Մայիսի 15-ին օրը ցերեկով թշնամին, կիրառելով Spike տիպի իսրայելական արտադրության կառավարվող հրթիռ, շարքից հանել է Արցախի ՊԲ-ին պատկանող «Օսա» զենիթահրթիռային մեկ համակարգ: Բարեբախտաբար, մեր զինծառայողներից ոչ մեկը չի տուժել:
Ինչպես երևում է, «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակում, որը ստեղծվել է արցախա-ադրբեջանական սահմանին, մարդկային և տեխնիկայի կորուստները, ցավոք սրտի, անխուսափելի են: Այլ հարց է, թե ինչպես դրանք հասցնել նվազագույնի:
Չեմ ուզում անդրադառնալ այս միջադեպի մանրամասներին: Դրա համար կան մասնագետներ: Կցանկանայի այսօր ուրիշ բանի մասին խոսել:
Փաստը մնում է փաստ. հետպատերազմական ամբողջ ընթացքում մենք եղել ենք և կանք բացառապես «մարտահրավերներին պատասխանողի» դերում` ինչպես հիմա դա ընդունված է ասել: Ինչու է որոշվել թշնամու հետ փոխհարաբերություններում հենց նման մարտավարություն ընտրել, անձամբ ինձ բոլորովին անհասկանալի է: Առավելևս, որ արդեն վաղուց համոզվել ենք դրա ցածր արդյունավետության մեջ: Ալիևյան ռեժիմի համար մեր պատասխան գործողությունները կաթիլ են ծովի մեջ: Նրա համար ասկյարները ծառայում են որպես թնդանոթի ձրի միս, իսկ հակահայկական հոգեկան հիվանդությունը և սահմանին մշտական լարվածությունը մնում են` համատարած բոլոր բնագավառներում ներքին խնդիրներից տեղի հասարակ ժողովրդի ուշադրությունը շեղելու միակ տարբերակը: Իսկ մեր կորուստները, չնայած սահմանային ենթակառուցվածքների պարբերական բարելավմանը, տարեցտարի շարունակում են աճել:
Իմիջիայլոց, արդեն վաղուց հաստատակամորեն կոչեր են հնչում` «պատասխան գործողությունների» մարտավարությունը թշնամու կրակակետերի ճնշմամբ և կանխարգելիչ հարվածներ հասցնելով փոխելու մասին: Ի դեպ, այդ կոչերն ինչ-որ դիլետանտների շուրթերից չեն հնչում, որոնք գլուխ չեն հանում ռազմական գործից: Դրանք հնչեցնում են զինվորականները, ովքեր կոնկրետ հաղթական գործողություններով ապացուցել են իրենց բարձրագույն պրոֆեսիոնալիզմը, ինչպիսիք են օրինակ` Արկադի Տեր-Թադևոսյանը` լեգենդար Կոմանդոսը.
«Ես, բնավ, ռազմական գործողությունները վերսկսելու կոչ չեմ անում: Որպես ռազմական գործիչ` ես առաջարկում եմ ճիշտ պլանավորված, նպատակաուղղված հարվածներ հասցնել և շփման գծի վրա գերիշխող դիրք գրավել: Եթե մենք դա չանենք, ադրբեջանական կողմը շփման գծի վրա մշտապես կբորբոքի իրավիճակը»,- հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է նա: Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով` սահմանին անընդհատ լարվածություն պահելով` թշնամին այդպես փորձում է լարվածության մեջ պահել հայ հասարակությանը` այն դեպքում, երբ Ադրբեջանի զինված ուժերը անկարող են մարտական առաջադրանքներ կատարել, որի վկայությունը հանդիսանում են ինչպես ձախողված դիվերսիաները, այնպես էլ անցած տարվա ապրիլին բլից-կրիգի փորձի լիակատար տապալումը:
«Որպես ռազմական գործիչ` ես գտնում եմ, որ ճիշտ չէ նստել և սպասել, թե երբ Ադրբեջանը կձեռնարկի հերթական դիվերսիան: Անհրաժեշտ է կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել: Ժամանակակից տեխնիկական ռեսուրսները և տեղանքի մասին մեր ունեցած գիտելիքները մեզ թույլ են տալիս անել դա»,-շարունակում է Կոմանդոսը: Եվ նա լավ գիտի` ինչ է ասում: Քանի որ իր մշակած «Հարսանիք լեռներում» փայլուն ռազմագործողությունը, որն իրականացվել է Արցախի մայրաքաղաք Շուշին յոթանասունամյա թուրքական գերությունից ազատելու համար, մեծ հաշվով, կանխարգելիչ էր: Բառացիորեն նույն օրերին թշնամին Ստեփանակերտի վրա լայնամասշտաբ հարձակում էր ծրագրել` Ղարաբաղյան հարցը` հօգուտ իրեն վերջնականապես լուծելու համար: Գործողությունը, որը տեղ-տեղ ուղեկցվել է, Շուշիի բանտի պատերի պես ուղղաձիգ ժայռեր բարձրանալով, այնքան է շշմեցրել անդրկովկասյան թուրքերին, որ նրանք, գերսպառազինված լինելով, մի քիչ հետո անընդունակ էին կազմակերպելու Լաչինի (Բերձորի) պաշտպանությունը և ամոթալի փախուստի են դիմել: Սուվորովն անտեղի չի ասել` թուրքին ստիպիր փախչի և նրան արդեն չես կանգնեցնի:
