Թուրքիան դեպորտ է անում ֆրանսիացի լրագրողին

Ֆրանսիացի ֆոտոլրագրող Մատիաս Դեպարդոն, ով երկուշաբթի օրը ձերբակալվել է Թուրքիայի հարավ-արևելյան` Բաթման արվարձանում լուսանկարներ անելու ժամանակ, դեպորտ կարվի երկրից:

Համաձայն DHA լրատվական գործակալության հաղորդագրության, սոցցանցերում Քրդստանի Աշխատավորական կուսակցության քարոզչությունը տարածելու մեջ մեղադրվող Դեպարդոնին թուրքական դատարանը ազատ է արձակել: Դատարանի որոշումից հետո Դեպարտոնը հասցվել է Օղուզելի շրջանում գտնվող Այնթափի ներգաղթային վարչություն, որպեսզի դեպորտ արվի:

Ֆրանսիացի լրագրողի փաստաբանները դեպորտ անելու մասին որոշումը չեղարկելու միջնորդություն են ներկայացրել:

«Լրագրողներ առանց սահմանների» թուրքական բաժանմունքի ներկայացուցիչները նախօրեին կոչ են արել անհապաղ ազատ արձակել Դեպարդոնին:

Մատիաս Դեպարդոն, ով ապրում է Կոնստանդնուպոլսում, համարվում է անկախ լուսանկարիչ: Նրա աշխատանքները հրապարակվում են The Wall Street Journal և Le Monde պարբերականներում:

Ապրիլի 9-ին հարավթուրքական Հաթայ արվարձանում անվտանգության ծառայության կողմից ձերբակավել է ANSA լրատվական գործակալության իտալացի լրագրող Գաբրիելե դել Գրանդեն: Ապրիլի 25-ին թուրքական դատարանը նրան ազատ է արձակել:

Դել Գրանդեն հարցազրույց էր վերցրել սիրիացի փախստականներից` իր` պատերազմի և ԻԳԻԼ-ի կազմավորման մասին պատմող գրքի համար:
Անցած տարվա նոյեմբերին ֆրասիացի լրագրող Օլիվյե Բերտրանը ձերբակալվել էր  հարավ-արևելյան արվարձան Այնթափում և երեք օր անց Փարիզի կողմից գործադրված դիվանագիտական ջանքերից հետո դեպորտ արվել:

2016թ. վերջին The Wall Street Journal -ի Կոնստանդնուպոլսոի թղթակիցը Դոն Նիսսենբաումը ԻԳԻԼ-ի զինյալների կողմից հրկիզված թուրք զինծառայողների մասին նյութի համար ավելի քան երկու օր անցկացրել է կալանքի տակ` առանց արտաքին աշխարհի հետ կապի:

Այս տարվա հունվարին The New York Times ապրբերականը հայտնել է, որ Թուրքիան, առանց պատճառաբանության, իր հին լրագրողներից մեկին` Ռոդ Նուրլանդին, արգելել է մուտք գործել Աթաթուրքի անվան օդանավակայան:

Գերմանական Die Welt թերթի աշխատակից Դենիս Յուսելը Թուրքիայում նախնական կալանքի տակ է գտնվում փետրվարի 27-ից` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, էներգետիկայի նախարար Բերատ Ալբայրաքի էլեկտրոնային փոստը ջարդելու մասին հրապարակումների հետաքննության շրջանակում:

Ապրիլին թուրքական կառավարությունը հրաժարվել է վերականգնել գերմանացի լրագրող Ռաֆայել Հեյհերի հավատարմագրումը` Էրդողանին, իբր, զրպարտող նյութի համար:

Վերջին տարիներին Թուրքիայում աճել են արտասահմանցի լրագրողների հանդեպ ճնշումները, և նրանք հաճախ դառնում են ինչպես թուրքական կառավարության, այնպես էլ կառավարամետ լրագրողների թիրախ:

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր