Թուրքիան ոչինչ չի կորցրել… Ամբողջ մնացյալ աշխարհը նույնպես:
Թուրքական և արտասահմանյան ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, իբր կիրակի Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեն երկիրը մեկ դար հետ է գցել, անհիմն խոսակցություններ են: Թուրքիայի հետ ամեն ինչ լավ է: Ուղղակի այնտեղ որոշել էին իրավաբանական ձևակերպում տալ այն մոտեցումներին, որոնք միշտ իշխում էին թուրք ժողովրդի և հասարակության մտքում: Ուրիշ ոչինչ:
Մի՞թե նախքան հանրաքվեն այնտեղ ժողովրդավարություն եղել է: Այն աշխարհիկ պետությո՞ւն էր: Նրանք խաղաղության և հաշտությա՞ն էին ձգտում: Ի՞նչ է եղել Թուրքիայում, որ սպառնալիքի տակ է հայտնվել: Եվ ինչո՞վ է տարբերվել Մուստաֆա Քեմալի Թուրքիան Օսմանյան կայսրությունից, իսկ վերջինս` ներկայինից: Իրական և ոչ ցուցադրական տարբերությունների մասին է խոսքը:
Թուրքական արտաքին ու ներքին քաղաքականության հետևողականությունը հենց այն գործոնն է, որին կարելի է նախանձել: Ե´վ հիմա, և´ 20, և´ 100 տարի առաջ պանթուրքիզմը թուրքական հանրապետության գլխավոր նպատակն է եղել: Այս ամբողջ ընթացքում Թուրքիայի բնիկ ժողովուրդներն ու ազգային փոքրամասնությունները ենթարկվել են հալածանքների ու կոտորածների: Թուրքայի իշխանություները միշտ հետապնդել են քաղաքական ընդդիմադիրներին և երբեք չեն առաջնորդվել ժողովրդավարության և մարդու իրավունքների գաղափարներով: Այնպես որ, կորսված արժեքների համար ողբալու կարիք չկա: Դրանք ո´չ եղել են, ո´չ էլ կան:
Մեծ հաշվով, Թուրքիան պետք է գնար պետական կարգի փոփոխման ճանապարհով: Տարիներ տևած խոսակցություններն այն մասին, իբր կառավարման «թուրքական մոդելը» կարող է հիմք դառնալ Մերձավոր Արևելքի երկրների քաղաքական կարգի վերաձևման համար, ինչն, ի դեպ, Թուրքիայի իշխանություները նախքան Արաբական գարունը ակտիվորեն քարոզում էին Արևմուտքում, լիովին սին դուրս եկան: «Թուրքական մոդելը» արաբական երկրներին ոչ միայն երջանկություն չբերեց, այլև դարձավ արյունահեղ պատերազմների և Մերձավոր Արևելքում հեղափոխությունների ամբողջ մի շարքի պատճառ: Ավելին` այն սպառնալիք է դարձել նույն Թուրքիայի համար: Ընդ որում, հարվածներ էին հորդում ոչ միայն արտաքին աշխարհից, այլև` երկրի ներսից: Թուրքիան հայտնվել է պարտության եզրին և ակնհայտ էր, որ պետության իշխանությունները ստիպված կլինեն հրաժարվել ժողովրդավարության տարբեր ձևերից, եվրոպական ինտեգրման մտքերից ու ժամանակակից քաղաքակրթության այլ գրավչություններից: Այդ ամենը Թուրքիայի համար չէ, և Էրդողանը դա շատ լավ է հասկանում:
Հիմա ամեն ինչ իր տեղն է ընկնում: Թուրքիայի իշխանություններից ոչ ոք ոչ մի լավ բան չի սպասելու: Քաղաքակիրթ աշխարհի միությունը թուրքերի հետ չկայացավ: Իսկ Թուրքիայում կշարունակեն ձերբակալել ազատ մտածող լրագրողներին ու հասարակական գործիչներին: Կհետապնդեն քաղաքական ընդդիմադիրներին ու կվերացնեն քուրդ ժողովրդի առաջնորդներին: Ճիշտ այնպես, ինչպես միշտ են արել:
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