Ադրբեջանցի լրագրող Անար Հասանովը, լինելով առաջին գծում, խոստովանում է, որ Հայաստանում ու Ադրբեջանում բանակի հանդեպ վերաբերմունքի հսկայական տարբերություն կա։
«Հայերն այդ կարևորագույն հարցում միշտ մի գլուխ բարձր են եղել մեզնից»,- գրում է վերջերս Lider TV-ից հեռացված Հասանովը: Նա նշում է, որ Ապրիլյան պատերազմից հետո ամբողջ ճակատամերձ գոտին համալրվել է տեսահսկման սարքերով: «Սփյուռքի աջակցությամբ ձեռք բերված այդ սարքերի օգնությամբ ադրբեջանցի 5 զինվոր է թիրախավորվել ու սպանվել դիպուկահարների կողմից»,- ասում է Հասանովը: – Ահա թե որն է բանակի կյանքում սփյուռքի մասնակցության արդյունքը»:
Հաջորդիվ Հասանովն անդրադառնում է Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի գործունեությանը (ավելի ճիշտ` անգործությանը):
«Հարցս ուղղում եմ նրանց, ովքեր կարծում են, որ Ռուսաստանում ուժեղ ադրբեջանական համայնք կա` ի դեմս Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի (ՀԱԿ): Ապրիլյան պատերազմի ընթացքում ՀԱԿ-ի նախագահության անդամներից գոնե մեկը հայկական սփյուռքի ղեկավար Ա. Աբրահամյանից օրինակ վերցրե՞լ է, ով Հայոց բանակին փոխանցել է 100 հազար դոլար: Չէ՞ որ նա ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարի կամքի դեսպան է` չհաշված այն, որ ընդգրկված է նախագահին կից գործող միջազգային խորհրդի կազմում, իսկ վերջերս էլ հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ազգային դիվանագիտության ակտիվ մասնակից էր: Պատասխան չկա, չի էլ կարող լինել, որովհետև մեր պետության և նրա գլխավոր երաշխավորի` բանակի, հանդեպ սերը, Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսում և սփյուռքի այլ կազմակերպություններում դեռևս բանաստեղծությունների և բաժակաճառերի մակարդակում է և ոչ ավելին: Իսկ ընդդիմախոսներն իրենց բանակի հանդեպ սերն ապացուցում են մասնակցությամբ»:
Իսկ ամենասարսափելին այն է, որ ռուսաստանաբնակ ադրբեջանցիների սփյուռքի կառույցում, օրինակ` նույն այդ Կոնգրեսի նախագահությունում, մինչև 2016թ. դեկտեմբերի 28-ը չկար Ղարաբաղյան պատերազմի ոչ մի մասնակից` այն դեպքում, երբ Ռուսաստանում ապրում են ավելի քան 100 արժանավոր ադրբեջանցիներ, ովքեր ունեն առաջին ղարաբաղյան պատերազմի մասնակցի քարտ: Եվ նախագահության կազմում ընդունել են Ղարաբաղյան պատերազմի միակ մասնակցին` նրա համար, որ նա համարվում է հարուստ համերկրացիներից մեկը», – եզրափակում է Հասանովը:
ՊԱՆԴՈՒԽՏ