Իսկ հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող էր լինել, եթե այդ տարիներին մենք, ինչպես այսօր, «պատասխան հարվածի» մարտավարություն որդեգրեինք և սպասեինք Ստեփանակերտի վրա թշնամու վերջնական հարձակմանը…
Թշնամու` կենդանի ուժով և տեխնիկայով անընդհատ գերակշռության պայմաններում կանխարգելիչ հարվածները մեր օրերի ինչ-որ գյուտ չէ: Նման մարտավարություն մի անգամ չէ, որ թշնամու հետ մարտերում կիրառել են մեր ազգային հերոսները: Օրինակ` 1920թ. հոկտեմբերի 10-ին մեծ զորավար և ազգային գործիչ Գարեգին Նժդեհն ընդամենը 50 հոգով գիշերային հանկարծակի հարվածի արդյունքում փախուստի է մատնել Կապանը գրաված ռուս-թուրքական զորամասին, ինչն էլ դարձավ ամբողջ Սյունիքում հակաբոլշևիկյան ամսպամբության կոչ: Ճիշտ նույն ձևով, շեշտակի և կոշտ հարձակումներով իր ժամանակին գործել է նաև հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Համազասպը` սեփական օրինակով ապացուցելով, որ մի քանի հայ ֆիդայիներն ի զորու են` թշնամուն սարսափ ներշնչելով, գրավել ամբողջ Ադրբեջանը: Նիկոլ Դումանի ջոկատը Բաքվում հենց այդ սկզբունքով է գործել, ինչը հանգեցրեց նրան, որ 1905թ. այդ ապականված քաղաքում հայերի կոտորածը սկսեցին անվանել հայ-թաթարական:
Ավելին ասեմ: Հարգանքի տուրք մատուցելով մեր տղաների հիշատակին, ովքեր Ապրիլյան պատերազմի ընթացքում կռվել են ամեն մի դիրքի համար` առավելևս, չեմ կարող չնշել, որ մեր հաղթանակը ապահովել են հենց հեռահար հրետանու կանխարգելիչ հարվածները` ճշգրտությամբ հասցված թշնամու` Ակնայի (Աղդամի) ուղղությամբ կուտակված ռազմական տեխնիկային: Դրանից հետո կասպիական բռնապետը արցունքներն ու փսլինքը սրբելով ` ճիշտ այնպես, ինչպես 1994թ. հայրը, նետվել է` պոկելու մոսկովյան հեռախոսի լսափողը: Հանուն արդարացված հպարտության, հանուն մեր զոհված և կենդանի հերոսների` Ապրիլյան պատերազմի այդ կարևոր դեպքի մասին մեզ մոտ ընդունված չէ խոսել, քանի որ հակասում է տխրահռչակ «պատասխան հարվածների» քաղաքականությանը:
Եվ կրկին` Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքերից.
«Ես միշտ ասել եմ, որ պետք չէ Ադրբեջանի կողմից հարված սպասել, որպեսզի պատասխան հարված հասցվի: Դա թույլատրում է նաև ՄԱԿ-ի Կանոնադրությունը. «Եթե տեսնում ես, որ հարձակում է նախապատրաստվում, կարող ես ինքդ կանխարգելիչ հարված հասցնել: Ես ունեմ քարտեզ, որի վրա նշված են 12 կետեր, որոնք բնակեցված չեն, բայց այդտեղ կարևոր ինժեներական ենթակառուցվածքներ են տեղակայված, և եթե հարվածենք այդ կետերի վրա, կարելի է զգալի վնաս հասցնել: Դրանք էլեկտրակայաններ են, գազատար խողովակներ, նավթատար խողովակներ: Դա նաև Մինգեչաուրի ջրամբարն է, երկու հզոր էլեկտրական կայաններ, որոնք ապահովում են Ադրբեջանի բնակչության 40 տոկոսին, Բաքվի մոտակայքում գտնվող նավթահորերը: Այսինքն` եթե հարված հասցվի դրանց, ոչ թե Բաքվին, ապա մարդիկ չեն զոհվի, փոխարենը կոչնչացվեն ռազմավարական օբյեկտները, ինչը կարող է սթափեցնել նրանց: Մենք իրավունք չունենք երկրորդ հարձակումը և նոր ապրիլյան դեպքեր թույլ տալու»: Եթե Ադրբեջանը մտադիր է հարձակվել, ապա միջազգային իրավունքը թույլ է տալիս կանխարգելիչ հարված հասցնել»:
Ենթադրում եմ, որ առարկություններ կլինեն. իբր, իսկ միջազգային հանրության արձագա՞նքը: Իսկ, վերջին հաշվով, ինչո՞ւ մենք պետք է անհանգստանանք միջազգային հանրության արձագանքի համար, որը երկար տարիներ լուռ, մատների արանքով է նայել և անգամ ակտիվ ձևով ծածկել է բաքվեցի երկարաքիթ բռնապետի «չարաճճիությունները»` այդ թվում և` Հաագայի տրիբունալին արժանի ռազմական հանցագործությունները: Եթե միջազգային հանրությունը, ինչպես 90-ական թվականներին, ի վիճակի չէ քաշել նրա սանձերը, ապա հայ զինվորը հաճույքով կրկին կկատարի այդ առաջադրանքը…
ՊԱՆԴՈՒԽՏ