նյութերը, ըստ անդրթուրքերի գաղափարի՝ հայ ընտրախավի խոստովանությունն են: Այլ խոսքերով, տվյալ դեպքում «հայը հաստատում է Արտաբաստի թուրք լինելը»: Պետք է նշել, որ Սևորտյանը հայ գիտնական չէ, այլ՝ խորհրդային. դրանք տարբեր հասկացութուններ են: Վիլյամ Սարոյանը հայ գրող չէ, այլ՝ ամերիկյան:

Բնականաբար, աչքի անցկացրի այդ բառարանի 1-ին հատորը: 172-173 էջերում, ուր հղում են մոլագար խեղաթյուրողները, չկա ո՛չ «արդա» բառը և, առավել ևս, ո՛չ «բաս» բառը, որը չէր էլ կարող լինել 1-ին հատորում:

«Արդա»-ի փոխարեն, այդ էջերում բացատրվում է «արդակ» բառը, որը նշանակում է փափկասուն, հանդարտ, տգետ ևն: Քաղվածքի «բաս» բառի մասին խոսելն ավելորդ է և անիմաստ է դրա վրա ժամանակ ծախսելը, առավել ևս, որ ձեռքիս տակ չունեմ այդ բառարանի համապատասխան հատորը: Սակայն դրանից ոչինչ չի փոխվում. կեղծարարությունն ակնհայտ է: Այդպիսով, անդրթուրքերը կեղծում են նաև այդ բառարանը, իսկ Սևորտյանը գաղափար անգամ չունի Արտաբաստի մասին:

Արտավան անվան նշանակության մեջ պարզություն մտցնելու համար դիմենք իսկապես հայ գիտնական Հ. Աճառյանի «Հայոց անձնանունների բառարան»-ին: Արտավան (Արտաւան) անունն առաջացել է հին պարսկերեն Artabānu-ից, որը նշանակում է «արդարություն ճառագայթող»(3): Հին հունական սկզբնաղբյուրներում այդ անունը հանդիպում է Αρτάβανος (ինչպես Հերոդոտոսի մոտ է), Αρταβάνης (ժամանակակից Հունաստանում Αρταβάνης-ը հունական ազգանուն է) ձևերով, լատիներեն սկզբնաղբյուրներում՝ Artabanus ձևով, ինչպես Հուստինոսի, Տակիտոսի և այլոց մոտ:

Թեև Կապիտոլինոսի մոտ ակնարկ անգամ չկա Արտավազի և Արտաբաստի մասին, տեսնենք, ի՞նչ է նշանակում այդ անվան ճիշտ՝ Արտավազդ ձևը: Հ. Աճառյանի հիշատակված բառարանում (էջ 310) նշվում է, որ Արտավազդ (Արտաւազդ) անունն առաջացել է հին պարսկերեն Artavazdah-ից (պահլավերեն՝ Artavazd), որը նշանակում է «որի արդարությունը հաստատուն է (կամ տևական) է»: Հին հունական սկզբնաղբյուրներում այդ անունը հանդիպում է Αρταουάσδης, Αρτάβασδος, լատիներեն սկզբնաղբյուրներում՝ Artavasdes, Artoasdes ձևերով:

Ինչպես երևում է Արտավան և Արտավազդ անունների գիտական բացատրություններից, նրանց նշանակությունները, բնականաբար, ընդհանուր ոչինչ չունեն թյուրքական բառերի հետ:

Այսպիսով, անդրթուրք կեղծարար-խեղաթյուրողները, տարածաշրջանի պատմական գործիչներին «թրքացնելու» համար, հնարում են II-III դդ. գոյություն չունեցող անձանց անուններ (Արտաշ, Արտավազ), և այդ կեղծիքը բարձրացնում են նոր աստիճանի՝ հնարելով ոմն Արտաբաստի, որի մասին իբրև թե հիշատակում է հռոմեացի պատմագիր Կապիտոլիումը (հիշեցնեմ, ճիշտն է՝ Կապիտոլինումը) և «հիմնավորելու համար այդ անվան թյուրքական ծագումը»՝ հղում են «Թյուրքական լեզուների ստուգաբանական բառարան», կեղծում են նաև այդ բառարանը՝ «արդակ»-ը հարմարեցնելով «արդա»-ին, մոռանալով, որ քաղվածքում խոսք էր գնում (Արտա)բաստի մասին և ոչ՝ (Արդա)բաստի:

Տասնչորս կայսրների մասին Հուլիոս Կապիտոլինոսի աշխատության ուսումնասիրությունը, հայ և պարթև պատմական անձնավորությունների անունների բացատրությունը, բացահայտում են անդրթուրքերի կեղծիքը, հիվանդ երևակայությունը և հերյուրանքներն այն մասին, թե իբր եղել է ոմն հեղինակ՝ Կապիտոլիում անունով, ով հաղորդում է թյուրքական ծագում ունեցող ինչ-որ Արտաբաստի մասին:

Միայն մտագար, հոգեպես հիվանդ, հայերի հանդեպ չար ատելությունից և նախանձից կուրացած, իրենց գոյությունը «հնացնելուն» ձգտող անդրկովկասյան թուրքերը կարող են հորինել նման բան: Սակայն պետք չէ զարմանալ. չէ՞ մենք գործ ունենք անդրթուրքերի հետ, որոնք կեղծ են ամեն ինչում:

Սեդրակ ՍԱՅԱՍ

Շարունակելի
—————————–
1. Խեղաթյուրումների «Mea culpa…»խառնակույտը (խմբագիրներ՝ Ատամօղլան Մամմադլի, Նուրիդա Ալլահյարովա) համացանցում տեղադրված է տարբեր հասցեների տակ: Դրանք կարելի է գտնել, փնտրելով՝ Mea culpa признание армянской элиты հարցադրումով: Այդ պատճառով, իմ նշած էջը կարող է չհամընկնել այն էջին, որը կգտնեք համացանցում: Ես նշում եմ անդրթուրքերի հանճարեղ ապուշության հինգլեզվանի տարբերակի էջը:
2. Севортян Э.В. Этимологический словарь тюркских языков, т.1,М.., 1974, с. 172-173».
3. Հ. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, Երևան, 1942, հ. 1, էջ 316:

 

Կապված նյութեր